Որսորդներն առանց կանոնների. 10 տարի՝ առանց որսորդական վկայականի (Մաս 1)

Օրեր առաջ Պտղնի համայնք տանող ճանապարհին հասարակական վայրում զենքի կիրառմամբ թափառող շների, այդ թվում՝ մեկ ամսական ձագերի, սպանած անձը՝ Երջանիկ Միսակյանը, հանդիսանում է «Որսակ» հայ որսորդների և ձկնորսների միության անդամ: Բացի այդ, պարզվում է նույն Երջանիկ Միսակյանը հանդիսանում է Պտղնի համայնքի ավագանու անդամ: Ըստ համայնքի պաշտոնական կայքէջի տվյալների՝ վերջինս ծնվել է 1982թ.-ին, ունի թերի բարձրագույն կրթություն և չի աշխատում: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցեց «Որսակ» հայ որսորդների և ձկնորսների միության ղեկավար Տարոն Բրսոյանի հետ՝ փորձելով պարզել նրա տեսակետը տեղի ունեցած դեպքի և ընդհանրապես որսի ոլորտում առկա իրավիճակի մասին:

Նշենք, որ Տարոն Բրսոյանը, նշված միության անդամները և ընդհանրապես որսորդությամբ զբաղվող քաղաքացիներ պարբերաբար տարբեր հարթակներում բարձրաձայնում են որսորդին որսագողից կամ առհասարակ զենքով մարդուց տարբերելու անհրաժեշտության մասին: Մենք հետաքրքրվեցինք նաև, թե վերջինս ի՞նչ տեսակետ ունի տեղի ունեցած դեպքի մասին, հատկապես, որ կատարող անձը հենց վերջինիս ղեկավարած միության անդամ է:

Պտղնիում թափառող կենդանիների վրա կրակած անձինք:

«Որսորդները, որոնք ունեն որսորդական վկայական, այս պահին օրենքի ուժով չեն տարբերվում մյուս քաղաքացիներից, որոնք բացի որսի իրավունք ունենալուց զուտ զենք գնելու պատճառով ստացել են այդ վկայականները: Այստեղ մեծ բացթողում կա օրենքի կետով ու որսորդմիությունները չեն կարողանում նմանատիպ քաղաքացիներից ինքնամաքրվեն, մնան հենց որսորդներով: Այդ իսկ պատճառով, երբ քաղաքացին ապօրինի գործողություն է անում, լինեմ ես որսորդ, որսորդ միության նախագահ կամ որպես քաղաքացի, ապօրինության դեմ ոչ կարող ենք խթանել, ոչ էլ լավ նայել այդ ամեն ինչին: Իսկ որսորդը, որը որսորդ միության անդամ է, ՀՀ քաղաքացի է և իր կատարած ոչ օրինական գործողությունները պատժվում են օրենքով: Իսկ էդ դեպքի մասին ես տեղյակ եմ, գիտեմ, որ քաղաքացին անօրինական գործողություն է կատարել, իմ դիրքորոշումը դա է»:

Տարոն Բրսոյան, «Որսակ» հայ որսորդների և ձկնորսների միության ղեկավար

Տարոն Բրսոյանն ասաց, որ իր ղեկավարած որսորդական միության անդամ Երջանիկ Միսակյանին անձամբ չի ճանաչում:

Մեր ճշգրտող հարցադրմանը, թե արդյո՞ք կարելի է ցանկացած քաղաքացու տրամադրել որսորդական վկայական, որի միջոցով վերջինս կստանա հրազեն կիրառելու իրավունք, «Որսակ» ՀԿ նախագահը պատասխանեց. «Ո՛չ, բոլորին չի կարելի տրամադրել: Ինչպե՞ս են դառնում որսորդ միության անդամ... գալիս են, դիմում են գրում, հայտնում են իրենց ցանկությունն անդամագրվելու, դիմումին կից մենք մշակել ենք նաև որս մինիմում, որը մյուս միություններում չկա, միայն մեզ մոտ կա այս պահին: Հանձնում են որս մինիմումը, ստանում են որսորդի վկայական: Այնտեղ որսի պայմանների, տեսակների մասին հարցեր են, բայց ինչ-որ շուն, ձագուկներ և այլ անօրինական քայլեր անող քաղաքացիները օրենքի ուժով են պատժվում, եթե կարիքը լինում է: Որսորդական միությունը որպես միջնորդ է, ոչ թե մենք ենք լիցենզավորում, այլ միջնորդ ենք: Մենք՝ որպես միջնորդ, նախարարությունից վերցնում ենք ու փոխանցում ենք քաղաքացիներին: Այսօր այդպես է ու այդ կարգը մշակվում է, մենք էլ ենք այդ կարգի մշակմանը մասնակցում ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության հետ»:

Որսորդական վկայական ստանալու ընթացակարգի մասին մեր բանավոր հարցերին Բնապահպանության նախարարությունը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, թե նախարարությունը չունի նշված հարցերի մասով պարզաբանումներ տրամադրող մասնագետ, փոխարենը՝ առաջարկեց ուղարկել գրավոր հարցում: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի գրավոր հարցմանն ի պատասխան, որտեղ խնդրել ենք պարզաբանել նաև, թե «ի վերջո, որ մարմինն է կայացնում որսորդական վկայական տրամադրելու մասին որոշում», ԲՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Ջիլավյանի ստորագրությամբ գրությունը մեջբերում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի դրույթները (պատասխանը կցվում է):

Տրամադրված գրության մեջ մասնավորապես ասվում է. «...Համաձայն նույն օրենքի 17-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է լիազորված մարմնի հաստատած միասնական ձևի որսորդական վկայական: Այն տրվում է լիազորված մարմնի կողմից որսորդական մինիմում ծրագրի քննությունը հանձնած և օրենքով սահմանված կարգով ու չափով պետական տուրք մուծած քաղաքացիներին, իսկ 18-րդ հոդվածի համաձայն` որսորդական մինիմումը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ լիազոր պետական մարմինը պետք է իրականացնի որսորդական մինիմումի քննության կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաև որսորդական վկայականի տրամադրումը: Վերոնշյալ խնդիրների կարգավորման նպատակով «Որսորդական մինիմումը և որսորդական մինիմումի կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայումս գտնվում է քննարկման փուլում»:

«Որսակ» միության մեկ այլ անդամ, որսորդ Էդուարդ Սարիբեկյանը, ով մշտապես բարձրաձայնում է օրինական որսորդներին տարբերելու անհրաժեշտության մասին, մեզ հետ զրույցում ևս անդրադարձավ վերոնշյալ դեպքին՝ ասելով. «Ես այդ ինֆորմացիան տեսել եմ ու չեմ ճանաչում այդ մարդուն, մեկնաբանություններն էլ կարդացի, պարզապես շատ բարկացած էի ու իսկապես չեմ ճանաչում: Ցավում եմ, որ ես նման մարդու հետ մի ՀԿ անդամ եմ, բայց այստեղ խնդիր կա, հետաքննություն և այլն, ես չեմ ուզում հիմա ինչ-որ գնահատականներ տալ: Կարծում եմ հետաքննությունը բոլոր հարցերը կպարզի, ես պարզապես այդ թյուրիմացության համար ցավում եմ»:

Էդուարդ Սարիբեկյան, որսորդ, Vesti.am կայքի խմբագիր

Վերջինս նշեց, որ հանդիսանում է մի քանի որսորդական միության անդամ, այդ թվում նաև «Որսակի», կարող է հավաստիացնել, որ տվյալ միությունում յուրաքանչյուրը հանձնում է որս մինիմում: «Իհարկե, որս մինիմումը դեռ նոր է մշակվում, միասնական չէ և պետությունը դեռ նոր պետք է միություններին տա, բայց նախկինում եղած որսորդական մինիմումների հիման վրա որոշակի փաստաթուղթ է ստեղծվել և որսորդական կազմակերպությունները իրենց անդամ ընդունելուց այդ որս մինիմումը ընդունում են: Այսինքն, ես հավաստիացնում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով կոնկրետ «Որսակի» անդամ է, տեղյակ է և իր իրավունքներից, և իր պարտականություններից, այնպես, որ այստեղ 2-րդ կարծիք լինել չի կարող»:

Էդուարդ Սարիբեկյանը վստահեցրեց, որ շան վրա կրակելու համար առաջնահերթությունը որսորդ լինելը չէ: «Մարդը պետք է որսո՞րդ լինի, որ շան վրա կրակի... որսորդն այն մարդն է, որ թույլատրված գործիքներով, թույլատրված ժամկետներում, թույլատրված կենդանիների որս է կատարում թույլատրված տարածքներում, մնացածը՝ որսորդ չեն: Այսինքն, եթե ինչ-որ մեկն իր տան բակում կամ հարևանի տան բակում կամ լուսնի վրա ինչ-որ բան է անում զենքով, որը նրան տրված է որսորդության համար, դեռ իրավունք չի տալիս որևէ մեկի մարդու արարքը վերագրել որպես որսորդի արարք: Այո՛, գուցե նա որսորդական միության անդամ է, գուցե որսորդական միության անդամ լինելով ստացել է որսորդական զենք որս կատարելու համար, բայց որսորդական զենքով նաև մարդ են սպանում, որսորդական զենքով նաև հայրենիքի սահման են պաշտպանում ու այսքան ժամանակ ես դեռ չեմ տեսել, որ ինչ-որ մեկն ասի, որ որսորդը մարդ սպանեց կենցաղային հողի վրա»,- մանրամասնեց նա:

Այսպիսով, Պտղնիում տեղի ունեցած, ինչպես նաև ՀՀ-ում գրանցվող որսագողության, առանձնակի դաժանությամբ կենդանիների նկատմամբ «հաշվեհարդար» տեսնելու, թափառող կենդանիների վրա կրակելու դեպքերը ստիպում են բազմակողմանիորեն ուսումնասիրել ոլորտում առկա խնդիրները, որոնք հանգեցրել են նման իրավիճակի: 

Փաստացի, օրենքով սահմանված է որսորդական մինիմում հանձնելու անհրաժեշտությունը՝ որպես որսորդական վկայական ձեռք բերելու պայման, սակայն մինչ այսօր ՀՀ կառավարության կողմից չի սահմանվել որսորդական մինիմումը: «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2007թ.-ին: Որսորդների պնդմամբ որսորդական մինիմումը չի կիրառվում կամ կիրառվում է առանձին դեպքերում, այն էլ՝ որսորդական միությունների նախաձեռնությամբ, այլ ոչ թե լիազոր մարմնի կողմից և օրենքով սահմանված եղանակով: Ավելին, ՀՀ-ում սիրողական որսով զբաղվող մարդիկ մինչ այժմ չունեն անգամ որսորդական միասնական վկայական: 

 

Շարունակելի... 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում