Սինգապուրի կառավարությունը կաջակցի Երևանի բուսաբանական այգու զարգացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Վարչապետը նախ ներկայացրել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքները, այնուհետև անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացքին:

Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է. «Սինգապուրի փոխվարչապետի հետ ունեցանք խոսակցություն, որը կապված է, մասնավորապես, ավիափոխադրումների հետ: Նախնական պայմանավորվածություն կա, որ Սինգապուրի կառավարությունն աջակցություն ցուցաբերի Երևանի բուսաբանական այգու վերականգնման ուղղությամբ, որովհետև գիտեք, որ Սինգապուրում աշխարհահռչակ բուսաբանական այգի կա: Սինգապուրի փոխվարչապետն, ըստ էության, տեղում հաստատեց, որ կարող ենք այդ հարցը լուծված համարել, մնում է, որ Երևանի քաղաքապետարանը Բնապահպանության նախարարության հետ կոնկրետ նախագիծ ներկայացնի»:

Նշենք, որ Երևանի բուսաբանական այգին հիմնադրվել է 1935թ.-ին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից (տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ)։ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության այգու տարածքում հողամասի տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Շվեյացրիայի նախագահի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ շվեյցարական կողմը ջրային ռեսուրսների կառավարման առումով աջակցություն կցուցաբերի Հայաստանին, որովհետև այդ առումով Շվեյցարիան գտնվում է բարձր մակարդակի վրա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում