Քաղաքացիները աղբը լցնում են ջրանցքները. Վարչապետը՝ տնտեսական վարքագծի փոփոխության մասին

Փետրվարի 15-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետն անդրադարձել է կառավարության առաջիկա քայլերին և տվել հանձնարարականներ:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2014 թ. դեկտեմբերի 18-ի որոշման մեջ, որով սահմանվում է ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ըստ հիմնավորման՝ 2019 թ. ՀՀ պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 928,871.2 հազար դրամ գումար, որը կբաշխվի ցանկում ընդգրկված փոխհատուցում ստացող համայնքներին: Գումարը տրամադրվում է ՀՀ Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 1), Վայոց ձորի (թվով 2) և Տավուշի մարզերի (թվով 11) 16 սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման նպատակով:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքվել է ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքով: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ համապատասխան աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: «Ամեն ինչ անում ենք, որ Ձեր նախանշած ժամկետում՝ մարտի 15-ին, բոլոր տնտեսությունները ջուր ունենան»,- նշել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այդ աշխատանքներում պետք է նաև համայնքներին, բնակիչներին, կամավորներին ներգրավել, քանի որ ի վերջո այդ տնտեսությունն առաջին հերթին իրենց է սպասարկում: «Շատ կարևոր է, որ քաղաքացիներն իրենց կողմից ինչով կարող են այդ գործընթացին մասնակցեն, որովհետև շատ դեպքերում մենք աշխատում ենք քաղաքացիների կողմից առաջացած խնդիրները լուծելու համար: Օրինակ՝ ջրանցքներն օգտագործվում են որպես աղբանոցներ: Այսինքն՝ պետական բյուջեից միջոցներ ենք տրամադրում, որպեսզի ջրանցքները մաքրվեն: Ենթադրենք կառավարությունը, պետությունը այս ուղղությամբ չաշխատի, դա նշանակում է, որ ջրամատակարարումը պատշաճ չի իրականացվի: Բայց հարց՝ ինչո՞ւ է այդ աղբը հայտնվել այդտեղ, որովհետև քաղաքացիները աղբը լցնում են ջրանցքները: Իսկ ինչո՞ւ աղբահանություն չի արվում համայնքներում, որովհետև քաղաքացիները ընտրությունների ժամանակ գյուղապետ, ավագանի ընտրելիս առաջնորդվում են ոչ թե այն տրամաբանությամբ, թե ով այդ հարցերը կլուծի, այլ ով է ընտրակաշառք տալիս, ով ում հետ է բարեկամ, ում հետ ինչ շահեր ունի, ով ինչ ապօրինի ծառայություն է խոստացել»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը մեր հետագա տնտեսական զարգացման համար մեկ անգամ ևս կարևորել է մարդու տնտեսական վարքագծի փոփոխությունը: «Երբ այդ մասին ասում ենք, նաև սա նկատի ունենք. աղբը լցնել-չլցնել իրենց իսկ մատակարարող ջրանցքի մեջ՝ տնտեսական վարքագծի փոփոխություն է: Այսինքն՝ մեր մոտ տրամաբանությունը հետևյալն է՝ աղբը լցնում ենք, ջրանքցքները ջարդուփշուր ենք անում, այդ թվում՝ ապօրինի գծեր քաշելու համար, այդ ամենը խաթարում ենք, ընդ որում նաև՝ աջ ու ձախ կաշառքներ տալով և վերցնելով, և հետո էլ ասում ենք, որ ջուր չկա ոռոգման սեզոնի թեժ շրջանում: Երբ մենք ասում ենք տնտեսական վարքագծի փոփոխություն, նաև սա նկատի ունենք: Պետք է այս սեզոնին նաև իրենք աջակցեն կառավարությանը, որպեսզի այս աշխատանքները պատշաճ մակարդակով արվեն և հետագայում էլ ջրանցքներն առավել խնամքով օգտագործեն: Եվ այն գումարները, որոնք մենք այսօր պետք է ծախսենք լցված աղբը հանելու համար, կարող ենք ծախսել ընթացիկ սպասարկման, ինչ-որ փոքր կապիտալ ծախս իրականացնելու վրա»:

Վարչապետին մանրամասներ են ներկայացվել նաև այսօրվա դրությամբ բոլոր ջրամբարների լցվածության մակարդակի, ջրամբարներից թողքերի նկատմամբ նախատեսվող հսկողության ընթացքի և ոլորտին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում