Որսորդներն առանց կանոնների. 10 տարի՝ առանց որսորդական վկայականի (Մաս 2)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ուսումնասիրել և ներկայացնել որսի ոլորտում առկա խնդիրները, որոնք ըստ էության պատճառ են հանդիսացել ստեղծված անվերահսկելի և չկանոնակագված իրավիճակի: 

Ինչպես հայտնել ենք, որսորդական վկայական ստանալու ընթացակարգի մասին մեր բանավոր հարցերին Բնապահպանության նախարարությունը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, թե նախարարությունը չունի նշված հարցերի մասով պարզաբանումներ տրամադրող մասնագետ, փոխարենը՝ առաջարկեց ուղարկել գրավոր հարցում: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան, որտեղ խնդրել ենք պարզաբանել նաև, թե «ի վերջո, որ մարմինն է կայացնում որսորդական վկայական տրամադրելու մասին որոշում», ԲՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Ջիլավյանի ստորագրությամբ գրությունն ընդամենը մեջբերում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի դրույթները (գրությունը կցվում է): 

Դիտարկենք «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքը, հոդված 8. Լիազորված մարմնի իրավասությունները՝

Որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառում լիազորված մարմնի իրավասություներն են`

...

5) որսորդական վկայականի միասնական ձևի հաստատումը.

...

7) որսորդական վկայականի տրամադրումը.

Հոդված 17. Որսորդական վկայականը

Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է լիազորված մարմնի հաստատած միասնական ձևի որսորդական վկայական: Որսորդական վկայականը տրվում է լիազորված մարմնի կողմից որսորդական մինիմումի քննությունը հանձնած և օրենքով սահմանված կարգով ու չափով պետական տուրք մուծած քաղաքացիներին:

Հոդված 18. Որսորդական մինիմումը

Որսորդական մինիմումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Որսորդական մինիմումի քննությունը ընդունում է լիազորված մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովը:

Այսպիսով, փաստացի, օրենքով սահմանված է որսորդական մինիմում հանձնելու անհրաժեշտությունը՝ որպես որսորդական վկայական ձեռք բերելու պայման, սակայն մինչ այսօր ՀՀ կառավարության կողմից չի սահմանվել որսորդական մինիմումը: «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2007թ.-ին: Որսորդների պնդմամբ որսորդական մինիմումը չի կիրառվում կամ կիրառվում է առանձին դեպքերում, այն էլ՝ որսորդական միությունների նախաձեռնությամբ, այլ ոչ թե լիազոր մարմնի կողմից և օրենքով սահմանված եղանակով:

Ներկայացնենք տեղի ունեցած իրադարձությունների հերթականությունը. 2007թ.-ին ընդունվում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 754-Ա որոշումը և որպես կիրարկումն ապահովող միջոցառում նշվում է նաև՝ ««որսորդական մինիմումը սահմանելու և որսորդական մինիմումի կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացնելը», ինչն այդպես էլ չի իրականացվել:

2008թ.-ին Արդարադատության նախարարության կողմից գրանցվել է «Որսորդական վկայականի միասնական ձևը հաստատելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի հրամանը, 2009թ.-ին տրվել է «Որսի կանոնները հաստատելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի հրամանը:

2011թ.-ին ընդունվել է «Որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի աշխատակարգը սահմանելու և կազմը հաստատելու» մասին կառավարության որոշում: Հանձնաժողովն այդպես էլ չի ձևավորվել:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին է տրամադրվել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված հետազոտությունը՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում որսի իրավունքը կանոնակարգող իրավական ակտերի և ընթացակարգերի վերաբերյալ» տեղեկանքը, որում ամփոփվել են տեսչության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության արդյունքներով ևս հաստատվում են վերոնշյալ պնդումները:

Տեղեկանքին ամբողջությամբ ծանոթացեք հղումով:

Այս տարիների ընթացքում ՀՀ տարածքում սիրողական որս իրականացնող անձինք չեն ունեցել և չեն ստացել որսորդական վկայական վերոնշյալ ընթացակարգային խնդիրների պատճառով: Ավելի քան 10 տարի չի իրականացվել ոլորտի կանոնակարգմանն ուղղված ընթացակարգերի մշակում և հաստատում, ինչը թույլ է տալիս ակնհայտ տեսնել որսի ոլորտը բարձիթողի և անվերահսկելի վիճակում թողնելու հատուկ դիտավորություն և միտում:

Այս տարիների ընթացքում որպես որսորդական վկայական է ծառայել որևէ որսորդական ՀԿ անդամագրության տոմսը, բնօգտագործման վճար կատարելու մասին վկայող ԲՆ կողմից տրամադրվող անդորրագիրը:

Նկարագրված իրավիճակում ակնհայտ է դառնում, թե ինչու են պարբերաբար EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի, ոլորտի ներկայացուցիչների և մտահոգ քաղաքացիների կողմից հրապարակվում ոչ միայն օրինական որսորդության հետ ընդհանուր եզրեր չունեցող, այլև անառողջ հոգեկան աշխարհ ունենալու, վայրագության դրսևորումների մասին փաստող լուսանկարներ, տեսանյութեր:

Հիշեցնենք նաև, որ հաշվի առնելով վերոգրյալ հանգամանքները դեռ 2018թ.-ի օգոստոս ամսին ԲԸՏՄ նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը գրությամբ դիմել էր Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին՝ առաջարկելով ժամանակավորապես բացառել որսի թույլտվության տրամադրումը։ Մեզ հետ զրույցում Էրիկ Գրիգորյանն ասաց. «Որսի հրամանն արդեն ստորագրված է և վաղվանից կմտնի ուժի մեջ»:

Հայտնենք, որ ԲՆ գրության մեջ ասվում է. «...Համաձայն նույն օրենքի 17-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է լիազորված մարմնի հաստատած միասնական ձևի որսորդական վկայական: Այն տրվում է լիազորված մարմնի կողմից որսորդական մինիմում ծրագրի քննությունը հանձնած և օրենքով սահմանված կարգով ու չափով պետական տուրք մուծած քաղաքացիներին, իսկ 18-րդ հոդվածի համաձայն` որսորդական մինիմումը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ լիազոր պետական մարմինը պետք է իրականացնի որսորդական մինիմումի քննության կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաև որսորդական վկայականի տրամադրումը: Վերոնշյալ խնդիրների կարգավորման նպատակով «Որսորդական մինիմումը և որսորդական մինիմումի կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայումս գտնվում է քննարկման փուլում»:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում