Մեր հովազը՝ հայաստանյան լեռներում հանգիստ զբոսնելիս (տեսանյութ)

«Կրկին ուրբաթ է, և կրկին մենք նկարահանել ենք մեր հովազին՝ հայաստանյան լեռներում հանգիստ զբոսնելիս: Այս երիտասարդ, ուժեղ արուն պիտի սկիզբը դնի իր պես հիասքանչ հովազների նոր պոպուլյացիաների»,- տեղեկանում ենք Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նպատակն է բարձրացնել Կարմիր գրքում գրանցված կրիտիկական վիճակում գտնվող կատվազգիների ընտանիքին պատկանող կովկասյան ընձառյուծի (առաջավորասիական/կովկասյան/պարսկական հովազ, Panthera pardus ciscaucasica/Panthera pardus saxicolor /Panthera pardus transcaucasica) որսի և (կամ) ոչնչացման դեպքում պատճառված վնասի սակագինը ներկայումս գործող 3 մլն դրամից՝ դարձնելով 100 մլն դրամ: 

Առաջավորասիական/կովկասյան/պարսկական հովազը (Panthera pardus ciscaucasica կամ Panthera pardus saxicolor կամ Panthera pardus transcaucasica) գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a (i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Արեալը ներառում է Հյուսիսային Կովկասը, Անդրկովկասը, Արևելյան Թուրքիան, Հարավային Թուրքմենստանը, Իրանը, Աֆղանստանը: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10-15 առանձնյակ է: Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7497,2 կմ2: Բնակեցման տարածքը կազմում է 2856,8 կմ2: Այն ներառում է մշտական և ժամանակավոր բնակեցման տարածքները և միջանցքներ: Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում (207.9 կմ2) և գ. Նռնաձորից դեպի հյուսիս (296.9 կմ2) գտնվող տեղամասում գիշատիչը բնակվում է մշտապես: Պոպուլյացիայի նման կառուցվածքի պատճառով այն լիովին կախված է միջանցքների գործառնությունից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում