«Սպանդ թե՞ փրկություն». Ի՞նչ է սպասվում Կենդանաբանական այգու կենդանիներին

«Երևանի կենդանաբանական այգում իրականացվել է բոլոր կենդանիների կլինիկական զննում, անկած և հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չեն հայտնաբերվել»,- այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում հայտնել է ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

Վերջինս մանրամասնել է. «Տարածքում գտնվող մյուս ուղտը և լաման ենթարկվել են թեստավորման՝ տուբերկուլինիզացիայի, տուբերկուլին աղտորոշիչ միջոցով: Ախտորոշման ռեակցիայի արդյունքը հայտնի կլինի մինչև 72 ժամ հետո: Արվել է տվյալ և հարակից տարածքների ախտահանություն, ոչնչացվել են խոտը և խնամքի պարագաները, սահմանափակվել է կենդանիների տեղաշարժն այդ տարածքում: Առանձնացվել է նաև խնամող անձնակազմը և ապահովվել անհատական պաշտպանիչ միջոցներով: Այգում այցելուների մուտքը դադարեցվել է նախնական 15 օրով, հետագայում, եթե հարկ լինի երկարացնելու, կերկարացնեն, եթե ոչ՝ կբացեն:

Այս պահին գործընթաց է ընթանում թռչունների և կապիկների համար տուբերկուլին ձեռք բերելու, որպեսզի հաջորդ փուլով նրանց էլ թեստավորում անեն»:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Երևանի կենդանաբանական այգին հայտնել է, որ անկած կենդանու մոտ հայտնաբերվել են տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ, որից հետո ԵԿԱ ժամանակավորապես փակվել է այցելուների համար: 

Անուշ Հարությունյանը նշեց, որ Կենդանաբանական այգին մնում ՍԱՏՄ հսկողության ներքո, կլինեն պարբերական այցելություններ:

Մեր հարցադրմանը, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում անկած կենդանու հետ նույն տարածքում գտնվող ուղտին, վերջինս պարզաբանեց. «Եթե թեստը տա դրական արդյունք, ապա կենդանին կենթարկվի հարկադիր սպանդի, իսկ եթե ոչ՝ կխնամեն: Ընկալունակ բոլոր կենդանիները թեստավորվելու են, այնուհետև կորոշվի հետագա ընթացքը»:

Մինչդեռ օրերս Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ, Համաշխարհային կենդանաբուժական ասոցիացիայի (WVA) զոոնոզ հիվանդությունների հսկողության և կանխարգելման փորձագետ Գրիգոր Գրիգորյանն ասուլիսի ընթացքում հայտնել է. «Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ տուբերկուլյոզը հայտնաբերվել է հունվարի 30-ին, հաստատվել է 31-ին, սակայն 6 օր մեր քաղաքացիներն իրենց երեխաների հետ միասին այցելել են Կենդանաբանական այգի, մինչև կարանտին հայտարարելը: Տեղյակ պահեմ, որ ցանկացած հազի ժամանակ ուղտերը և խոշոր եղջերավորները մոտ 12-17 մլն բակտերիա 3-5 մետր հեռավորության վրա դուրս են արտանետում, ինչը կարող է հանդիսանալ մարդու վարակման աղբյուր: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ուղտի մոտ հայտնաբերվել է մարդու տուբերկուլյոզի տեսակը, ինչը վկայում է, որ վարակը շատ հնարավոր է, որ փոխանցվել է մարդուց, բայց մենք հիմքեր ունենք պնդելու, որ կենդանաբանական այգու թռչունների շրջանում առկա է թռչնի տուբերկուլյոզի օջախ, որը նաև հանդիսանում է կենդանիների խաչաձև վարակի աղբյուր: Հանցավոր անգործության պատճառով 6 օր այցելուների համար կենդանաբանական այգին եղել է բաց և այցելուները,ինչպես նաև՝ աշխատողները, սպասարկող անձնակազմը, մասնագետները, ենթարկվել են տուբերկուլյոզի վարակման ուղղակի ռիսկի»:

Գրիգոր Գրիգորյանը նշել է նաև, որ տուբերկուլյոզի խնդրի մասին հնչեցրել է դեռևս 1-1.5 տարի առաջ. «Այգում գործում է ստացիոնար տուբերկուլյոզի օջախ: Այսօր մենք արդեն ունենք ուղտի անկում, ընդ որում երկրորդ ուղտը, որը պահվել է նույն վոլյերում, չի քնեցվել, ինչը պարտադիր է անել, քանի որ հնարավոր չէ, որ մեկ ուղտը վարակված լինի տուբերկուլյոզով և վարակված չլինի մյուսը»:

Ընդգծենք նաև, որ խնդրին մինչ այսօր չի անդրադարձել ՀՀ առողջապահության նախարարությունը և դեպքի մասին առկա չէ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն: Ավելին, ԵԿԱ պաշտոնապես հայտնել է կենդանու անկման և տուբերկուլյոզի մանրէների հայտնաբերման մասին միայն փետրվարի 5-ին, EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին /փետրվարի 4/ կենդանու անկման մասին հայտնի դառնալուց հետո միայն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում