«Իջևանյան անտառագողություն». հատումների ծավալները՝ տիեզերքից (ֆոտո)

«Որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչ ահավոր ծավալների ապօրինի հատումներ են իրականցվել Իջևանի անտառտնտեսության անտառներում, որպես օրինակ ուղղակի ներկայացնում եմ վերջին մեկ տարվա ընթացքում Իջևանի անտառպետության մոտ 800 հեկտար մակերեսով անտառամասում հատումների ինտենսիվության դինամիկան: GIF-ի առաջին արբանյակային պատկերը 2018թ-ի հուլիս ամիս, երկրորդ ՝ 2019թ-ի հուլիս ամիս և երրորդ՝ 2019թ-ի հուլիս ամսվա արբանյակային պատկերը համադրված անտառպետության թափանցիկ քարտեզի (դեղին եզրագծով) հետ, կանաչ գույնով թվերը՝ քառակուսիների և անտառային հատվածների համարներն են.... Եվ ամբողջ անտառտնտեսության տարածքով այս վիճակն է....»,- իր էջում գրել և լուսանկար է հրապարակել Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը: 

Հիշեցնենք, որ Իջևանում տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրելով. «Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»: 

Նույնպիսի դիրքորոշում է հայտնել նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: «Նրանց մոտ ստեղծվել էր կարծիք, որ այսօր էլ, թողտվության պայմաններում, կարող են շարունակել իրենց անօրինական բիզնեսը: Մեր մոտեցումը միանշական էր և անդրդվելի` անօրինական որևէ արարք Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ: Ոչ մի զիջում անօրինականությանը։ Որևէ անօրինական պահանջ չի կատարվել: Մեր միակ պահանջն այն էր, որն իրականացրել ենք՝ դա համահարթեցված գնի սահմանումն է քամատապալ ծառերի համար, և ես ինքն էլ այսօր հայտարարեցի, որ վաղվանից սկսած Արծվաբերդի անտառտնտեսությունը պատրաստ է քամատապալ 1 խմ-ը 6000 դրամով տրամադրել մարդկանց: Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ընթացակարգերը կրկին պարզեցնենք»,- ասել է նա:

Այսեր Ղազարյանը մեկ այլ ուշագրավ հրապարակում է կատարել. «Հարգելիներս տեղադրում եմ Իջևանի ԱՏ մասնաճյուղի նույն անտառամասի 2018-2019թթ անտառհատման դինամիկան արդեն օպտիկական, բազմասպեկտրալ արբանյակային պատկերների ինֆրակարմիր, կարմիր և կանաչ «գույների» համադրմամբ: Այստեղ անտառը հիմնականում մուգ կարմիր երանգով է: Դեղին եզրագծով պոլիգոնները որպես օրինակներ են ընդգծված , որոնցում ինտենսիվ ծառահատումներ են իրականացվել, և դրանց գունային երանգին համասեռ այլ տարածքներ ևս ինքնուրույն կարող եք հատկորոշել ...»:

 

Նշենք նաև, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության՝ 13 անձ է ձերբակալվել Իջևանի անկարգությունների դեպքով: «Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում