«Պետք ա՞ մեկին ուտեն, նոր ինչ-որ բան անեն». Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները սարսափի մեջ են (տեսնյութ)

Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Սվաճյան փողոցի բնակիչները սարսափի մեջ են, իսկ արջերը՝ տանջանքների:

Երևան քաղաքում, Մալաթիա-Սեբաստիա բնակելի թաղամասում, հենց շենքերի բակում պահվող արջերի մասին ահազանգեր հնչել են բազմիցս: Երեք տարի առաջ արջը մեկն էր, իսկ 2019թ.-ի մարտ ամսին, երբ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կրկին անգամ ահազանգեց խնդրի մասին, պարզվեց՝ կենդանիներն արդեն երկուսն են: 

Այս անգամ ստացել ենք ահազանգ Մալաթիա-Սեբաստիա թաղամասի, Սվաճյան փողոցի բնակիչներից մեկից, որը խնդրում է տեղափոխել կենդանիներին և հայտնում, որ մարդիկ  սարսափի մեջ: «Վախենում ենք գիշերով հանկարծ անցնենք, մտածում ենք կարող ա փախնեն... կարող ա լինել, որովհետև վանդակների ճաղերը քիչ ա մնում պոկեն: Սարսափի մեջ ենք ապրում: Պետք ա՞ մեկին ուտեն, նոր ինչ-որ բան անեն, բայց այդպես կարելի ա՞, օրենք կա՞, որ կարող ա վայրի գազանին վերցնի, պահի իրանց տանը: Իրենց բակի շանը կերել են էտ արջերը, ամբողջ օրը կենդանիները պայքարում են, որ վանդակները պոկեն ու դուրս փախնեն, պետք ա՞ ինչ-որ մեկը վնասվի, մեռնի, հոշոտվի նոր պետությունը մտածի գործ ձեռնարկի՞: Ե՛վ մարդիկ են մեղք, որովհետև արջերը հանգիստ չունեն գիշեր-ցերեկ, և՛ էտ արջերը. նրանց տեղը բնությունն ա, ոչ թե ինչ-որ վանդակներ»,- պատմեց մեզ բնակիչը:

Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա, Սվաճյան 44/1 բնակելի տան տարածքում պահվող երկու գորշ արջերի մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, միաժամանակ արջերի պահման օրինականությունը պարզելու նպատակով դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն: Ըստ Շրջակա միջավայրի նախարարության գրության՝ «Բնապահպանության նախարարությունը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սվաճյան 44/1 հասցեում անազատ պայմաններում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն չի տրամադրել»: 

Իսկ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի կողմից ներկայացված գրությունը պարզապես անընդունելի է տեսչական աշխատանքներ իրականացնող մարմնի տեսանկյունից, ավելին՝ ներկայացվում են հակագիտական տվյալներ: Գրության մեջ մասնավորապես ասվում է. «... տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվել է զննում Հ. Սվաճյան փողոցի 44/1 հասցեում։ Զննման ընթացքում պարզվել է, որ երկու արջերը պահվում են ազատավանդակի մեջ։ Արջերից մեկը արու է, մյուսը՝ էգ, ունեն խնամված, մաքուր տեսք։ Ազատավանդակն ունի կոյուղագիծ, վանդակները լվացվում են։ Կենդանիները կերակրվում են մրգերով, բանջարեղենով, կաղինով և մսով։ Ազատավանդակն ունի նաև ձմեռանոցներ։ Կենդանիներին պահող Վարդան Վոլոդյայի Վարդանյանը ներկայացրել է արջերի ձեռքբերման փաստաթուղթ, համաձայն որի կենդանիները իր կողմից բնությունից վերցված չեն»: 

Դեռ մարտ ամսին ահազանգել ենք, որ նման պայմաններում գիշատիչ կենդանի պահելը պարզապես անթույլատրելի է թե՛ կենդանու բարեկեցության, թե՛ բարոյական, թե՛ առողջապահական, թե՛ կենդանասիրական և մարդասիրական և թե՛ մարդկանց անվտանգության տեսանկյունից: Ապահովված չեն կենդանու բարեկեցության համար անհրաժեշտ նվազագույն պայմանները, ինչպես նաև ռիսկի տակ է դրված կենդանուն «խնամող» քաղաքացիների, ինչպես նաև նշված հասցեի հարակից տարածքներում բնակվող քաղաքացիների անվտանգությունը:

Ականատես հարևանը հայտնում է. «Շանը կերել ա, հարևանները տեսել են ու ասում են՝ մի օր էլ իրեն են ուտելու... չգիտեմ սոված են թե, ինչ, բայց իրենց բակի շանը կերել է: Ոստիկանները գնացել եկել են, գնացել եկել են, կաշառվել են երևի, չգիտեմ, բայց ոչինչ չեն ձեռնարկել: Մի՞թե հնարավոր ա՞, խելագարներ են, նորմալ ադեկվատ մարդը վայրի գազանին չի պահի բնակելի տարածքում, ինքը իրոք խանգարված ա կամ էլ հրեշ ա, որ արջերին տենց տանջում ա, չհաշված բնակիչները»:

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի, հոդված 27.1-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը»:

Հոդված 27.2-ի առաջին կետը սահմանում է. «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»: 

Ստացվում է ըստ Տեսչական մարմնի ներկայացրած «իդեալական պայմաններում» պահվող կենդանիներն այնքան էլ իդեալական պայմաններում չեն, ավելին՝ կենդաիներին նման պայմաններում պահելն ապօրինի է: ԲԸՏՄ գրությամբ նշվում է, որ աշխատակիցներին ներկայացվել է արջերի ձեռքբերման փաստաթուղթ, այնինչ, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է անազատ կամ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվության անհրաժեշտությունը, ինչը գոյություն չունի: 

Վրդովված բնակիչը շարունակեց. «Մենք ո՞ր դարում ենք ապրում, վայրենի ջունգլիների թիվ ա՞ ինչ ա՞... բերենք գիշատիչ կենդանիներին տանը պահենք, ընտանի կենդանի չի, որ ասես՝ հա, խրախուսես դեռ, աբորիգեն ենք ի՞նչ ենք, ջունգլի ա՞, ես չեմ հասկանում քաղաքակիրթ երկրում որտեղ տենց բան կտեսնես... Խիտ բնակեցված տարածքում, երեխաներ կան, մարդիկ հանգիստ չունեն գիշեր ցերեկ էտ արջերի ձայնից ու ոռնոցից: Այսօր ես քաղաքապետարան էլ եմ զանգել, ոստիկանություն էլ եմ զանգել ու շարունակում են պահել»:

ԲԸՏՄ-ը նաև հակագիտական տվյալներ է ներկայացրել. «Հայտնում եմ նաև, որ անազատության մեջ պահվող արջերի խնդիրը կարիք ունի համակարգված լուծման, քանի որ վայրի բնության մեջ վերջին տարիներին արջերը շատ են բազմացել և բնակչությանը վնաս ու անհանգստություն են պատճառում, իսկ կենդանաբանական այգիներում կամ կենդանիների վերականգնողական կենտրոններում սահմանափակ քանակի արջեր կարող են պահվել»։ 

Այնինչ ՀՀ կենդանիների կարմիր գիրքը, որը մշակվել է Հայաստանի գիտական կառույցների ներկայացուցիչների կողմից, փաստում է. «Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը»: 

Հիշեցնենք, որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: 

Եվս մեկ անգամ փաստենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում