Տեսչական մարմինը՝ «Աշտարակի ձոր» ռեստորանում ապօրինաբար պահվող գորշ արջերի մասին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկանում ենք, որ կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման դեպք։ «Արագածոտն՝ իրավախախտման 1 դեպքով քննությունն ընթացքի մեջ է (3 հատ գորշ արջ պահելու համար ներկայացվել է պահանջ՝ լիազոր մարմնից թույլտվություն ստանալու վերաբերյալ)»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ խոսքը վերաբերում է «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում տարիներ շարունակ ապօրինաբար պահվող երեք կարմիրգրքյան գորշ արջերի մասին։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը գրավոր հարցման միջոցով փորձեց պարզել ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված արջերին ռեստորանային համալիրում պահելու օրինականությունը: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին ուղղված գրությանն ի պատասխան ԲՆ-ից հայտնել են. «... բնապահպանության նախարարությունը «Աշտարակի Ձոր» ռեստորանային համալիրի տարածքում անազատ պայմաններում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն չի տրամադրել»:

Փաստացի, կենդանիները պահվում են նշված ռեստորանային համալիրում առանց օրենքով սահմանված անհրաժեշտ թույլտվության: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ նշված ռեստորանային համալիրի տնօրինությունը ցանկանում է պահել կենդանիներին, ուստի վերջիններս քայլեր են ձեռնարկում նշված թույլտվությունը ստանալու ուղղությամբ։

Սակայն, Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրության համապատասխան՝ անհրաժեշտ օրինական թույլտվությունը հնարավոր կլինի ստանալ միայն «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ իրականացնելուց հետո։ Գրության մեջ մասնավորապես ասվում է․ «․․․ ներկայումս քննարկման փուլում է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Մշակված օրենքի նախագծում փոփոխություններ են առաջարկվել նաև անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու հարաբերությունները կարգավորող 27.1 և 27.2 հոդվածներում:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները նպատակաուղղված են լիազորված պետական մարմնի հետ պայմանագրեր կնքելու միջոցով անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու գործընթացն առավել կանոնակարգված դարձնելուն։

Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու թույլտվություններ կարող են տրամադրվել վերոգրյալ օրենսդրական փոփոխությունների ընդունվելուց հետո»:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում