Սիբիրից՝ Արտաշատ. սիբիրյան «հսկան» տեղափոխվեց Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (տեսանյութ)

Սիբիրից Հայաստան բերված հսկայական արջը տարիներ շարունակ պահվել է Արտաշատում գտնվող ավտոբուսների կայանում: Հայաստանում հանդիպող անդրկովկասյան գորշ արջին (Ursus arctos syriacus) չափսով և քաշով կրկնակի գերազանցող արու արջն ու նրա զուգընկերուհին տեղափոխվեցին Ուրցաձորում գտնվող Վայրի կենդանիների փրկարար և վերականգնողական կենտրոն, որտեղ առկա են կենդանու բարեկեցությունն ապահովող անհրաժեշտ պայմաններ:

«Տարիներ առաջ հայրս է ինքնաթիռով բերել Սիբիրից: Ա՜յ, այսքան փոքր ձագ էր, «պասիլկայի» տուփի մեջ տեղավորվել էր»,- մեզ հետ զրույցում ասաց Արտաշատի նախկին ոստիկանապետի որդին՝ արջի «սեփականատերը»։

Մոտ 10-12 տարի առաջ է կենդանին Սիբիրից հայտնվել Հայաստանում, որից հետո պահվել է ցուցադրվող վանդակում, բետոնե հատակի վրա, առանց կենդանու բարեկեցության համար անհրաժեշտ նվազագույն պահանջների ապահովման:

«Մի քանի տարի առաջ մեղքս շատ եկավ, մտածեցի տանեմ, Խոսրովում բաց թողնեմ, բայց հարց ու փորձ արեցի, ասացին՝ չի կարելի»,- ասաց սեփականատերը՝ նշելով, որ կենդանուն իր համաձայնությամբ են տեղափոխում և ինքը պարբերաբար կայցելի նրան տեսության,- «Իհարկե ուրախ եմ, որ ավելի լավ պայմաններ է ունենալու արջը, ես դեռ ավելի շուտ էի ուզում տալ, բայց տեղ չկար, որտեղ կպահեին»:

Մոտավորապես 8 տարի առաջ էլ նույն վանդակում է հայտնվել անդրկովկասյան գորշ էգ արջը, որպեսզի Սիբիրից ժամանած հսկան «միայնակ» չմնա: Այս տարիների ընթացքում կենդանիներին բուծել են, ծնվել են ձագեր, որոնց սեփականատերը «նվիրել» է տարբեր մարդկանց: Նրա խոսքերով վերջին անգամ 4-5 տարի առաջ են ձագ ունեցել: Սեփականատերը հայտնեց, որ ձագերից մեկը հայտնվել էր Ծաղկաձորի ռեստորաններից մեկում, որին կրկին տեղափոխել են, երկուսն էլ գտնվում են Մխչյան համայնքի «Հրաշք այգի» ռեստորանում:

Մեր ճշգրտող հարցին ի պատասխան, թե ի՞նչ կերակրացանկով է սնվել կենդանին, վերջինս նշեց՝ ամեն ինչ էլ կերել է, ամբողջ Արտաշատն իմացել է, որ այստեղ արջ կա և նրա համար բերել են ամեն ինչ, անգամ քաղցրավենիք:

Նշենք, որ «Կենդական աշխարհի մասին» ՀՀ օրենքի, հոդված 27.1-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը: Փախուստը բացառելու և մշտական վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալված օղակավորվում են»:

Տարիներ շարունակ ավտոբուսների կայանում պահվող արջերի համար չի ապահովվել վերոնշյալ պայմաններից ոչ մեկը. կենդանին ապրել, քայլել և սնվել է բետոնապատ հատակի վրա, չի ունեցել հատուկ մշակված սննդակարգ, չի սահմանվել կենդանաբուժական վերահսկողություն և այլ անհրաժեշտություններ:

Նույն օրենքի հոդված 27.2 սահմանում է. «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»:

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի ոչ լիարժեքության, ժամանակին անհամահունչ և զարգացած երկրիների փորձին անհամապատասխան լինելու մասին ոլորտային մասնագետները բարձրաձայնում են տարիներ շարունակ: Նշված օրենքն այժմ գտնվում է ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ լրամշակման փուլում:

Քանի որ կենդանին նախնական տվյալներով (արտաքին զննությամբ) կշռում է մոտ 500 կգ, այս անգամ փրկարար գործողությունն իրականացվեց այլ եղանակով: Գործողությանը մասնակցում էին նաև Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) տնօրեն Ալան Նայթը, ինչպես նաև կազմակերպության կողմից տարբեր երկրներից Հայաստան հրավիրված մի քանի կենդանաբույժներ, ովքեր արջերին ուղեկցեցին գործողության ամբողջ ընթացքում:

Նշենք, որ անդրկովկասյան գորշ արջը (Ursus arctos syriacus) գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv): Կարմիր գրքի տվյալներով. «Թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը»: Գորշ արջերի վտանգման հիմնական գործոններն են՝ որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը, մարդու կողմից անհանգստություն պատճառելը:

Իսկ Սիբիրից բերված արջի ենթատեսակը և այլ տեղեկություններ պարզելու համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք հետազոտություններ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում