«Լույսի նման ջուր է». Տիգրանաշենի տներում արդեն խմելու ջուր է հոսում (ֆոտոշարք)

«Լույսի նման ջուր է, վերջապես թոռներս մաքուր ջուր կխմեն»,- ասում է ութսունհինգամյա տիգրանաշենցի Վլադիմիր պապը ու ծորակից մի բուռ ջուր խմում: Մինչ այս Արարատի մարզի սահմանամերձ գոտում գտնվող Տիգրանաշեն համայնքի բնակիչները մաքուր ջուր խմելու համար 300 մ ճանապարհ էին անցնում. կանայք պատմում են, որ շատ մեծ դժվարությամբ էին ջուրը տեղափոխում մինչև տուն, որն էլ միևնույն է օրվա կարիքները հոգալու համար բավարար չէր: Այժմ Տիգրանաշեն համայնքի տներում ծորակներից մաքուր ջուր է հոսում, համայնքն ունի նոր ջրամբար և ջրամատակարարման ցանց:

Մարտի 16-ին Տիգրանաշեն համայնքում տեղի ունեցավ «Խմելու ջուր՝ Տիգրանաշեն համայնքի տներում» ծրագրի շրջանակներում ներդրված նորակառույց ջրագծի բացման արարողությունը: Ծրագրիրն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Էյչ-Էս-Բի-Սի (HSBC) խմբի կողմից՝ HSBC բանկի հովանավորությամբ: Ծրագրի մեկնարկից հետո՝ «Էյչ-Էս-Բի-Սի (HSBC) Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի աշխատակիցները կամավորական հիմունքներով բազմիցս այցելել են համայնք՝ տեղում ծանոթացել խնդիրներին, ինչպես նաև Տիգրանաշեն, Պարույր Սևակ և Գառնի համայնքների դպրոցներում՝ անցկացրել ջրի պահպանման խնդիրների մասին սեմինարներ: 

Համայնքի երեխաները փորձում են նկարագրել իրենց ուրախությունն ու ասում են, որ հիմա ավելի շատ են սիրում ջուրը և գիտեն, որ միայն իրենց գյուղում չէ ջրի խնդիրը, այլ ամբողջ աշխարհում, և ամեն կաթիլ ջրի խնայողությունն անգամ կարող է ապագայում կարևոր լինել:

«Այս ամենը մաս է կազմում մեր ընդհանուր բնապահպանական և էկոնգյուղերի ստեղծման նախագծի, որտեղ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությունների միջոցով փորձում ենք ենթակառուցվածքային զարգացում ապահովել տարբեր համայնքներում: Այդ համայնքները շատ մեծ բնապահպանական միջանցքի մաս են կազմում, որն արվում է հիմնականում մեծ կատվազգիների և ընդհանրապես կաթնասունների համար, որոնք են հայկական մուֆլոնները, լուսանները, արջերը, բեզոարյան այծերը և հովազը։

Այս տարածաշրջանը շատ կարևոր է մեզ համար, որպես միջանցքի կարևոր մի հատված, ինչպես նաև որպես հարևան երկրների դարպասներ հովազն այստեղով է անցնում:
Շատ կարևոր է, որ համայնքն ինքն առաջին հերթին գիտակցի բնապահպանության կարևորությունը, իրենց կարևոր լինելն այդ միջանցքում, նաև քիչ-քիչ կարողանանք ապահովել բոլոր ենթակառուցվածքերով, որոնք անհրաժեշտություն են կյանքն ավելի լավ կազմակերպելու, երիտասարդներին աշխատանքով ապահովելու համար: Օրինակ՝ օրգանիկ գյուղատնտեսություն, դրա համար ոռոգման գիծ է պետք, ինչպես նաև տարրական բաներ, ինչպիսին այստեղ խմելու ջուրն էր: Եվ շատ ուրախ ենք, որ կորպորատիվ կառույցները կարևորել են այս նախագիծը, որի հետ համագործակցել ենք և կարծում եմ ստացվել է»,- ասում է FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ՝ Մարտին Մարալչյանը ներկայացրեց համայնքի ջրատարի նախկին վիճակը և նորակառույց ներքին ցանցի տեխնիկական մանրամասները. «Նախկինում բացի նրանից, որ այս համայնքում ջուրը շատ քիչ էր, նաև գոյություն չուներ ներքին ցանց, ինչպես նաև չէր համապատասխանում սանիտարական նորմերին և պոմպի միջոցով մղվում էր օրվա կարգավորման ջրամբար, որն ընդամենը մետաղական բակ էր և չուներ ծածկ, որտեղ կարող էր լցվել փոշի, աղբ և այլն: Պարույր Սևակ գյուղում կառուցված ջրի ծրագրից, քանակություն ավելացավ, որն ուղորդվեց Տիգրանաշեն և ներքին ցանց կառուցվեց։ Կառուցվել է մոտ 9 կմ ջրագիծ։ Այժմ համայնքը ապահոված է 24-ժամյա խմելու ջրով: Շուրջ 48 բաժանորդների տներում ջրաչափ է տեղադրվել, որոնք կօգնեն մարդկանց սկսել խնայել, ինչի արդյունքում կունենանք մաքուր, սառնորակ աղբյուրի ջուր»:

«Կանխատեսվում է, որ բնակչության թիվը 2050թ.-ին կհասնի 9 միլիարդի և հայտնի է, որ 2025թ.-ին աշխարհի բնակչության 65%-ը կապրի ջրի սղություն ունեցող տարածաշրջաններում, մաքուր ջրի և սանիտարական պայմանների պակասը թողնում է լայնածավալ տնտեսական, սոցիալական և հումանիտար հետևանքներ և HSBC-ի համաշխարհային այս ծրագիրն օգնում է ապահովել, մաքուր ջրով, սանիտարական պայմաններով և օգնում լուծել աշխարհում ջրի հետ կապված խնդիրները»,- իր ելույթի խոսքում ասաց HSBC բանկի Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն՝ Փոլ Էդգարը:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ծրագրի ֆինանսական աջակիցը նշեց. «HSBC-ի համար հպարտություն է առնչություն ունենալ այս ծրագրի հետ: Կարծում եմ FPWC-ն հիանալի աշխատանք է անում: Սա հրաշալի ուղևորություն է, ես այստեղ եղել եմ՝ անցած տարի ամռանը և ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունները մենք գիտեինք: Ամեն ինչ շատ ֆանտաստիկ է լինելու: Մենք հպարտ ենք, որ ծրագրի մաս ենք կազմում և հպարտ ենք, որ կարողանում ենք աջակցել այս ծրագրին: Հուսով ենք, որ այս ծրագրին աջակցությունը կլինի շարունակական»:

Նախագծի շրջանակներում կազմակերպվել էր նաև լուսանկարների ցուցահանդես-մրցույթ, որտեղ տեղ էին գտել բնության և ջրի մասին պատմող՝ լավագույն թեմատիկ լուսանկարներ: Մի շարք լուսանկարների հեղինակ Սևակ Բաղդյանը պատմում է. «Սա այն եզակի դեպքերից է, երբ ջուրը ոչ թե փրկել, այլ սպանել է: Լուսանկարում հոլոքոստի կոշիկներն են, երբ գերմանացիները կրակել են մեկ մարդու վրա, իսկ մյուսները՝ կապված լինելով նրան, ընկել են ջուրը և խեղդվել: Լուսանկարում ջուր շատ կա, բայց կյանք չկա»:

Օրն ավարտվեց FPWC-ի «ԱրԱվես» էկո ակումբի կողմից կազմակերպված քայլարշավով․միջոցառման կամավոր մասնակիցները արշավեցին կովկասյան հովազի բնակավայր հանդիսացող հատուկ պահպանվող տարածքով։

 

Հեղինակ՝ Անէ Մարկոսյան

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում