Խնդրել ենք, որ Ալավերդու գործարանի աշխատակիցներն աշխատեն Թեղուտի հանքում. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում Նիկոլ Փաշինյանն անդրադաձավ Թեղուտի հանքավայրի շահագործման, ինչպես նաև Ալավերդու պղնձաձուլական գործարանի շուրջ առաջացած մի շարք խնդիրների: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր ընտրվելու առաջին օրից այս թեմայով զբաղվել է և պատմությունը սկսվել է հետևյալ կերպ. «Երբ Թեղուտի հանքավայրը շահագործվել է, դա արվել է ռուսական ՎՏԲ բանկից 380 մլն դոլար վարկի ներգրավմամբ: Այս տարվա հունվար-փետրվար ամսին պարզվել է, որ պոչամբարի ամբարտակի պլատինայի հետ կապված խնդիր կա, ճաք է առաջացել: Այս պայմաններում Թեղուտի հանքավայրն աշխատանքը շարունակելու համար անհրաժեշտ է եղել այդ պլատինայի վերականգնումը և ընկերությունը՝ բավարար միջոցներ չունենալով, փորձել է նոր վարկ վերցնել և զուգահեռ չի կարողացել սպասարկել ՎՏԲ բանկից ստացած վարկը: Բայց այդ ընթացքում նաև չի կարողացել նոր վարկ վերցնի այդ ամբարտակը նորոգելու համար: Դրա համար բավականին մեծ գումար է անհրաժեշտ եղել, եթե չեմ սխավում մինչև 14 մլն դոլարի մասին է խոսքը»:

Վերջինս նշեց, որ ընկերությունը նաև այլ աղբյուրից չի կարողացել վարկ վերցնել, որովհետև և՛ Թեղուտը, և՛ պղնձաձուլական գործարանը, և՛ նույնիսկ ևս մեկ այլ հանքավայր, որը պատկանում է նույն ընկերությանը, բոլորը գրավադրված են եղել ՎՏԲ բանկում 380 մլն դոլար վարկի դիմաց: «Առաջին իսկ օրից այդ խնդիրն է դրվել, որ ՎՏԲ-ն թող նորից այդ պլատինայի համար անհրաժեշտ վարկը տա, բանկն էլ ասել է՝ ես ձեզ 380 մլն վարկ եմ տվել, որը դուք չեք կարողանում սպասարկել, ես հիմա ձեզ նոր վարկ տա՞մ, իմ ունեցած պարտքը մեծանա և դուք ինձ այդ գումարը չվերադարձնե՞ք: Արդյունքում կառավարությունը հրավիրել է և՛ ՎՏԲ-ին, և՛ «Վալլեքս» ընկերության ներկայացուցիչներին, ասել է՝ ժողովուրդ ջան, քանի որ սա շատ կարևոր խնդիր է, բանակցեք իրար հետ և գտեք լուծում: Արդյունքում եկել է այն լուծումը, որ Թեղուտի հանքավայրը անցել է ՎՏԲ-ի հսկողության ներքո, ըստ էության, երբ բանկը խոսել է այդ թեմայով, մենք պարտավորություն ենք դրել, որ ինքը պետք է ներգրավի նոր օպերատոր, որը պետք է հանքավայրն աշխատացնի: Սա եղել է մեր նախապայմանը: Հիմա, ռուսաստանահայ մեր հայրենակից գործարար Նորիկ Պետրոսյանը ստանձնել է այդ գործը և խոստացել մեկ ամսից վերականգնել աշխատանքը, բայց ես չգիտեմ դա որոշակի խնդիրների հետ է կապված»,- մանրամասնեց նա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հանքավայրի վերաշահագործման անհնարինությունը կապված է այդ պլատինայի նորոգման խնդիրների հետ: Որոշակի ժամանակ է պետք այդ պոչամբարը նորոգելու համար և անհրաժեշտ է մոտ10-14 մլն դոլարի ներդրում: «Դա ժամանակ է պահանջում և երբ այն վերականգնվի, հանքավայրը պետք է սկսի աշխատել և պարոն Պետրոսյանը խոստացել է, որ հնարավորինս արագ հանքավայրը կսկսի աշխատել, ընդ որում ոչ միայն նախկինում եղած աշխատատեղերի թվով այլ շատ ավելի մեծ: Պղնձաձուլարանի հետ կապված ոմանք փորձեցին տպավորություն ստեղծել, թե պղնձաձուլարանը փակվել է Կառավարության բնապահպանության տեսչության կատարած ստուգումների արդյունքում, ինչը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, որովհետև պղնձաձուլարանի կանգնելը կապված է Թեղուտի կարգավիճակի փոփոխության հետ, որովհետև ասացի արդեն, որ պղնձաձուլարանը նույնպես գրավի տակ է և հիմա հարցը հետևյալն է. «Վալլեքսն» ուզում է պղնձաձուլարանի նկատմամբ իրավունքները պաշտպանի, բայց այստեղ կա մի նրբություն. որպեսզի պղնձաձուլարանի աշխատանքը եկամտաբեր լինի, նույն ընկերությունը պետք է նաև հանք ունենա, որպեսզի հումքը առնի ոչ թե ուրիշ տեղից, այլ իր սեփական հումքը ունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին «Էյ-Սի-Փի» ընկերությունը հայտարարեց Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները կասեցնելու մասին: 

Նիկոլ Փաշինյանը շարունակեց՝ ասելով. «Թեղուտի հարցը պարզ է, Թեղուտն արդեն «Վալլեքս» խմբից օտարված է, բայց ես ձեզ ասացի, որ կա ևս մեկ հանքավայր, որը նույնպես գրավի ներքո է; Այդ հանքավայրը նույնպես պետք է ըստ էության անցնի ՎՏԲ բանկին: Վալլեքս խմբի ղեկավարը գրավադրել է նաև Ռուսաստանում անշարժ գույք և ունի անձնական պարտավորություններ կապված Թեղուտի հետ: Խնդիրը հետևյալի մեջ է, թե արդյո՞ք ՎՏԲ-ի և խմբի բանակցությունների արդյունքում պղնձաձուլարանն ո՞ւմ կմնա, բայց առանց հանքավայրի այն չի կարող եկամտաբեր լինել և այստեղ կա երկու տարբերակ. կամ պղնձաձուլարանն ու մյուս հանքը շարունակում են մնալ «Վալլեքս» խմբին և աշխատում է այդ տարբերակով, կամ պղնձաձուլարանը նույնպես վերցնում է ՎՏԲ բանկը կամ ռուսական РМК (Русская медная компания) ընկերությունը և փորձում է աշխատացնել, բայց պղնձաձուլարանը բավական հնացած է և նույնպես նոր ներդրումների կարիք ունի: Բայց մենք այդ բանակցությունների ընթացքում հասկանալով խնդրի նրբությունը մի պայման ենք դրել և խնդրանք ենք առաջադրել ռուսաստանահայ մեր հայրենակցին, պարոն Պետրոսյանին խնդրել ենք, որպեսզի Թեղուտում լինի այնքան աշխատատեղ, որ եթե հանկարծ նույնիսկ պղնձաձուլարանի հետ կապված պատմությունը երկարի, բոլոր աշխատողներն աշխատանքի վերցվեն Թեղուտում և ոչ մի մարդ աշխատանքից չզրկվի»:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս պահին Հայաստանում նոր պղնձաձուլարան կառուցելու երկու ներդրումային առաջարկ կա՝ մեկը չինական ծագմամբ կապիտալ է, մյուսը՝ իտալական ծագմամբ: Վերջինս հույս հայտնեց, որ բացի այս պղնձաձուլարանի ճակատագիրը որոշելուց, կհաջողվի նոր ներդրումներ ներգրավել նաև այդ ոլորտում: «Ես հույս ունեմ, որ երբ նոր պղնձաձուլարանի նախագիծը քննարկվի, մենք կկարողանանք բնապահպանական բարձր ստանդարտներ սահմանել, որպեսզի նոր հանրային բորբոքումներ տեղի չունենան այդ ոլորտում: Երբեմն, երբ այս ոլորտում նոր ներդրումներ են լինում, այնպիսի տեղեկատվություն է լինում, թե գործող ընկերություններն իրենք էլ հրահրում են այսպես ասած հանրային ընդվզումներ, որպեսզի Հայաստանում որոշակի մոնոպոլ դիրք կարողանան գրավել: Մեր կառավարության դիրքորոշումը լինելու է հետևյալը. այո՛, մենք քաջալերելու ենք նոր ներդրումներ և միևնույն ժամանակ բնապահպանական բարձր ստանդարտներ, և մենք քաջալերելու ենք, որ Հայաստանում նաև գունավոր մետալուրգիան զարգանա և միևնույն ժամանակ դա չնշանակի բնապահպանակն աղետ, սա շատ կարևոր խնդիր է: Ընդհանուր առմամբ մենք մեզնից կախված ամեն ինչ անում ենք, որ ՎՏԲ և «Վալլեքս» խմբի միջև տեղի ունենա համաձայնություն պղնձաձուլարանի վերաբերյալ»,- եզրափակեց նա:

 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում