Հայկական ԱԷԿ-ը միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ -ն հայտնում է, որ սեպտեմբերի 8-ին ժամը 11:48 Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 տուրբագեներատորը 2019թ-ի պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2019) հետո դուրս եկավ հզորության էներգետիկ մակարդակ և միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին:

Ներկայումս ՀԱԷԿ-ը բեռնվածք է կրում` ըստ դիսպետչերական ժամանակացույցի:

Կայանում և նրա հարակից տարածքում ճառագայթումային ֆոնը գտնվում է էներգաբլոկների բնականոն շահագործմանը համապատասխանող մակարդակի վրա և չի գերազանցում բնական ֆոնային արժեքները: Ռեակտորը աշխատանքային պարամետրերի բերելուց և N3 տուրբագեներատորը (կրում է 236ՄՎտ բեռնվածք) ընդհանուր էլեկտրացանցին միացնելուց հետո 2019թ-ի ՊՆՎ-ն համարվում է ավարտված:

Ինչպես հայտնի է, արդեն չորրորդ տարին է, ինչ ՀԱԷԿ-ը համատեղում է ստանդարտ ՊՆՎ-ների պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքները ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման հետ, քանի որ այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մեծ մասը տեխնոլոգիապես հնարավոր է իրականացնել միայն կանգնած էներգաբլոկի դեպքում:

Կատարվել են մեծ ծավալի աշխատանքներ:

Իրականացվել են.

ռեակտորից միջուկային վառելիքի լրիվ բեռնաթափումը, նրա լվացումը և նախապատրաստումը վերահսկման անցկացմանը,

ռեակտորի իրանի գործիքային հետազոտում և արդյունքների նախնական վերլուծություն,

անվտանգության 1-ին և 2-րդ դասի տարրերի գործիքային հետազոտման ավարտը նախնական եզրակացությամբ,

ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգի (ԿՊՀ) չորս անցուղիների վերականգնողական նորոգում ռեակտորի վերին բլոկում,

ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգի (ԿՊՀ) արդիականացում (էլեկտրասարքավորումների փոխարինում),

վթարային իրավիճակներում ռեակտորային բաժանմունքի շենքի ամբողջականությունն ապահովող սպրինկլերային (ցայտաջրմուղային) համակարգի արդիականացում,

միջուկային վառելիքի ջերմային էներգիան դեպի տուրբիններն ուղղվող «սուր շոգու» էներգիայի կերպափոխող առաջին կոնտուրի խողովակաշարերի և սարքավորումների ջերմամեկուսիչների փոխարինման ավարտը,

անվտանգության 2-րդ և 3-րդ դասի համակարգերի առանձին պոմպերի, արմատուրի, խողովակաշարերի տարրերի փոխարինում,

հուսալի սնուցման համակարգի ուժային կուտակիչների բլոկների փոխարինում:
Այս աշխատանքների արդյունքներն էապես բարձրացնում են էներգաբլոկի շահագործման անվտանգությունն ու հուսալիությունը:

Իրականացվել և պլանավորվում են իրականացվել ոչ պակաս մասշտաբային աշխատանքներ էլեկտրաէներգիայի գեներացման համակարգերի վրա (մեքենասրահում):

Ավարտվել են №3 տուրբինի արդիականացման աշխատանքները, որոնք սկսվել էին անցյալ տարի (ՊՆՎ-2018), մասնավորապես.

փոխարինվել են տուրբինի կոնդենսատորները,

փոխարինվել է երեք խտուցքահան պոմպ,

փոխարինվել են անվտանգության 3-րդ և 4-րդ դասի համակարգերի առանձին պոմպեր, արմատուր, խողովակաշարերի տարրեր (տուրբին-գեներատոր №3 բլոկի օժանդակ համակարգեր):

Շարունակվում են աշխատանքները տուրբին-գեներատոր-տրանսֆորմատոր երկրորդ լրակազմի սարքավորումների վրա, մասնավորապես, բարձր ճնշման գլանի (ԲՃԳ), երկու ցածր ճնշման գլանի (ՑՃԳ), №4 տուրբինի երեք խտուցքահան պոմպի, №4 տուրբագեներատորի և օժանդակ համակարգերի տարրերի փոխարինում:
Այս աշխատանքներով կավարտվի տուրբինային արտադրամասում մեքենասրահի սարքավորումների արդիականացումը, որի արդյունքում սպասվում է էներգաբլոկի թողարկման հզորության զգալի աճ (մոտավորապես 10%) օգտակար գործողության գործակցի հաշվին:

Հարկ է նշել, որ այս հսկայական պլանների հաջող ավարտը հնարավոր դարձավ միայն շնորհիվ ողջ գործընթացի հստակ կազմակերպման և Հայկական ԱԷԿ-ի անձնակազմի` վերջնական արդյունքի հասնելու նպատակաուղղվածության, ինչպես նաև, ինչը ոչ պակաս կարևոր է, շնորհիվ փոխըմբռնման, ներգրավված ռուսական կազմակերպությունների հետ առողջ գործնական փոխհարաբերությունների, որոնք ձևավորվել են արդեն մի քանի տարվա համատեղ աշխատանքի ընթացքում: Ավարտված ՊՆՎ-ի տարբեր ժամանակահատվածներում կայանում աշխատել է այդ կազմակերպությունների 200-ից 600 մասնագետ, և նրանք բոլորը ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ և, ինչը հատկապես արժեքավոր է, ՀԱԷԿ-ում սպեցիֆիկ իրավիճակների ըմբռնում ու ծագող խնդիրները լուծելու պատրաստակամություն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում