Անընդունելի եմ համարում Տավուշի մարզում որևէ հանքի շահագործումը. Սիփան Փաշինյան

«Վերջին օրերին ակտիվ քննարկվում է սահմանամերձ Վազաշենում հանքի հնարավոր բացման հարցը։ Եվ քանի որ բազմաթիվ քաղաքացիներ դիմել են ինձ, որպեսզի իմանան իմ կարծիքը, հարկ եմ համարում հրապարակային հայտարարել հետևյալը․

Ես, որպես տավուշեցի, անընդունելի եմ համարում Տավուշի մարզում որևէ հանքի շահագործումը։ Նախ և առաջ՝ հանքարդյունաբերությունը կարող է բերել բնակչության համար համատարած առողջական երբեմն անդառնալի հետևանքների։ Երկրորդ՝ հանքի շահագործումը կվնասի Տավուշի անկրկնելի և չքնաղ բնությանը, որը Տավուշի գլխավոր այցեքարտն է համայն հայության և տուրիստների համար։ Ես որպես տավուշցի անթույլատրելի եմ համարում ցանկացած գործունեություն, որը միտված կլինի Տավուշի էկո համակարգը խարխլելուն»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է պատգամավոր Սիփան Փաշինյանը։

Վերջինս շարունակում է. «Եվ ի վերջո, Տավուշը երազանքների վայր է, որտեղ ոչ թե պետք է ծառեր հատել և փորել ընդերքը, այլ՝ կառուցել առողջարաններ, հյուրանոցներ, զբաղվել գյուղատնտեսությամբ, էկո բիզնեսով, օգտվել բնության կողմից տրված բարիքներից, շնչել մաքուր օդը և ինչու ոչ՝ սիրահարվել ։)

Այս կարծիքին են նաև բազմաթիվ տավուշցի գործարարներ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներդրումներ իրականացնել Տավուշում, որը ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում»։

Հիշեցնենք, որ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն նախատեսում է Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ և կապար որոնել և հաշվարկել դրանց պաշարները: Նախատեսվում է նաև ռադիոակտիվ տարրերի զանգվածային որոնում: Հայտի հանրային լսումները տեղի կունենան փետրվարի 27-ին` Տավուշի մարզի Վազաշենի համայնքապետարանում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում