Ազատեկի հանքավայրի շահագործման ծրագիրը մերժվել է

Օրերս Վայոց ձորի մարզում հանրային քննարկումների արդյունքում տեղի բնակիչները հավանություն և նախնական համաձայնություն չեն տվել Ազատեկի հանքավայրի շահագործման ծրագրին: 

Ինչպես տեղեկանում ենք Զառիթափ բնակավայրի համայնքապետարանից քննարկումը տեղի է ունեցել հունվարի 23-ին: «Տեղի ունեցավ առաջին հանրային լսումը՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ կողմից «Ազատեկ» հանքավայրի՝ Զառիթափ բնակավայրի «Գյուարչին» կոչվող տարածքը ստորգետնյա եղանակով շահագործման համար նախնական համաձայնությունը ստանալու նպատակով:

Միջոցառմանը մասնակցում էր մոտ 40 մարդ։ Կազմակերպության ներկայացուցիչ Վահե Մալխասյանը ներկայացրեց կազմակերպության տեսլականը հանքի շահագործման դեպքում։ Պարզվեց, որ նախատեսվում է նաև հանքավերամշակում իրականացնել Վայք համայնքի Արին բնակավայրում և այնտեղ կառուցել գործարան, որը կստեղծի 250 աշխատատեղ։ Ներկայացվեցին շահագործման ռիսկերը, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և այլն։ Պայմանավորվեցին հաջորդ հանդիպմանը հրավիրել համապատասխան մասնագետների՝ բնապահպանների»: 

Համայնքապետարանի կողմից հանրային քննարկման արձանագրությամբ ասվում է. «Հանրային լսումների մասնակիցների քննարկման արդյունքները՝ կողմ-17, որից Վայք համայնք 17, դեմ-22, որից Վայք համայնք 3/, ձեռնպահ-1 Զառիթափ համայնք/ որոշեցին հավանություն չտալ նախատեսվող գործունեությանը»: 

«Վայք Ինֆոտուն» հարթակից տեղեկանում ենք նաև. «Տեղում անսպասելիորեն պարզվեց, որ նախատեսվում է նաև հանքավերամշակում իրականացնել Վայք համայնքի Արին բնակավայրում և այստեղ կառուցել գործարան, որն իբր կստեղծի 250 աշխատատեղ։ Ներկաների մոտ հիասթափություն առաջացրեց կազմակերպության սոցիալական պատասխանատվության հանձնառությունը՝ 50 միլիոն դրամի սահմաններում, որը ներկաների կարծիքով անհամադրելի է այն պոտենցիալ վնասների հետ, որը կպատճառվի Վայք և Զառիթափ համայնքներին, բնակչության առողջությանը և շրջակա բնությանը։ Բացի այդ, ոչ մի խոսք, թե որտեղից կազմակերպությանը այդ ֆինանասական միջոցները, այլ ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են նման մասշտաբի հանքարդյունահանման նախաձեռնության համար։

Բնության վրա ազդեցությանը վերաբերող հարցերին կազմակերպության ներկայացուցիչները տվեցին անորոշ պատասխան՝ պատճառաբանելով, որ դա կարվի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման գործընթացի ժամանակ։

Համայնքների ներկայացուցիչների կողմից կային սուր հարցադրումներ և հանքարդյունահանման նախաձեռնության նկատմամբ բացասական վերաբերմունք, սակայն կային նաև ռեպլիկներ, որոնք վկայում էին լոյալ վերաբերմունքի մասին։

Շատ հետաքրքիր էր «Վայկ-ինվեստի» մեկ այլ՝ չներկայացած ներկայացուցչի պատասխանը համայնքի բնակչի դիտարկմանը այն մասին, որ համայնքն է չէ՞ վերջնական որոշում կայացնելու։ Հիշյալ մարդը կոպիտ ընդհատեց․ «Ո՛չ, պետությունն է որոշում կայացնելու, դուք պետության ֆունկցիան մի՛ վերցրեք ձեր վրա»»։

Հիշեցնենք, որ 2019թ.-ի նոյեմբեր ամսին Ազատեկի հանքավայրի շահագործման հանրային քննարկումները Վայոց ձորի մարզի Վայք համայնքում կրկին ևս չեն կայացել։ Այդ ժամանակահատվածում նշված հանքավայրը, սակայն, նախատեսում էր շահագործել մեկ այլ ընկերություն՝ «Վայքգոլդ» ՍՊԸ: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում