«Կանաչ Թալին». սկսվել է կենցաղային աղբի և պլաստիկե թափոնների տարանջատման փուլը

Արագածոտնի մարզի Թալին քաղաքի գեղարվեստի դպրոցում՝ «Կանաչ Թալին» ծրագրի շրջանակներում անցկացվել է հանրային քննարկում: Հանդիպումը կազմակերպվել էր Բնապահպանության նախարարության, Թալինի քաղաքապետարանի և «Ուրբան» հիմնադրամի նախաձեռնությամբ։

«Կանաչ Թալին» ծրագիրն իրականացվում է Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկած մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության աստիճանաբար նվազեցման գործընթացի շրջանակներում, որի նպատակն է շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցումն ու աղբի կառավարման արդյունավետ իրականացումը։

Հանդիպմանը մասնակցել են Թալին համայնքի ղեկավար Սարգիս Արամյանը, «Ուրբան» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Արմինե Թուխիկյանը, բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման և հիմնադրամի մասնագետները, Թալինի գեղարվեստի դպրոցի ուսուցչներն ու սաները:

Որոշվել է առաջիկայում «Ուրբան» հիմնադրամի աջակցությամբ քաղաքում տեղադրել համապատասխան աղբամաններ և սկսել կենցաղային աղբի և պլաստիկե թափոնների տարանջատման փուլը։ Գեղարվեստի դպրոցի սաներին և ուսուցիչներին առաջարկվել է ստեղծել «Կանաչ Թալինը» խորհրդանշող պատկերներով լոգոների էսքիզներ, որոնցից լավագույնը կընտրվի որպես խորհրդանիշ, ինչը նաև հանրությանն իրազեկելու արդյունավետ միջոց կծառայի։

Համայնքի ղեկավար Ս․ Արամյանն իր պատրաստակամությունն է հայտնել առավելագույնս ներգրավվել «Կանաչ Թալին» ծրագրի շարունակական աշխատանքներին՝ առաջարկներ ներկայացնելով Թալին համայնքում կանաչապատ նոր գոտիների, ինչպես նաև գովազդային վահանակների ստեղծմանն աջակցելու գործընթացին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տեղական և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվելիք բնապահպանական ծրագրերը՝՝ առաջարկելով բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել համայնքային խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներին։
«Ուրբան» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ա․ Թուխիկյանը ներկայացրել է երկտեղ աղբարկղերի տեղադրման, պլաստիկ շշերի վերամշակման, ինչպես նաև Թալինի աղբավայրի ցանկապատման, վերանորոգման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հարցերը։

Քննարկմանը զուգահեռ Թալինի մի քանի առևտրի կենտրոններում անցկացվել են հարցումներ՝ օգտագործվող պոլիէթիլենային տոպրակների քանակի, շրջանառության, ինչպես նաև հանրային կարծիքի, հանրության տրամադրվածության վերաբերյալ։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում