Որտե՞ղ կարելի է հանձնել տեսակավորված աղբը. ստեղծվել է նոր Կանաչ հարթակ

Առաջին անգամ Հայաստանում քարտեզագրվել են տեսակավորված թափոնների աղբամանները վերամշակող կազմակերպություններն ու թափոններ ընդունող կետերը: Կանաչ հարթակի (www.recycling.am) ստեղծման նպատակն է տեղեկացնել հանրությանը Հայաստանում գործող վերամշակող կազմակերպությունների մասին։ Կայքը մեկտեղել է վերամշակման գործընթացին առնչվող հիմնական կոնտակտային տվյալները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին հեշտությամբ գտնել, թե ցանկության դեպքում որտեղ կարելի է հանձնել տեսակավորված աղբն ու սեփական վարքագծով նպաստել ավելի առողջ, ավելի կանաչ միջավայրի ձևավորմանը։  

«Թափոնների վերամշակումը շատ կարևոր է, քանի որ աղբը հսկայական բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա։ Աղբավայրերի թափոններից վնասակար քիմիական նյութներն ու ջերմոցային գազերը օդ են արտազատվում, իսկ վերամշակումն օգնում է ոչ միայն նվազեցնել թափոնների պատճառած աղտոտումը, այլ նաև կրճատել հումքի օգտագործումը։ Պլաստիկ նյութերի քայքայման համար, օրինակ, պահանջվում են հարյուրավոր տարիներ։ Բացի այդ նոր արտադրանք ստանալու համար պահանջվում է հսկայական էներգիա, մինչդեռ շշերի, թղթի, պլաստիկի կամ այլ տեսակի նյութերի վերամշակման համար ավելի քիչ էներգիա է ծախսվում, և հսկայական օգուտ է տրվում բնությանը՝ պահպանելով բնական ռեսուրսները»,- նշում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) բնապահպանական կրթության ծրագրի համակարգող Արմինե Պողոսյանը՝ հիշեցնելով, որ վերամշակումը նաև լայն բիզնես հնարավորություններ է տալիս, քանի որ թափոններից կարելի է մատչելի ծախսով նոր արտադրանք ստեղծել և իրացնել շուկայում:

Կազմակերպիչները համոզված են, որ անհատների առօրյա սովորություններն ու կենսաձևն անմիջականորեն ազդում են այս գործընթացի վրա, իսկ կայքը կարող է հրաշալի գործիք դառնալ անհատներին ու մարդկանց խմբերին ներգրավելու վերամշակման այս կարևոր գործընթացի մեջ՝ դարձնելով այդ գաղափարի կիրառողն ու տարածողը։

Նորաբաց քարտեզի վրա այս պահին նշագրված են ութ վերամշակող կազմակերպություն և վեց տեսակավորված թափոնների աղբամաններ: Կայքը ստեղծված է Open Street Map քաղաքային քարտեզների բաց հարթակի հիման վրա, որը թույլ է տալիս ցանկացած անձի ավելացնել նոր վերամշակման կետ կամ տեսակավորված աղբամանի կետ՝ տվյալ աշխարհագրական կոորդինատային կետով։

Կայքը ստեղծվել է «Կանաչ նախաձեռնություններ» հանրային իրազեկման արշավի շրջանակում՝ որպես ՄԱԶԾ-Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) և ՀՀ բնապահպանության նախարարության «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի մաս։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում