Առանց թթվածնի ապրող ձկները. կենդանական աշխարհն էվոլյուցիա է ապրում (տեսանյութ)

2015թ.-ից ծովային կենսաբանները ուսումնասիրում են Կալիֆորնիայի ծոցի խորքային ջրային տարածքները՝ օգտագործելով հեռակառավարվող ստորջրյա ռոբոտներ: Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանի օվկիանոսագրության Ստրիպպսի ինստիտուտի հետազոտության հեղինակ Նատալիա Գալոն ուսումասիրել է ծայրահեղ պայմաններում ապրող արարածներին: Վերջինս օվիանոսների ուսումնասիրության ինստիտուտի իր գործընկերների հետ հայտնաբերել է մի քանի տեսակի էքստրեմոֆիլ ձկների (շրջակա միջավայրի ծայրահեղ պայմաններում ապրելու և բազմանալու կարողություն ունեցող կենդանի օրգանիզմների ամբողջություն), որոնք ապրում են առանց թթվածնի։ 

Այն տարածքները, որտեղ իջել է ծովային հետազոտական սարքը, համարվում են «մեռած գոտիներ»: Այստեղ թթվածնի խտությունը 40 անգամ ավելի ցածր է, քան միջավայրում, որը համարվում է ձկների համար նվազագույն անհրաժեշտ: Այնուամենայնիվ, այստեղ բնակվում է կալիֆորնիական խոշորագլուխ շնաձուկը (Lollipop catshark/Cephalurus cephalus) և այլ ձկնատեսակներ (Cherublemma emmelas, Dibranchus spinosus):

«Ես չէի հավատում իմ աչքերին։ Առանց թթվածնի միջավայրը պետք է բացառի ձկների առկայությունը, սակայն այնտեղ հարյուրավոր ձկներ կային։ Սա յուրահատուկ բան է, որը ստիպում է վերանայել մեր գիտելիքներն օրգանիզմների վրա հիպոքսիայի ազդեցության մասին»,- ասել է Նատալիա Գալոն:

Հստակ բացատրել, թե ինչ ֆիզիոլոգիական առանձնահատկություններ են օգնել ձկներին հարմարվել ծայրահեղ պայմաններին կենսաբանները դեռ չեն կարողանում։ Նրանք միայն որոշակի ընդհանրական եզրակացություններ են արել։ Մասնավորապես, հայտնաբերված բոլոր ձկնատեսակները չեն գերազանցում 30 սմ երկարությունը, բնութագրվում են որպես փափուկ և փխրուն մարմիններ, բարակ ոսկորներով, բայց նրանց գլուխներն ու խռիկները մեծ են մարմնի չափերի համեմատ: Հավանաբար, փոքր և փափուկ մարմինները թույլ են տալիս նվազեցնել էներգիայի սպառումը, իսկ մեծ խռիկները ավելի արդյունավետ են կլանում թթվածինը:

Նման ծայրահեղ միջավայրում հայտնված այս տեսակները հնարավոր է տեղափոխված լինեն գիշատիչներից խուսափելու համար: Բացահայտումը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է կենդանական աշխարհն արձագանքում շրջակա միջավայրի փոփոխություններին: Եթե Համաշխարհային օվկիանոսը շարունակի կորցնել թթվածնի պաշարները, հնարավոր է, որ ծովային մյուս կենդանիները ևս էվոլյուցիա ապրեն և զարգանան համապատասխան ուղղությամբ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում