Օհանավանում թակարդն ընկած գորշ արջն ազատ է արձակվել (տեսանյութ)

Այսօր Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերում գտնվող Արա լեռան շրջակայքում վայրի գորշ արջը հայտնվել է թակարդում: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ԱԻՆ և ոստիկանության աշխատակիցների հետ միասին, Օհանավան գյուղի շրջակայքում է, որպեսզի օգնություն ցուցաբերի կենդանուն: 

Նշված տեղանքում գտնվում են նաև խնձորի այգիներ, հավանաբար կենդանին եկել է սնունդ հայթայթելու և դարձել ծուղակի զոհ: Արջը գտնվում էր դժվար հասանելի վայրում: Մասնագետները սկզբում թմրեցրեցին արջին, ապա հեռացրեցին թակարդը: Տեղանքում հայտնաբերվեց նաև երկրորդ թակարդը: Չնայած տեխնիկական դժվարություններին, արջին հաջողվեց ազատել: Որոշում կայացվեց կենդանուն թողնել նույն վայրում, որպեսզի վերջինս արթնանալուց հետո կարողանա վերադառնալ իր բնական միջավայր:

 

Նշենք, որ Գորշ արջը (Ursus arctos) գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv): Կարմիր գրքի տվյալներով. «Թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը»:

Գորշ արջերի վտանգման հիմնական գործոններն են՝ որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը, մարդու կողմից անհանգստություն պատճառելը:

Զգուշացում՝ ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված կենդանիների որսն արգելվում է: «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը, այդ թվում` հայթայթումը, թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև արհեստական և բնական պայմաններում` դրանց վերարտադրության նպատակներով` կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում