ԱԻՆ գործառույթների մի մասը փոխանցվեց Բնապահպանության նախարարությանը

Ապրիլի 11-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Հիմա կառավարության որոշում ենք ընդունում, պետք է դեռ գնա Ազգային ժողով: Այս ընթացքում կոլեկտիվը գիտի, որ ԱԻՆ-ում չի, բայց էստեղ էլ չի: Օդի մեջ են մնում: Խնդիր է նաև, որ բոլորը չեն գնալու բնապահպանության նախարարություն»,- ասել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության որոշմամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունից Բնապահպանության նախարարությանը հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների ու կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտում գործառույթները փոխանցելու մասին որոշմանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ լավագույն կադրերը կմնան համակարգում, ինչին բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն արձագանքեց, որ սա մեծամասշտաբ փոփոխությունների շրջանակում է: Նախագծի հիմքում դրված է «շրջակա միջավայրի մոնիտորինգ»-ի միասնական ապահովման գաղափարը և դրա մշակման և իրականացման քաղաքականությունը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 6-րդ կետով վերապահված է բնապահպանության նախարարությանը։

Ներկայումս «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 4-րդ կետով արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված է հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտներում Կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումը։ Նախագծի ընդունմամբ կապահովվի շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական ու ժամանակակից համակարգերի ներդրում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում