Հերթական կարմիրգրքային բույսն է հայտնվել ծաղկավաճառների սեղանին
![](https://econews.am/disk/20-05-19/cefa2b63e7240bcccd1a2961fce67862.jpg)
«Հերթական կարմիրգրքային բույսի՝ Վարդատերեփուկ մուշկայինի ծաղիկներն են հայտնվել ծաղկավաճառների վաճառասեղանին... Իսկ Բնապահպան նախարարությունում քնած են... Կարևորը, որ կառավարության որոշմամբ այդ բույսի մի առանձնյակի ոչնչացումը տուգանվում է 5000 դրամով... Փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, փաստաթղթերով քայլում ենք աշխարհի հետ...»,- գրում է էկոլոգ-փորձագետ Հրաչիկ Միրզոյանը:
Նշենք, որ ավելի վաղ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն անդրադարձել է ՀՀ-ում ծաղիկների և բույսերի հավաքչության, վաճառքի գործընթացների նկատմամբ վերահսկողության բացակայության մասին: Ընդամենը մի քանի ամիս առաջ հանրապետության ամբողջ տարածքում վաճառվում էին «դեղին ձնծաղիկներ», որն իրականում ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված Շտերբերգիա ֆիշերի բուսատեսակն է: Բուսատեսակի հավաքչության և վաճառքի նկատմամբ ամբողջովին բացակայում է վերահսկողությունը, այնինչ Շտերբերգիա ֆիշերի բուսատեսակի մեկ հատին պատճառված վնասի փոխհատուցումը հաշվարկվում է 25 000 դրամ, իսկ ընդամենը մեկ փունջի համար հնարավոր է անգամ քրեական պատասխանատվության ենթարկել:
Վարդատերեփուկ մուշկայինը /Amberboa moschata/ վտանգված տեսակ է: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանում, որտեղ աճում է թեև սահմանափակ տարածքում, սակայն շատ առատ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 քառ. կմ-ից պակաս: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 3՝ կրճատվող տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ: Հայտնի է Երևանի ֆլորիստիկական շրջանից (Երևանի շրջակայք): EOO՝ 560 քառ. կմ, AOO՝ 100 քառ. կմ: Լոկալիտետները՝ 3: Բացի Հայաստանից աճում է Նախիջևանում և Հյուսիսարևելյան Անատոլիայում:
Կարմիր գրքի տվյալների համաձայն, սահմանափակող գործոններն են սահմանափակ տարածման և բնակության շրջանները, աճելավայրերի կորուստը կամ դեգրադացիան կապված հողերի յուրացման հետ: Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/41517452618bfd89f291ac0f2f4d399a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/199205d477555f16a7806dfea185adcf.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/786b902b2385c0c7c3916d1343a6f8b5.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-12-22/d64c593a33685089b3602024ca5a24f4.jpg&w=300&h=200)