Պավլովնիա. Ինվազիվ բուսատեսակների անվերահսկելի վաճառքը շարունակվում է

ՀՀ-ում ինվազիվ բուսատեսակների վաճառքը շարունակում է անվերահսկելի մնալ։ Առցանց վաճառքի կայքերում բազմաթիվ են նման բուսատեսակների վաճառքի մասին գովազդները, սակայն իրազեկող տեղեկատվությունը դրանց ինվազիվ լինելու մասին, բացակայում է։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ուսումնասիրեց հանրային հարթակներում հնչեցվող տեսակետները՝ պարզելու համար կա արդյո՞ք նման բուսատեսակների տարածման վտանգ, որքանո՞վ են խնդրին տեղյակ պետական կառույցները և ի՞նչ տեսակետ ունեն հարցի շուրջ տարբեր մասնագետները:

Անտառագետ Վահե Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջապես կա՞ մեկը, ով կհերքի կամ կհաստատի Paulownia բույսի ինվազիվ լինել չլինելու հարցը։ Խոսել եմ բուսաբան ընկերներիս, կոլեգաներիս հետ, նրանք մտածում են, որ զգույշ պետք է լինել ամեն դեպքում»։

Ինվազիվ բուսատեսակների, դրանց ուսումնասիրության և հնարավոր վտանգների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով մենք զրուցեցինք անտառագետ, կ. գ. թ. Վահե Մարտիրոսյանի հետ: «Իմ մտավախությունը ոչ միայն այս բույսն է, այլ անվերահսկելի, թափթփված ու անպատասխանատու վերաբերմունքը նմանօրինակ խնդիրներին: Պետական որոշ տնկարաններում այսօր աճեցվում են Հայաստանի համար որպես ինվազիվ բուսատեսակ գրանցված հացենատերև թխկին, որը կիրառվում է անտառվերականգնման կամ կանաչապատման ծրագրերում: Տարիներ առաջ հանկարծակի մեր անտառներ են մտել այլանթը և նույն հացատերև թխկին, որոնք նույնպես հանդիսանում են ինվազիվ տեսակներ»,- ասաց նա։

Ըստ նրա՝ իրականում համապատասխան մարմիններ կան, ովքեր պետք է զբաղվեն այս ամենով, այսինքն՝ գործիքները կան, բայց պատշաճ ձևով չեն կիրառվում: «Իմ տեսակետից հարցը չի վերաբերում միայն Պավլովնիային (Paulownia), քանի որ այս բույսի ինվազիվ լինել չլինելու վերաբերյալ կան իրարամերժ կարծիքներ՝ որոշները գտնում են, որ այն վտանգ չի կարող ներկայացնել, իսկ մյուսների կարծիքով՝ պետք է զգուշավոր լինել:
Լուծումները տարբեր կարող են լինել, օրինակ՝ պետք է հստակեցվի ոլորտը վերահսկող յուրաքանչյուր մարմնի դերն ու գործառույթները, միգուցե՝ վերահսկողություն մաքսային անցակետերում, տարբեր բույսերի կամ տնկիների ներմուծման դեպքերը գրանցելու համար, միգուցե տնկարանները պետք է վերահսկողության տակ առնվեն և այլն»,- մանրամասնեց նա:

Վահե Մարտիրոսյան, անտառագետ, կ. գ. թ.

Նշենք, որ ինվազիվ են համարվում այն բուսատեսակները, որոնք տարածվելով մարդկային գործունեության հետևանքով վտանգ են ներկայացնում կենսաբազմազանության համար։

Այս պարագայում, քննարկման առարկա է հանդիսացել պավլովնիա բուսատեսակը, սակայն խնդիրն ավելի գլոբալ դիտարկման կարիք ունի: Ոլորտի ներկայացուցիչներին առավել շատ մտահոգում է, թե որքանով է ուսումնասիրվում և վերահսկվում բուսական աշխարհին առնչվող խնդիրները:

«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք, հոդված 6. Լիազորված պետական մարմնի իրավասությունները 

Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված պետական մարմին) իրավասություններն են`

...

է) բուսական աշխարհի մոնիտորինգի կազմակերպում և իրականացում։

Պարզելու համար, թե խնդրի կանոնակարգման հարցում ի վերջո ինչ դերակատարում ունի լիազոր մարմինը՝ Բնապահպանության նախարարությունը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը, խոսեցինք նաև Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Գեորգի Ֆայվուշի հետ, ով ասաց. «Մեզ մոտ, իհարկե, վտանգ կա, բայց ոչ այնքան մեծ: Վրաստանում պավլովնիա բուսատեսակը բավականին ժամանակ է՝ օգտագործվում է, ուսումնասիրվում և փորձեր են կատարվում, բայց դեռևս այն ագրեսիվ վարք չի ցուցաբերել։ Մեզ մոտ, եթե անգամ լինի որևէ վտանգ, ապա ակնհայտ է, որ այն կլինի Տավուշի մարզում ՝ Նոյեմբերյանում և Իջևանում: Երևանի տարածքում՝ չեմ կարծում, որովհետև պայմաններն այդքան էլ չեն համապատասխանում: Երևանում բույսն ինվազիվ չէ, և դա պայմանավորված է քաղաքի կլիմայով: Մայրաքաղաքում կլիման շատ չորային է և երկրորդ՝ Երևանում հողի վերին շերտերը աղքատ են, իսկ այս բույսին հարկավոր է հարուստ հողային շերտ»:

Գեորգի Ֆայվուշ, կ. գ. դոկտոր, պրոֆեսոր

Գեորգի Ֆայվուշը մանրամասնեց, որ պավլովնիա տեսակը 1990 թ.-ին Չինաստանից բերվել է Եվրոպա, հետո հայտնվել է ԱՄՆ-ում, որտեղից էլ այն սկսվել է արագորեն տարածվել և մի շարք նահանգներում այն համարվում է ինվազիվ։ Եվրոպայում այս բույսը նույնպես տարածված է, բայց ոչ շատ, ինչպես Միացյալ նահանգներում։ Նաև Ճապոնիայում է այն համարվում ինվազիվ տեսակ:

Խոսելով ՀՀ տարածքում նշված բուսատեսակի շուրջ կատարված ուսումնասիրությունների մասին, Ֆայվուշը նշեց. «Պավլովնիա բույսի մասով ուսումնասիրություններ չեն կատարվել։ Ես ութ տարի առաջ եմ հանդիպել անտառում և ընդամենը մեկ օրինակ Նոյեմբերյանի տարածքում: Հիմա մեզ մոտ այդ տվյալները չկան»:
Իսկ Բնապահպանության նախարարությունից Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում հայտնեցին, որ պավլովնիա բուսատեսակի ինվազիվ լինելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով նախարարությունը դիմել է ՀՀ ԳԱԱ, որտեղից էլ հարցումն ուղղվել է Բուսաբանության ինստիտուտ։ Գեորգի Ֆայվուշը ԲՆ կողմից ուղարկված հարցման մասին, նշեց. «Հարցումը հետևյալ բովանդակությամբ էր՝ «Ջրվեժ» անտառպարկում ցանկանում են աճեցնել պավլովնիա բուսատեսակը, իսկ մենք պատասխանեցինք, որ այդ պայմաններում չենք կարծում, որ այն կարող է լավ աճել, բացի այդ՝ Երևանի տարածքում գուցե չկա ինվազիվ դառնալու վտանգ, բայց այլ մարզերում անխոս վտանգավոր է»։

Այսպիսով, պրոֆեսոր Ֆայվուշը նշում է, որ բուսատեսակը կարող է վտանգավոր լինել ՀՀ մարզերում, հատկապես՝ Տավուշի մարզում: Այնուամենայնիվ բուսատեսակը հանդիսանում է ազատ վաճառքի առարկա:

ՀՀ անտառային տարածքներում նշված բուսատեսակով անտառվերականգնման և անտառտնկման ծրագրեր իրականացված լինելու մասին տվյալներ ձեռք բերելու նպատակով դիմեցինք նաև Անտառային կոմիտե («Հայանտառ» ՊՈԱԿ): «Նախկինում և այս պահին պավլովնիա բուսատեսակով անտառվերականգնման ծրագրեր չենք իրականացրել, բայց հնարավոր է առաջիկայում նախատեսենք»,- մեզ հետ զրույցում ասաց կոմիտեի մամուլի գծով պատասխանատու Լուսինե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է որպես Անտառային կոմիտե և տեղափոխվում Բնապահպանության նախարարության ենթակայության տակ։

Մեզ հետ զրույցում Գեորգի Ֆայվուշը ևս մեկ հետաքրքիր դիտարկում արեց. «Մեզ մոտ շատ ավելի վտանգավոր բուսատեսակներ կան, որոնք իրենք են հայտվել՝ ոչ ոք չի բերել դրանք Հայաստան, և դրանք տարածվում են, ընդ որում՝ իսկապես ավելի մեծ վտանգ են ներկայացնում, օրինակ ՝ ամբրոսիան (Ambrósia), որը հայտնաբերվել է 1983թ.-ին և հիմա տարածված է Սպիտակում և Դիլիջանում: Սա այն ինվազիվ տեսակն է, որը բաց է թողնում շատ փոշի, իսկ փոշին առաջացնում է ուժեղ ալերգիա, և պատկերացնո՞ւմ եք՝ Դիլիջանը լինելով հանգստի գոտի, այդ ալերգիան ինտենսիվ տարածվում է։

Եվս մեկ օրինակ է սպիտակ ակացիան (Robinia pseudoacacia), որը մեզ մոտ հաճախ օգտագործվում է ճանապարհների կողքին, ծածկերի վրա՝ այս բույսն ավելացնում է ազոտի քանակը, որը մյուս բույսերն այդքան էլ չեն սիրում»:

Սպիտակ ակացիա/Robinia pseudoacacia

Այսպիսով, թեմայի բազմակողմանի ուսումնասիրության դեպքում ակնհայտ են դառնում առկա խնդիրները: Այս պահին բուսական աշխարհում առկա իրավիճակի, ինվազիվ բուսատեսակների տարածման մասին չկան հստակ տվյալներ, ուսումնասիրություններ: Կատարվել են միայն առանձին դեպքերով որոշ ուսումնասիրություններ, այն էլ՝ տարիներ առաջ: Խնդրի հետ կապված պետական մարմինների կողմից տարվող աշխատանքները ոչ բավարար են:

 

Հեղ․՝ Անէ Մարկոսյան

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում