Խոշոր հրդեհ՝ «Խոսրովի անտառ» արգելոցի ճանապարհին (ֆոտո)
![](https://econews.am/disk/24-08-19/d7f158d33937d07aff5b3bc0ab5f94ed.jpg)
![](https://econews.am/disk/24-08-19/0db08259fede02ef60a87b704879b412.jpg)
![](https://econews.am/disk/24-08-19/9e7ab7264e77d552909e132c32136abf.jpg)
![](https://econews.am/disk/24-08-19/e1ad8f87768f647d26bfb4a59ab471eb.jpg)
![](https://econews.am/disk/24-08-19/861f231e09ac51df45ebffaf2426614c.jpg)
![](https://econews.am/disk/24-08-19/f5e354b450cd9fc0312d14f384294a20.jpg)
![](https://econews.am/disk/24-08-19/dcdbf7537769abb3945136232f44d405.jpg)
![](https://econews.am/disk/24-08-19/0b96830ced5446147c87e17218a67898.jpg)
Թարմացում*. oգոստոսի 26-ին, 07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել:
Հրդեհը մարվել է ժամը 11:08-ին: Այրվել է մոտ 50 հա բուսածածկ տարածք: Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում 24 փրկարար:
«Օգոստոսի 24-ին շարունակվում են օգոստոսի 23-ին ժամը 12:07-ին Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 10:30-ի դրությամբ այրվում է մոտ 17 հա բուսածածկ տարածք»,- այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Տեղեկանում ենք նաև, որ աշխատանքներն իրականացվում են դժվարամատչելի տարածքում՝ շարժական ուսապարկերի և հրդեհաշիջման գործիքների միջոցով: Տեղանքում ջրաղբյուրների բացակայության պատճառով ջրամատակարարման գործընթացն ապահովվում է ամենագնացների միջոցով: Տեղում իրականացվում է մշտական հետախուզում:
Հրդեհաշիջման աշխատանքներում մասնակցություն են ունենում նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ռենջերները, որոնք տեղում պայքարում են կրակի դեմ: Ինչպես հայտնել է հիմնադրամը՝ ռենջերների համար մեծ օգնություն է հակահրդեհային մեքենաների օգտագործումը, որը նվիրաբերվել է Վիվա-Սելլ ՄՏՍ-ի կողմից:
ԱԻՆ-ը մանրամասնում է նաև. «Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 74 փրկարար, Խոսրովի անտառ պետական արգելոցի 50 աշխատակից, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ: Հրդեհաշիջման գործընթացը կառավարում է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»:
Նշենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքը պահպանվում է FPWC հիմնադրամի կողմից, ուստի այս պահին անչափ կարևոր է թույլ չտալ, որպեսզի հրդեհը տարածքվի նաև արգելոցի տարածքում, ինչը տեղի ունեցավ 2017թ.-ին:
Ինչպես հայտնել էր ԱԻՆ օդերևութաբանական ծառայությունը՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Միքայելյանը գրել է. «Քիչ առաջ խոսեցի Խոսրովի Անտառ Պետական Արգելոց -ի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի և Վայոց ձորի անտառտնտեսության տնօրեն Էդիկ Հարությունյանի հետ։ ԱԻՆ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն մասնագետների համակարգված ջանքերի շնորհիվ այսօր առավոտյան հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Խոսրովի անտառի մերձակայքում և Հերմոն գյուղում օգոստոսի 23-ին բռնկված հրդեհները։»