Ամանորյա նվեր ընտրե՞լ եք... բեզոարյան այծ, ճուռակ, այծյամ և անգամ՝ կոկորդիլոս (ֆոտո)

Ցավով պետք է արձանագրենք, որ հասարակության շրջանում դեռ առկա չէ էկո-մշակույթի այն մակարդակը և գիտելիքների այն պաշարը, որը կբացառի անկենդան խրտվիլակների ցուցադրումից հաճույք ստանալը, կամ նվազագույնը՝ դրանց ազատ և անթաքույց՝ որպես «ամանորյա նվեր», վաճառքը:

Առցանց վաճառքի կայքերից մեկում գիշատիչ թռչնի փոշոտ, անխնամ և անկենդան այս խրտվիլակը ներկայացվում է որպես ամանորյա նվեր: Այսպիսի երևույթներն են, որ վկայում են մեր հասարակության լայն զանգվածի շրջանում դեռևս անբեկանելի հակաբնասիրական և հակաբնապահպանական վերաբերմունքի մասին:

Ընդամենը 73 000 դրամով կարող եք ձեռք բերել ամանորյա այս «գիշատիչ նվերը»...

«Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ տնօրեն, կ.գ.թ. Կարեն Աղաբաբյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ թռչունը ճահճային մկնաճուռակը (Circus aeruginosus) ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն է, որը որսատեսակ չհանդիսացող տեսակ է: Բնակվում է լճերի մոտ, ճահճուտներում։ Սնվում է թռչուններով, միջատներով, ջրառնետներով։ Որսը որոնում է ցածր, դանդաղ թռիչքի ընթացքում՝ կիսաբաց թևերը վեր պարզած։ 

Անգամ անտեսելով խնդրի բարոյական կողմը, անհրաժեշտ է նշել նաև, որ կենդանիների, դրանց արգասիքի, խրտվիլակի անվերահսկելի վաճառքի դեպքում պետությունը կրկնակի կորուստ է կրում: Առաջին կորուստը բնության պատճառված հավանական վնասն է, իսկ մյուսը՝ գործարքների իրականացման հետևանքով պետությանը չվճարված հարկերն ու այլ պարտավորությունները: 

Որսի համար չթույլատրված և անգամ կարմիրգրքյան կենդանիների խրտվիակների անթաքույց և ազատ վաճառքը տեղի է ունենում, որովհետև ՀՀ-ում կենդանական աշխարհի և կենդանապաշտպանության ոլորտում օրենսդրական կարգավորումները ոչ լիարժեք, թերի են, իսկ պատշաճ վերահսկողության բացակայության հետևանքով չի կանոնակարգվում կենդանիների, ինչպես նաև դրանց արգասիքի առք ու վաճառքի գործընթացն ընդհանուր առմամբ: Իրավապահ մարմիններին անգամ չի հետաքրքրում, թե կարմիրգրքյան կենդանին ինչպե՞ս և ինչի՞ հետևանքով է խրտվիլակի վերածվել:

Որքան տարօրինակ է, որ կենդանու խրտվիլակը կարող է «յուրօրինակ նվեր» հանդիսանալ, ապշեցնող է նաև, որ գյուղատնտեսական հայտարարությունների հարթակում ազատորեն վաճառվում է «լավ վիճակում գտնվող ԷԿԶՈՏԻԿ կենդանիների խրտվիլակների հավաքածու»:

Ներկայացնենք մեկ այլ հավաքածու վաճառողի. Բեզոարյան այծ, այծյամ, ականջավոր բու, փասիան, կրիա, թութակ և անգամ կոկորդիլոս ընդգրկող հավաքածուն վաճառվում է «2700 ԱՄՆ դոլլարին համարժեք դրամով, սակայն նմուշների վաճառքը հնարավոր է նաև մաս-մաս»: Վաճառողը Հայկ Կիսեբլյան անունով լուսանկարիչ է:

Վերջինս, հնարավոր հաճախորդի հետ զրույցում հայտնեց, որ հավաքածուն այլևս չի վաճառվում, քանի որ գումարի հարցն արդեն լուծվել է: Նշենք, որ Հայկ Կիսեբլյանը մասնակցել է 2018թ.-ին կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Ռեֆորմիստներ» կուսակցության ցուցակով:

Կարեն Աղաբաբյանը հայտնեց նաև, որ վերոնշյալ կենդանատեսակներից երկուսը՝ բեզոարյան այծն (Capra aegagrus) ու անդրկովկասյան փասիանը (Phasianus colchicus) ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակներ են: Բեզոարյան այծն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii); C2a(i): Ականջավոր բուն բվերի ընտանիքի գիշատիչ թռչուն է՝ նստակյաց, Հայաստանում քիչ տարածված: Թե ինչպես է կոկորդիլոսի խրտվիլակը հայտնվել Հայաստանում, դժվար է ասել:

Նշենք, որ սույն հրապարակումը ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների, ինչպես նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մանրազննին ուսումնասիրության առարկա է: Առցանց վաճառքի կայքերում և այլ հարթակներում կենդանիների, ինչպես նաև դրանց արգասիքի, խրտվիլակների առք ու վաճառքի երևույթները, դրանց բացահայտ ցուցադրումը բացասական ազդեցություն է ունենում հասարակության լայն զանգվածների վրա և կրում են հակադաստիարակչական բնույթ: Այս մասին տարբեր հարթակներում՝ տարբեր մասնագետների և ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվել է բազմիցս:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում