Հայաստանը մեծ զբոսաշրջական ներուժ ունի․ Պյոտր Սվիտալսկին մասնակցել է «Ագարակ Fest»-ին

Օգոստոսի 25-ին, Վայոց ձորի Ագարակաձոր համայնքում տեղի ունեցավ «Ագարակ Fest» փառատոնը՝ կազմակերպված Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից՝ «Վորլդ Վիժն» Հայաստանի (World Vision Armenia) հետ համատեղ։

Երևանից, այլ քաղաքներից և գյուղական համայնքներից Ագարակաձոր ժամանած հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու համայնքի առանձնահատկությունների, գյուղում տրամադրվող ծառայությունների (այդ թվում՝ ծրագրի շրջանակներում ստեղծված գյուղմթերքի, արհեստագործության նմուշների, զբոսաշրջային պրոդուկտների) հետ։

FPWC-ի ծրագրերի ղեկավար Արևիկ Մկրտչյանը նշեց․ «Փառատոնը բացառիկ է այնքանով, որ առաջին անգամ կազմակերպվել է Վայոց Ձորի մարզի հեռավոր Ագարակաձոր գյուղում՝ հիմնվելով համայնքաբնակների ստացած գիտելիքների ու վերապատրաստումների արդյունքում ստացված գյուղմթերքի, ձեռքի աշխատանքների, արհեստագործության վրա»:

Վերջինս կարևորեց այն, որ աշխատանքները կատարվել են հաշվի առնելով բնության բաղադրիչը՝ ապահովելով մարդ-բնություն ներդաշնակությունը և կիրառելով մեր նախնիների՝ այսօր մոռացված գիտելիքները։

Իր բացման խոսքում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց․ «Հայաստանում իմ ճամփորդության ավարտին ես ուրախ եմ բացահայտել այնպիսի նոր գյուղ, ինչպիսին Ագարակաձորն է։ Եվրոպական միությունը (EU) համոզված է, որ գյուղական Հայաստանը մեծ զբոսաշրջական ներուժ ունի և մենք այժմ շատ բան ենք ներդնում գիտելիքների կատարելագործման և նպատակակետերի զարգացման տեսանկյունից։

Շնորհակալ եմ առաջին «Ագարակ Fest» փառատոնի բացմանն ինձ հրավիրելու համար։ Հուսով եմ` առաջիկա 4-5 տարիների ընթացքում ևս կկազմակերպվեն նմանատիպ փառատոններ այս գյուղի յուրահատուկ բրենդը զարգացնելու նպատակով»։

«Ագարակ Fest» փառատոնն ամբողջ համայնքին և ագարակձորցիներին հնարավորություն ընձեռեց դառնալ առավել ճանաչված, ինչպես նաև նպաստեց մարզի վայրի բնության ու բնական արժեքների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և տարածմանը: Փառատոնը հնարավորություն ընձեռեց տեղացի տաղանդաշատ արհեստագործներին բարձրացնել իրենց իսկ ճանաչելիությունը` ձևավորելով առաջխաղացման նոր ուղիներ։

«Ծրագրի արդյունքում արդեն ունենք մի քանի տասնյակ հաջողված պատմություններ, սեփական միկրոձեռնարկությունը ստեղծած գյուղաբնակներ, ովքեր համերաշխ ապրելով բնության հետ, այսօր ունեն ինքնազբաղվածություն և լրացուցիչ եկարմտի հնարավորություններ, առաջիկայում դրանք կավելանան»,- մանրամասնեց Արևիկ Մկրտչյանը:

«Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը բացման խոսքում նշեց․ «Վորլդ Վիժն Հայաստանի նպատակն է արձանագրել զգալի տնտեսական աճ այս համայնքում, իսկ դա հնարավոր է միայն տուրիզմի զարգացման, մշակութային կյանքի զարգացման, երիտասարդության հզորացման ճանապարհով։ Այս միջոցառումն էապես կնպաստի նշված նպատակի իրականացմանը»։

Փառատոնը լեցուն էր անակնկալներով, ուրախ տրամադրությամբ և Վայոց ձորի բերք ու բարիքով։ Էկոլոգիապես մաքուր բնության բարիքները վայելելուց զատ փառատոնի հյուրերը մասնակցեցին խոստացված դասընթացներին, արշավներին, նիզականետությանն ու պղպջակի տոնին։

Փառատոնի հյուրերը, հատկապես՝ պատանիները յուրահատուկ ոգևորությամբ մասնակցեցին թղթի վերամշակման դասընթացին, որտեղ սովորեցին, թե որքան կարևոր է խնայել մարդուն տրված ռեսուրսները։

Տեղի բնակիչ Հրաչ Մանուկյանի ու Զաքար Մկրտչյանի վարած կավագործության ու փայտագործության դասընթացի արդյունքում երիտասարդներն այլ աչքերով նայեցին սեփական մշակույթին և դրա արժեքներին՝ գնահատելով սեփական ձեռքերով ստեղծածը։

««Ագարակ Fest» փառատոնին մասնակցելն ինձ համար գիտելիքի մեծ ավելացում էր։ Այդ օրն իմ կյանքի ամենալավ պահերից մեկն էր, և ես չեմ ափսոսում, որ Ճամբարակից այդքան հեռու ճանապարհը կտրել, հասել եմ Ագարակաձոր։ Փառատոնի ընթացքում ձեռք բերեցի բազմաթիվ հմտություններ, որոնք ինձ հայտնի չէին մինչև այդ պահը։ Շնորհակալություն կազմակերպիչներին և այն մարդկանց, որոնք մեր օրը տոն դարձրեցին»,- կիսվում է տպավորություններով Ճամբարակի բնակիչ 13-ամյա Սոկրատ Դանիելյանը։

Փառատոնի նպատակը գյուղական կյանքի ակտիվացումն էր, ինչպես նաև՝ գյուղական բնական արտադրանքի վաճառքի ծավալների մեծացմանը և համայնքային կայուն զարգացմանը նպաստելը։ Ագարակաձոր համայնքի բնակիչները բարձր գնահատեցին փառատոնի շրջանակներում իրականացված աշխատանքները և ստացված արդյունքը։

 

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում, ԵՄ ֆինանսավորմամբ և Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում