Երևանի կենտրոնում ատրճանակով կրակել է շների վրա

ՀՀ ոստիկանությունը հայտնում է Երևանի կենտրոնում կենդանիների նկատմամբ դրսևորած դաժան վերաբերմունքի դեպքի մասին: «Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 2-ին օպերատիվ տվյալներ են ստացել, որ Աղայան փողոցի շենքերից մեկի բակում մի երիտասարդ կրակում է շների վրա:

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ ժամը 13.10-ին նշված վայրից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանները բերման են ենթարկել 32-ամյա տղամարդու, որի մոտից հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ:

Պարզվել է, որ նա իր շան վրա հարձակված թափառական շներին վախեցնելու նպատակով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, երկու անգամ կրակել է օդամղիչ ատրճանակից, որոնցից մեկը՝ շների ուղղությամբ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր»,- տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվության: 

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: 

Բացի այդ, հրազենի կիրառումը դրա համար օրենքով նախատեսված վայրերից և սահմանված կարգից դուրս ևս ապօրինի է: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․ 

Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով

Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:  

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում