Չեխիայում առյուծը «կերել» է իր 33-ամյա «տիրոջը» (ֆոտո)

Չեխիայում առյուծը հոշոտել է իրեն տան բակում պահող մարդուն: Միխալ Պրեսեկ անունով քաղաքացին տան  բակում պահում էր 9 տարեկան առյուծ, ինչպես նաև մեկ էգ առանձնյակ բուծելու նպատակով, ինչն առաջացրել էր հարևանների դժգոհությունը: Պրեսեկի հայրը հայտնաբերել է որդու դին առյուծի վանդակում և հայտնել է տեղի լրատվամիջոցներին, որ այն ներսից կողպված է եղել: 

Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակ են բացել վանդակում պահվող կենդանիների ուղղությամբ և սպանել նրանց: Ոստիկանության խոսնակը լրատվամիջոցներին հայտնել է, որ «դա միանգամայն անհրաժեշտ է եղել մարդուն հասնելու համար»:

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, 33-ամյա Միխալ Պրեսեկը որձ առյուծին գնել էր 2016թ.-ին, իսկ էգին՝ նախորդ տարի և պահել է նրանց Զդեհով կոչվող գյուղի տան բակում ինքնաշեն պատրաստված վանդակի մեջ: 

Ավելի վաղ նրան մերժել են տնային պայմաններում կենդանիների պահումը և բազմացումը թույլատրելու հարցում և նույնիսկ կիրառել են տուգանք, բայց նրա կոնֆլիկտն իրավապահ մարմինների հետ մտել է փակուղի, երբ վերջինս հրաժարվել է որևէ մեկին թույլատրել մուտք գործել մասնավոր տարածք: 

Միխալ Պրեսեկը նախորդ ամռանը ևս սկանդալի կենտրոնում էր հայտնվել, երբ հեծանվորդը պատահաբար հանդիպել էր նրան էգ առյուծի հետ վզկապով զբոսնելիս: Ոստիկանության միջամտությունից հետո դեպքը ճանաչվել էր որպես ճանապարհատրանսպորտային պատահար: Համայնքի ղեկավարը հույս է հայտնել, որ այս ողբերգական դեպքից հետո վերջապես հնարավոր կլինի լուծել այս երկար ձգված խնդիրը: 

Նշենք, որ տարիներ շարունակ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը բարձրաձայնում է ՀՀ-ում տարբեր մասնավոր տարածքներում պահվող վայրի կենդանիների խնդրի մասին՝ թվարկելով բազմաթիվ հնարավոր խնդիրներ և վտանգներ, սակայն իրավիճակը մինչ այսօր մնում է անվերահսկելի: Մինչ այժմ բաց է մնացել նաև կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը սահմանող օրենքի մշակումը և կիրառումը, այն դեպքում, երբ ՀՀ-ն տարածաշրջանում միակ երկիրն է, որը նշված օրենքը դեռ չի ընդունել: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում