«Աշտարակի ձոր» ռեստորանում արջերը պահվում են առանց անհրաժեշտ թույլտվության

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ տարբեր քաղաքացիներից և ներկայացնել ՀՀ տարածքում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, ինչպես նաև կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի մասին տեղեկություններ:

Այս անգամ քաղաքացին ահազանգում է «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում անազատ պայմաններում պահվող երեք գորշ արջերի մասին: «Հիմա մի անգիտակից բռի սա արելա, մյուս անգիտակիցներն էլ ընտանիքներով գնում, նստում, հաց են ուտում ու էս խեղճ բանտարկված արջերի ընտանիքի տանջանքը վայելում: Մենք դեմոկրատ Հայաստանում ենք, սենց բարբարոսությունը պետք է արգելվի»,- գրել է Արթուր Մկրտչյանը:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը գրավոր հարցման միջոցով փորձեց պարզել ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված արջերին ռեստորանային համալիրում պահելու օրինականությունը: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին ուղղված գրությանն ի պատասխան ԲՆ-ից հայտնում են. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու թույլտվություններ կարող են տրամադրվել վերոգրյալ օրենսդրական փոփոխությունների ընդունվելուց հետո:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում եմ, որ բնապահպանության նախարարությունը «Աշտարակի Ձոր» ռեստորանային համալիրի տարածքում անազատ պայմաններում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն չի տրամադրել»:

Փաստացի, կենդանիները պահվում են նշված ռեստորանային համալիրում առանց օրենքով սահմանված անհրաժեշտ թույլտվության:

Մեզ ներկայացված գրության մեջ նաև ասվում է. «Հայաստանում անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցվածներին պահելու և օգտագործելու հարաբերությունները կարգավորվում են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 27.1 և 27.2 հոդվածների դրույթներով:

Սակայն վերոգրյալ հոդվածների դրույթներն ամբողջապես չեն կարգավորում բնապահպանության նախարարության և անազատ ու կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներն օգտագործող իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջև իրավահարաբերությունները:

Այդ նպատակով ներկայումս քննարկման փուլում է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Մշակված օրենքի նախագծում փոփոխություններ են առաջարկվել նաև անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու հարաբերությունները կարգավորող 27.1 և 27.2 հոդվածներում:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները նպատակաուղղված են լիազորված պետական մարմնի հետ պայմանագրեր կնքելու միջոցով անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու գործընթացն առավել կանոնակարգված դարձնելուն»:

Չնայած, ներկայումս գործող օրենքում առկա բազմաթիվ բացերին, այնուամենայնիվ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:

Նույն օրենքի հոդված 27.1-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը»:

Ինչպես նաև հոդված 27.2-ի առաջին կետը սահմանում է. «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»:

Իսկ թե առհասարակ ի՞նչ ռիսկեր կարող են լինել հանրային սննդի օբյեկտում վայրի կենդանի պահելու դեպքում, պարզեցինք Համաշխարհային կենդանաբուժական ասոցիացիայի (WVA) զոոնոզ հիվանդությունների հսկողության և կանխարգելման փորձագետ Գրիգոր Գրիգորյանից, ով ասաց. «Սկսեմ նրանից, որ հանրային սննդի օբյեկտում կենդանի պահելն արդեն խախտում է: Կախված կենդանուց, կախված տեսակից զանազան ռիսկեր ու վտանգներ կարող են լինել: Կենդանին կարող է նաև ցիկլի մեջ լինել մի շարք զոոնոզ հիվանդությունների հետ. միսը կուլ տան, իրենց աղիներով անցնի հարուցիչը, դուրս գա ու տարածվի արտաթորանքի հետ: Եթե վանդակին մոտենա երեխա ու հանկարծակի ձեռքերով դիպչի վանդակի ճաղերին, հատակին, հետո ձեռքերը տանի բերանը, շատ հնարավոր է, որ երեխան վարակվի հարուցիչով, նույն օրնիթոզի հարուցիչով, որը վտանգավոր զոոնոզ է: Մի քանի կենդանու դեպքում ռիսկը մեծանում է, նույնիսկ այդ պահվող կենդանիների մեջ կարող է ցիկլ առաջանալ, իրար փոխանցեն հիվանդությունը վերջում մարդուն վարակեն: Դա մի ցավալի հարց է, որն ընդհանրապես ընդունելի չէ»:

Հավելենք, որ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 2017թ.-ին տարածքում գտնվել են նաև այլ կենդանիներ, օրինակ՝ եվրոպական եղնիկ, այծյամ և այլն: Այս կենդանիների մասին նոր տեղեկատվություն առկա չէ: 

Նշենք, որ Արթուր Մկրտչյանի նախաձեռնությամբ համացանցում սկսվել է վերոնշյալ արջերի փրկությանն ուղղված ստորագրահավաք, որին միացել է նաև ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը՝ գրելով. «Սա չպետք է տեղի ունենա մեև օրերում: Արժանի ստորագրահավաք է: Սա չպետք է տեղի ունենա մեր նոր Հայաստանում կամ աշխարհում որևէ վայրում» (Ստորագրահավաքի հղում):

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում