«Պահպանվող տարածք, որտեղ անգամ խոսել չի կարելի»․ Հայաստանում բնապահպանական նոր գաղափարներ կներդրվեն (ֆոտո)

«ICCA Consortium» (Indigenous Communities or communities for conserved areas) միջազգային շարժման գաղափարախոսությունը պնդում է, որ հենց համայնքներն են հանդիսանում բնության լավագույն պաշտպանները և միայն տեղի համայնքների բնակիչների ներգրավմամբ է հնարավոր հասնել լավագույն արդյունքների: Այս օրերին Հայաստանում տեղի է ունենում «ICCA Consortium»-ի ռեգիոնալ կոնֆերանսը, որին մասնակցելու նպատակով հյուրեր են ժամանել աշխարհի տարբեր ծայրերից: Այս մասին տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) մամուլի ծառայությունը: 

Կոնֆերանսի նպատակն է աջակցել Հայաստանի համայնքներին մաս կազմել ICCA մեծ ընտանիքի և հռչակվել «կենսական տարածքներ» (Territories of life), ինչպես նաև անմիջական շփման ու դասընթացների միջոցով իրականացնել փորձի փոխանակում:

Վայոց ձորի Վարդահովիտ համայնքը Հայաստանում առաջինն է, որը ցանկություն է հայտնել դառնալ «կենսական տարածք» և միանալ համայնքային զարգացման օրեցօր աճող այս շարժմանը: «ICCA Consortium»-ի հիմնական գաղափարն է համայնքային զարգացման միջոցով ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների ամբողջականությունը, համայնքի բնակիչներին ակտիվ մասնակիցը դարձնել բնության պահպանման գործընթացին՝ ապահովելով և ցույց տալով մարդկանց բնությունից օգտվելու, այն սիրելու և պահպանելու, օգուտներ ստանալու այլընտրանքային ու անվնաս տարբերակներ:

Կոնֆերանսին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանած «ICCA Consortium»-ի տնօրեն Թեոդոր Բրաուները (Teodoro Brawner Baguilat Jr.) ասաց. «Մենք Հայաստանում ենք մշակելու համար գործողությունների ծրագիր, որի միջոցով կհայտնաբերենք այն «կենսական տարածքները» (Territories of life), որոնց հետ պետք է աշխատենք, ինչպես
նաև որոշակիորեն ճանաչվենք թե՛ կառավարության, թե՛ հասարակության և համայնքային բնակիչների կողմից: Այստեղ ենք նաև տարածաշրջանի մասնակիցներին ոգեշնչելու և ուղղորդելու համար»: «ICCA Consortium»-ի հիմնական գաղափարախոսության համաձայն՝ պետական պահպանվող տարածքներն այլևս չեն հանդիսանում ամենաարդյունավետները և միայն տեղի համայնքների բնակիչների ներգրավմամբ հնարավոր է բնության պահպանման գործընթացը դարձնել առավել արդյունավետ՝ նվազեցնելով ճնշումը բնական ռեսուրսների վրա, միաժամանակ ապահովելով առավելագույն օգուտներ թե՛ բնության, թե՛ մարդկանց համար: «ICCA Consortium»-ի գաղափարների ներդրումը լավագույն տարբերակն է նաև պետության համար որոշակիորեն թոթափելու պահպանման բեռը և բնական ռեսուրսների օգտագործումը դարձնելու առավել անվնաս ու արդյունավետ:

Կոնֆերանսին մասնակցում են նաև հյուրեր Հայաստանից: «GIZ Հայաստան»-ի զբոսաշրջության փորձագետ Արմինե Իսրայելյանը կարևորեց նման կոնֆերանսների իրականացումը Հայաստանում՝ նշելով. «Աշխարհում պահպանվող տարածքները շատ ընդունված զբոսաշրջային ուղղություններ են համարվում, Հայաստանում՝ նույնպես, սակայն և՛ աշխարհում, և՛ Հայաստանում այդ տարածքները որպես զբոսաշրջային օգտագործելու դեպքում պետք է մտածել դրանց կայունության մասին: Այսինքն, այնպես օգտագործվեն այդ տարածքները, որպեսզի հանկարծ բնությանը չվնասեն: Բայց ինչպե՞ս. այս կոնֆերանսի ընթացքում ես տարբեր երկրների ներկայացուցիչներից ցանկանում եմ լսել հենց այս հարցի պատասխանը: Ինձ հետաքրքիր կլինի նաև տեսնել, թե ինչպես է դա ներդրվում Հայաստանում: Ելույթ ունեցող փորձագետներից մեկը Միջին Ասիայում պահպանվող տարածքի մի օրինակ բերեց, որտեղ առանց կոշիկների են մտնում և ընդհանրապես մեկ բառ անգամ խոսել չի կարելի: Այս գաղափարները Հայաստանում ներդնելը բավական իրատեսական է, քանի որ ունենք լավ մասնագետներ, զբոսաշրջության ոլորտում ունենք սրտացավ մարդիկ, որոնք մինչև փող աշխատելը,  ինչև այդ ամենը բիզնեսի վերածելը մի քանի անգամ մտածում են: Ես լիահույս եմ, որ մեզ մոտ այս գաղափարները ևս կներդրվեն ու նմանատիպ կոնֆերանսներն իսկապես արդյունավետ են»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում