Վազաշենում հանքի հանրային լսումները չեն կայացել
![](https://econews.am/disk/27-02-19/68e574e57075b7ddeb5397cf43ff5fa7.jpg)
Այսօր՝ փետրվարի 27-ին Տավուշի մարզի Վազաշեն համայնքում նախատեսված հանրային լսումները տեղի չունեցան: Վազաշեն համայնքի բնակիչները, ինչպես նաև ՀՀ տարբեր տարածքներից ժամանած քաղաքացիներն իրենց բողոքի ձայնը հայտնեցին նախատեսվող հանքի շահագործմանն ու դրան նախորդող գործողությունների իրականացմանը:
Հիշեցնենք, որ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն նախատեսում է Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ և կապար որոնել և հաշվարկել դրանց պաշարները: Նախատեսվում է նաև ռադիոակտիվ տարրերի զանգվածային որոնում: Հանքերևակման տեղամասը գտնվում է Գուգարաց լեռնաշղթայից դեպի արևելք ձգվող Վահագնի լեռնաճյուղի լանջերին՝ Աղստև գետի ստորին հոսանքի ավազանում, Վազաշեն համայնքի վարչական տարածքում: Ըստ հայտի` ուսումնասիրության տարածքը թփուտապատ է, սակայն մակերեսային երկրաբանահետախուզական փորվածքները փորվելու են անտառազուրկ տարածքներում: Սակայն հայտի «Բուսական ծածկույթ» բաժնում նշվում է, որ Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման շրջանում տիրապետող են հաճարենու, կաղնու, բոխու լայնասաղարթ անտառները: Հայտով բացառվում է ծառերի և թփերի հատումը, ջրերի աղտոտումը: Պաշարների հաստատվելու դեպքում հանքաքարի արդյունահանումն իրականացնելու են ստորգետնյա եղանակով` բացառելով ծառահատումները:
Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ Վազաշեն համայնքի ղեկավար Բադիրյան Լորիկը հրաժարվել է արձանագրել հանրային լսումների կայացած չլինելու հանգամանքը, ուստի ներկաներն իրենք են որոշել կազմել արձանագրություն:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/03-10-22/3ed0cd88a585d0b9063c72d82930f05a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/28-09-22/670038f86dafd3cc3fe7618aaf9630b1.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-09-22/1795dfc7172a5053b9504176d64a50f6.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-09-22/7fdef48e91dad8a820115591b12c3b84.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/24-08-22/3639bc5f877a3013b950bd8ef05ca4bc.jpg&w=300&h=200)