Արջի քոթոթը՝ Հրազդանում․ կենդանին տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի (տեսանյութ)

Օրերս Կոտայք մարզի Հրազդան քաղաքից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին է դիմել քաղաքացի՝ նշելով, թե գտել է արջի քոթոթ։ ԲԸՏՄ տեսուչների և Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների ջանքերով մոտ 5-6 ամսեկան արու արջի քոթոթը տեղափոխվել է կենդանաբանական այգու կարանտինային կենտրոն, որտեղ կանցկացնի 1 ամիս, այնուհետև կորոշվի կենդանու հետագա ճակատագիրը․ կենդանին հնարավորություն ունի վերադարձվելու վայրի բնություն։

Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կենդանին լավ վիճակում է, սակայն չափից շատ մարդամոտ է և կարելի է ենթադրել, որ քոթոթը ոչ թե վայրի բնությունից է, այլ անազատ պայմաններում պահված։ Այնուամենայնիվ, կենդանու կարանտինացման փուլից հետո միայն հնարավոր կլինի մանրամասներ հայտնել։

ԲԸՏՄ մամուլի վարչությունից մեզ հայտնեցին նաև, որ առավել մանրամասն տվյալներ հայտնի կդառնան շուտով։

Հիշեցնենք, որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով, թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:  

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում