«Ամեն ինչ անելու եմ, որպեսզի Թեղուտի կոմբինատն աշխատի». համաձայնություն՝ գործարարի և կառավարության միջև

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Արեն Մկրտչյանն ու ռուսաստանաբնակ հայազգի գործարար Նորայր Պետրոսյանը նոյեմբերի 24-ին հանդիպել են «Թեղուտ» ՓԲԸ նախկին աշխատակիցների հետ: Արեն Մկրտչյանն ասել է, թե Թեղուտի հանքավայրի վերագործարկման հարցը քննարկվել է Կառավարությունում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Հանդիպմանը ներկա գտնվողներին տեղեկացվել է նաև, որ նոյեմբերի 26-ից սկսած ընկերության նախկին աշխատակիցները կստանան ծանուցագրեր մեկ ամիս հետո աշխատանքի վերադառնալու վերաբերյալ:

Արեն Մկրտչյանը մասնավորապես ասել է. «Ես և վարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Կառավարությունում ընդունեցինք ռուսաստանաբնակ հայ գործարար Նորայր Պետրոսյանին, ինչպես նաև РМК (Русская медная компания) ընկերության ներկայացուցչին, նաև ՎՏԲ բանկի ղեկավար կազմի անդամներից մեկին: Ունեցանք բավականին արդյունավետ, կառուցողական քննարկում, այնուհետև անձնական խնդրանք հղեցի պարոն Պետրոսյանին գալ Ալավերդի քաղաք, հանդիպել բնակիչներին, քանի որ քաղաքում բավական լարված մթնոլորտ էր»:

Հանքավայրի սեփականատերերի փոփոխության և նոր իրավական կարգավիճակի վերաբերյալ վարչապետի օգնականը ստույգ տեղեկություններ չի հայտնել՝ նշելով, որ այդ մասով բանակցությունները շարունակվում են: «Ես իրավական մասով դեռ շատ մանրամասներ չեմ ուզել ասել, որովհետև բանակցություններ են շարունակվում մի շարք ուղղություններով, ձևաչափ ենք ուզում հասկանալ, բայց դրանք լրիվ տեխնիկական հարցեր են, որոնք անգամ 2-րդական չեն, 3-րդ, 4-րդական են: Հիմնական ճանապարհն անցանք ու նաև պարզ ասվեց, որ երկուշաբթի օրն աշխատողները կստանան ծանուցագրեր: Մեկ ամսվա ընթացքում արդեն կսկսվի վերագործարկումը»,- հայտնել է Նորայր Պետրոսյանը:

Գործարարը ներկայացրել է նաև նախապատմությունը, թե ինչպես է առաջարկ ստացել Թեղուտի հանքավայրի հետ կապված: «Լեռնամետալուրգիական կոմբինատի հիմիկվա սեփականատերը ՎՏԲ բանկն ա: Առաջարկություն ստացա, որ միասին մտնենք այդ ծրագրի մեջ, վերաթողարկելու համար: Սեփականատիրոջ իրավունքով, բայց վերահաշվարկ կատարեցինք ու պարզվեց, որ Թեղուտի այսօրվա պաշարները չի հերիքում ՎՏԲ-ի պարտքը փակելուն: Մինչ էտ ես հանդիպել էի մեր վարչապետի հետ ու խոստացել էի, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի Թեղուտի կոմբինատն աշխատի: Դա չի համապատասխանում քո որոշումը մեր այսօրվա իմ երկրի ժողովրդի շահերին: Անկախ նրանից մենք դրա մեջ փող ունենք, թե չունենք, ես խոսել եմ վարչապետի հետ, ես չեմ կարող սուտ խոսել, մենք դա պետք է վերաթողարկենք: Իգորը ինձ ընդառաջեց, համաձայվեց, մենք հանդիպեցինք ՎՏԲ-ի ղեկավարների հետ և այսօր գտնվում ենք այստեղ»,- ասաց նա:

Ներկա նախկին աշխատակիցներից մեկը նշեց. «Մենք 11 ամիս ա պայքարում ենք Թեղուտի վերադարձման համար: Ճիշտն ասած էս զրույցը լսելով մենք հավատում ենք մեր կառավարությանը, մենք վստահում ենք մեր վարչապետին, մենք իր կողքը կանգնած ենք ամեն պահի, ճիշտն ասած ժողովրդի մեջ արդեն հույսը կտրվել էր, որ հնարավոր է ինչ-որ վերաբացում լինի Թեղուտի»:

Գործարար Նորայր Սարգսյանի կենսագրության և գործունեության մասին տվյալներ հայտնի չեն: Ինչպես վերջինս նշել է, իր գործունեությունը հիմնականում ՌԴ-ում է ծավալում, միաժամանակ մի քանի ոլորտներում:

 

Հիշեցնենք, որ չնայած ամիսներ շարունակ անվտանգության ռիսկերի մասին արվող ահազանգերին և պնդումներին, միայն այս տարվա հունիս ամսին ՀՀ ԱԻՆ պաշտոնապես հայտնեց, որ տեխնիկական խնդիրներ կան Թեղուտի հանքավայրի շահագործման համար օգտագործվող պոչամբարի հետ: «Ամբարտակի ամրացման հետ կապված ընկերությունն այնտեղ իրականացնում է լրացուցիչ աշխատանքներ: Ընկերությունը հայտնել է, որ ամբարտակի վրա իրականացվող լրացուցիչ աշխատանքների իրականացման համար նաև դրսից փորձագետներ են հրավիրվել»,- մեզ հետ զրույցում հայտնել էր ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը: 

Վերոնշյալ հանդիպման ընթացքում կարծես հանքավայրի և պոչամբարի բնապահպանական, տեխնիկական, առողջապահական և այլ ռիսկերի մասին քննարկում չի եղել, փոխարենը գործարար Նորայր Սարգսյանը հայտնել է, որ Թեղուտի վերաբացումից հետո էլ աշխատանքային հարաբերություններն աշխատակիցների հետ լինելու են բարձր մակարդակում: «Մարդը աշխատում ա, իրա աշխատանքի արդյունքը ստանալու ա և՛ դրամի տեսքով, և՛ հարգանքի: Ոչ մի մարդու ինքնասիրություն չի ոտնահարվի, ոչ մի մարդ իրավունք չունի մեկին վիրավորելու: Ես էսօր իմ էս քայլով ուզում եմ մասնակցեմ մեր հեղափոխություն արած ժողովրդին, ինչ-որ աջակցություն ցույց տամ»,- ասել է նա: 

Նշենք նաև, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Խաչատրյանը, ով 2006-2016թթ. հանդիսացել է «Վալլեքս» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենը: Նշենք, որ «Վալլեքս» ընկերությունների խմբի մեջ մտնում են նաև «Թեղուտ» ՓԲԸ, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ, «Էյ-Սի-Փի» ՓԲԸ և այլ ընկերություններ: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում