«Ամուլսարի հարցում պետական շահը առաջնային է». Էրիկ Գրիգորյան

«Լիդիանի խնդրում «թայմ աո՞ւթ» է հայտարարված»,- Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց լրագրող և մեկնաբան Նվեր Մնացականյանը: 

«Չեմ կարող ասել, թե ինչ է հայտարարված, որևէ պաշտոնական ոչ այս, ոչ այն կողմից չկա: Մենք որոշակի գործառույթներ ունենք Լիդիանի հետ կապված, հիշում եք, որ այդ 13 կետով անհամապատասխանությունների վերաբերյալ փաստաթուղթ էինք ներկայացրել վարչապետին, դրա շրջանակներում այն, ինչ վերաբորվում է կամ կարելի է ուսումնասիրել, հետազոտել մեր կարողությունների շրջանակներում տարբեր փորձանմուշների մասով, մենք դա իրականացնում ենք, իսկ մնացած մասերով տվել ենք քննչական կոմիտեին, որպեսզի այն քրեական գործի շրջանակներում ուսումնասիրեն: Ըստ էության՝ դրանից ավել որևէ բան այս հարցի հետ կապված չեմ կարող ասել»:

Նախարարը մանրամասնեց, թե այդ կետերն իրենց բնույթով միգուցե օդեևութաբանական կամ զուտ բնապահպանական էին, բայց էական է, որպեսզի հայտնաբերվի տեղեկատվությունը, որը ներկայացվել է ընկերության կողմից, արդյո՞ք դա է ճշմարիտ, թե՞ այն ինչ այս հետազոտության շրջանակներում իրականացվել է: 

Հարցազրույթի ընթացքում Նվեր Մնացականյանը մեջբերեց նաև շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ ընկերությունը նախատեսում է վաճառել ծրագիրը, կատարել ներդրում, դիմել արբիտրաժ, ինչին Էրիկ Գրիգորյանն արձագանքեց. «Առանձին մասնավոր կազմակերպություն է, որը հայտարարել է իր գործունեության հետ կապված որոշակի քայլերի մասին, չեմ կարծում, որ ես՝ լինելով շրջակա միջավայրի նախարար, պետք է մեկնաբանեմ այդ ֆինանսական տարբեր հնարավոր ուղղությունները: Հավատացեք՛, բոլոր մեր քայլերում պետական շահը առաջնային և անկյունաքարային է, որով շարժվում ենք»: 

Հիշեցնենք նաև, որ օրերս Ամուլսարի հանքավայրի շահագորշման շուրջ առաջացած խնդրի մասին խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Այսօր էլ եմ կոչ անում բացել ճանապարհը և համարում եմ մեր հայրենակիցների գործողությունները ոչ տրամաբանական, որովհետև իրենց պատճառով է, որ խնդիրը մտել է փակուղի և դուրս չի գալիս: Չի՛ լուծվելու էս հարցը որևէ սցենարով, քանի դեռ այդ ճանապարհը փակված է, չի՛ լուծվելու: Այսինքն, ինքը նույն ստատուս քվոյի վրա մնալու է, ինչ-որ 2018թ.-ին, ոչ՝ էն կողմ, ոչ՝ էս կողմ»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում