Անմահություն փնտրողները. հայաստանյան չղջիկները՝ սնահավատության զոհ (ֆոտո)

Հայաստանում շարունակվում է անվերահսկելի մնալ առցանց հարթակներում այս կամ այն տեսակի կենդանիների առք ու վաճառքի, այլ գործարքների իրականացումը, ինչը կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ կենդանատեսակի վրա: Այսպիսի դեպք գրանցվեց նաև վերջերս, երբ համացանցում հայտնվեցին կասկածելի լուսանկարներ և տեսանյութեր, որոնց միջոցով քաղաքացիներին «շահավետ» գործարք էր առաջարկվում:
Քաղաքացին Facebook սոցիալական ցանցում առաջարկում էր բարձր գնով ձեռք բերել այսպես կոչված «չղջիկի բույն»: Գնորդ 22-ամյա Արման Եղյանը նաև «խնդրում էր շատ զգույշ լինել, որպեսզի չվնասվի»:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի լրագրողն իրականացված ուսումնասիրության շրջանակներում որպես պոտենցիալ հաճախորդ տեղեկություններ է ձեռք բերում նշված անձից, որը հայտնում է, որ «լավ վիճակում գտնվող մեկ բույնի համար կվճարի 3000 դոլար»: Վերջինս պնդում է նաև, որ ինքը վերավաճառող է և տեղյակ չէ, թե ինչի համար է այն անհրաժեշտ, ինչպես են կիրառում և այլն: «Հարցրեցի, ինձ չասացին»,- մեզ հետ զրույցում ասաց Արման Եղյանը և ընդգծեց,- «Ամեն դեպքում կխնդրեի շատ վտանգավոր տեղեր չփնտրել, զգույշ եղեք»:

Գնորդը նաև պայման ունի. պետք է փորձել տեսանյութում ցուցադրվող «հնարքը», եթե աշխատեց, ուրեմն կպայամնավորվենք:

Թե ինչ կապ ունի վերոնշյալ երևույթը չղջիկների հետ, մենք փորձեցինք պարզել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ղազարյանից, ով տարիներ շարունակ ուսումնասիրում է այս կենդանիներին: «Մենք անգամ «Eurobats»-ում (Եվրոպայում ձեռքաթևավորների կարգի պոպուլյացիաների պահպանման համաձայնագիր) էինք քննարկում, թե արդյո՞ք դա հնարավոր է, թե՞ ոչ, որովհետև բազմաթիվ այդպիսի տեսանյութեր կան, որ իբրև թե դա իրականություն է, բայց դա, հատկապես մեր հայաստանյան չղջիկների հետ ոչ մի կապ չունեցող երևույթ է: Չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչ է. կարող է որևէ թռչունի բույն լինել, կարող է ինչ-որ կրաքարային կուտակում լինել, ամեն ինչ կարող է լինել, քանի որ ես ինքս չեմ տեսել, ձեռքս չեմ բռնել, չեմ կարող ասել, բայց որ դա չղջիկի չի պատկանում, հաստատ է»,- ասաց նա:

Լուսանկարը՝ Աստղիկ Ղազարյանի էջից:

Զրուցեցինք նաև ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սևակ Բալոյանի հետ, ով նշեց. «Նախ շատ կասկածելի է, թե այդ տեսանյութում երևացողն ինչ է: Ամենայն հավանականությամբ դա թռչունի բույն է, ոչ թե չղջիկի: Սա կոպիտ ասած «աֆյոռա» է, այսպիսի բան ընդհանրապես չի կարող լինել, չղջիկները ոչ բույն են դնում, ոչ էլ ձու կարող է լինել, որովհետև ենթադրում եմ նաև, որ իրենք հնարավոր է այդ տարբերակն էլ շրջանառեն: Մի քանի տեղ էլ հետաքրքրվեցի և պարզվեց շատերը հետաքրքրված են չղջիկի ձվերով, բայց չղջիկը ձու էլ չի դնում, նա կաթնասուն կենդանի է, կենդանածին է: Այս ամեն ինչը զուտ խաբեություն է, ուրիշ ոչ մի բան: Չեմ կարող ասել, թե այս լուսանկարներում և տեսանյութում ինչ է կոնկրետ: «Eurobats»-ի (Եվրոպայում ձեռնաթևավորների կարգի պոպուլյացիաների պահպանման համաձայնագիր) վերջին հանդիպմանը, որին ես մասնակցում էի, այնտեղ մի փոքր քննարկում եղավ, բայց խոսքը գնում էր հիմնականում արևադարձային չղջիկների մասին, որոնք չափերով շատ ավելի մեծ են ու էլի հիմնված է սնահավատության վրա, այդ մասով ոչ մի լուրջ բան գոյություն չունի: Խոսքը գնում է, նմանատիպ սուտ լուրերի մասին, իբր չղջիկի ձուն օգտակար է և այլն, ու դրա վրա հիման վրա մարդիկ չգիտես ինչեր են հորինում»: 

Արևադարձային չղջիկների մասին վարկածին անդրադարձավ նաև Աստղիկ Ղազարյանը՝ ասելով. «Կան արևադարձային չղջիկներ, որոնք մեգա չղջիկներ են, ուլտրաձայներ չեն արձակում, սնվում են մրգերով ու նեկտարով: Այդպիսի չղջիկները, քանի որ ես դրանց մասնագետը չեմ, ստույգ չեմ կարող ասել, հնարավոր է «ինչ-որ մեկի սարքածն» օգտագործեն: Այսինքն, դա կարող է ուրիշ մի բան լինել ու կենդանիներն օգտագործեն դա, բայց սա զուտ ենթադրություն է, որովհետև անհնար բան է: Իրենք սիրում են ծառերից կախվել, նրանց տեսողությունը հիանալի զարգացած է. իրենք տեսնում են՝ ուր են գնում, ինչ են անում, իսկ մեր՝ հայաստանյանները միկրո ձեռքաթևավորներ են կոչվում ու իրենց տեսողությունը լավ զարգացած չէ, ուլտրաձայնային ազդանշանների միջոցով են շրջակա աշխարհը տեսնում»:

Վերջինս նշեց, որ «չղջիկի բույն» գնելու մասին խոսակցություններն ու առաջարկները Հայաստանում շրջանառվում են արդեն 1-1.5 տարի է: «Ինձ շատ-շատ են զանգել իմանալով, որ ես չղջիներով եմ զբաղվում. քարանձավ մտե՞լ ես, կարող է գտե՞լ ես, ինչ կլինի բեր, ծախենք, փողը կիսվենք: Ես իհարկե, սկզբում ծիծաղում եմ, բայց հետո փորձում եմ բացատրել, որ դա անհնար բան է: 1-1.5 տարի ինձ անընդհատ զանգել են, տարբեր մարզերից: Ամենաառաջին զանգը եղել է Գեղարքունիքից, հետո Վայոց ձորից, հետո Տավուշից են զանգել, հերթով զանգում են»,- մանրամասնեց մասնագետը:

Համացանցում կատարած ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ լուսանկարում և տեսանյութում ցուցադրվող «բույն/կոկոն» կոչվածն անվանվում է Ամրիտա (Amrita/Амрита), որը բառացիորեն նշանակում է «անմահություն»: Ըստ բաց հանրագիտարանային տվյալների՝ Ամրիտա հասկացությունը հանդիպում է հինդուիստական դիցաբանության մեջ որպես աստվածների ըմպելիք (նեկտար), որը նրանց դարձնում է անմահ: Գոյություն ունեն Ամրիտայի ձեռքբերման մասին պատմող լեգենդներ, համաձայն որոնց այն աստվածների համար հայթայթել են Մոհինները: 

Ներկայումս այս կոկոնների ձեռքբերման առաջարկներ հաճախ արվում են Թուրքիայից, Մոնղոլիայից, Ադրբեջանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Ընդ որում, այն մասին, որ նշվածը հանդիսանում է չղջիկի բույն, մենք տեղեկություններ չհայտնաբերեցինք: Բացի այդ, նշված երկրներում վաճառողին առաջարկվող գինը պարզապես «աստղաբաշխական» է՝ տանանվում է 5000-700000 դոլար սահմաններում, կախված նաև գտածոյի վիճակից:

Վերլուծելով վերոնշյալ տեղեկությունը և հաշվի առնելով երկրները, որոնք ներգրավված են այս գործում, պարզ է դառնում, որ երևույթն ընդամենը սնահավատության և անմահության ձգտման արդյունք է, չունի որևէ գիտական հիմնավորում: Ինչը սակայն չի նշանակում, որ ՀՀ տարածքում առկա չղջիկների տեսակին վտանգ չի սպառնում, քանի որ ապատեղեկատվության տարածման և հեշտ գումարների փնտրտուքի հետևանքով, քաղաքացիները կարող են վնասել ձեռնաթևավորների կարգի կաթնասուններին:

Կենդանիներին վնասելու հնարավորությունը հաստատեց նաև Աստղիկ Ղազարյանը. «Այո՛, դա ամենաահավոր բանն է, հենց մեր հայաստանյան չղջիկների համար: Ստացվում է այնպես, որ գնում են տարբեր քարաձավներ, որտեղ կարող են չղջիկներ գտնել ու փորձում են գտնել հենց այդ բույն կոչեցյալը: Հատկապես հիմա՝ այս սեզոնին, երբ այդ երևույթը նորից ակտիվացել է, ձմեռող չղջիկների գաղութում են փնտրում, իսկ ձմեռող կենդանիներին, եթե անհանգստացնում են, իրենք ձմեռը չեն կարողանում մինչև վերջ անցկացնել: Չղջիկները ճարպային շերտ են կուտակել և մինչև մարտ պետք է քնեն՝ երբեմն շատ թեթև արթնանալով: Իսկ այդ մարդիկ, ովքեր փնտրում են, մտնում են գաղութ, արթնացնում են, մի քիչ էլ վախեցնում, այս ու այն կողմ տանում, իրենք էլ են վախենում, ու կենդանիներին ակտիվացնում են, իսկ չղջիկներն ակտիվ չպետք է լինեն: Չկա սնունդ, ոչ մի միջատ չկա ու սկսում են ակտիվ ժամանակ օգտագործել այդ ճարպային շերտերը, որոնք հավաքել են ամբողջ ձմեռվա համար ու դուրս է գալիս, որ իրենց պաշարն օգտագործեցին, հետո վերադարձան իրենց ձմեռային քնին: Մարտ ամսին արթնանալու փոխարեն, իրենց ճարպային շերտը վերջանում է փետրվարին ու իրենք արթնանում են շուտ, իսկ այդ ամսին որևէ միջատ կրկին չկա, դրա համար իրենք մնում են առանց սնունդ, ու համապատասխանաբար էներգիա չունեն ոչինչ չունեն ուտելու, սատկում են»:

Վերջինս ընդգծում է, որ ամենավտանգավորն այն է, որ այս սեզոնին է երևույթը տեղի ունենում, եթե այլ սեզոնի լիներ, վնասն այդքան մեծ հնարավոր է չլիներ:

«Կան մարդիկ, որ քիչ թե շատ գրագետ ձևով են մոտենում, իսկ կան նաև, որ անխնա վանդալիզմի են ենթարկում. մտնում են, ջարդում, ավիրում, դուրս են գալիս: Վանդալիզմը մեզ մոտ շատ նորմալ երևույթ է: Նույն մեր Մոզրովի քարանձավում. հիանալի տեղ, արտակարգ գեղեցկություն: Ես նույնիսկ համաձայն չէի, որ այն զբոսաշրջության նպատակով կիրառվի, ասում էի՝ չէ՛, թող փակեն ընդհանրապես ոչ ոք չտեսնի, որովհետև քանի անգամ մտել ենք, կոտրած, ջարդած... այնքան սիրուն բաներ կան... ավիրած, կտրած, կտրում տանում են, չեն էլ հասկանում, որ երբ չորացավ այդ գեղեցկությունը չի ունենալու, ինչ քարանձավում՝ խոնավության մեջ»,- մանրամասնեց նա:

Ձեռքաթևավորներին սպառնացող վտանգի մասին խոսեց նաև Սևակ Բալոյանը. «Այս երևույթը կարող է վատ անդրադառնալ մեր տեսակների վրա, մարդիկ սկսեն չղջիկների տարածքները մտնել, վնաս հասցնել: Չղջիկները շատ զգայուն են, մարդկային ցանկացած գործոն իրենց կենսակերպի վրա շատ բացասական է ազդում: Հայաստանի ընդհանուր տարածքում 30-31 տեսակի չղջիկ է հանդիպում, որից 10-ը գրանցված է կարմիր գրքում: Մարդիկ պետք է հասկանան, որ անիմաստ է, չգնան, սկսեն այդպիսի բաներ փնտրելը»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված է չղջիկների 10 տեսակ, որոնք են Հարավային պայտաքիթը (Rhinolophus euryale blasius), Մեհելիի պայտաքիթ չղջիկը (Rhinolophus mehelyi Matschie), Բլազիի պայտաքիթը (Rhinolophus blasii Peters), Սովորական երկարաթև չղջիկը (Miniopterus schreibersi), Արաքսյան գիշերաչղջիկը (Myotis achaubi araxenus Dahl), Հայկական գիշերաչղջիկը (Myotis hajastanicus Argyropulo), Բեխշտեյնի գիշերաչղջիկը (Myotis bechsteinii), Ասիական լայնականջ չղջիկը (Barbastella leucomelas), Գորշ ականջեղը (Plecotus auritus Linnaeus), Ծալքաշուրթ լայնականջ չղջիկը (Tadarida teniotis):

Նշենք, որ սույն գործունեությունը կանոնակարգվում է ՀՀ մի շարք օրենքներով և այլ նորմատիվ ակտերով, այդ թվում՝ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ բնապահպանության նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և իրավապահ մյուս մարմինների ուշադրությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում