Ամուլսար. ՀՀ օրենքների խախտման, շահերի բախման և պատմության կրկնվող ուժի մասին

Ինչպես հայտնել ենք, ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքել է սույն թվականի օգոստոս ամսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից արված առաջարկին՝ ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար տրված թույլտվությունը՝ գրելով. «Համաձայն նախարարի գրության, նշված աշխատանքային խումբը նախարարին տրամադրել է հաշվետվություն և եզրակացուցթյուններ, որոնց համաձայն՝

1) Վայոց Ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի հանքարդյունահանման համալիրի տարածքի Արտավազդես լեռան հարավային լանջը (N39.72535 E045.71833, 2961 ծ. մ. բ.) չի հանդիսանում «Ապոլոն» (Parnassius apollo) թիթեռի ապրելավայր կամ բնակատեղի:

2) Վայոց Ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոխարկիչի հարակից տարածքում (N39.75158 E045.64145 և N39.75164 E045.64075 1994 ծ. մ. բ.) չի հայտնաբերվել Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակի» որևէ առանձնյակ և տարածքը չի հանդիսանում «Ոզնաթուփ մեխակի» աճելավայր կամ բնակատեղի: Նախնական գնահատմամբ հայտնաբերվել են միայն Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում չգրանցված Acanthalimon glumaceum և Acanthalimon Takhtajanii տեսակի մասսայական տարածված առանձնյակներ:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ բնապահպանության նախարարը հայտնել է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2018 թվականի օգոստոսի 27-ի N16/29/231 գրությամբ ներկայացված փաստերը՝ «Ապոլոն» (Parnassius apollo) և «Ոզնաթուփ մեխակի» (Acantholimon caryophylaeceum Bois) տեսակների մասով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի իմաստով փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ եկած էկոլոգիական նոր գործոններ չեն հանդիսանում»:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին է տրամադրել նաև Մոսկվայի պետական համալսարանի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Դանչենկոյի գրությունն ուղղված Բնապահպանության նախարարությանը: Վերջինս նաև Հայաստանի Կարմիր գրքի թիթեռների բաժնի հեղինակն է:

Գրության մեջ մասնավորապես ասվում է.

Կենսաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Դանչենկո

Ալեքսանդր Դանչենկոյի գրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հղումով:

Կարմիրգրքյան ոզնաթուփ մեխակի (Acantholimon caryophylaeceum Bois) բուսատեսակի հնարավոր հայտնաբերման մասին համատեղ եզրակացություն են ներկայացրել ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Գեորգի Ֆայվուշը և Բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Մարինա Հովհաննիսյանը:

Ոզնաթուփ մեխակի (Acantholimon caryophylaeceum Bois), ՀՀ բույսերի կարմիր գիրք, 2012թ.

Նշենք, որ Գեորգի Ֆայվուշը դեռ տարիներ առաջ որպես վարձատրվող փորձագետ մասնակցություն է ունեցել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացվող կենսաբազմազանության մասով աշխատանքներին: Բոլորովին վերջերս՝ օգոստոս ամսին, երբ Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների միջև տեղի էր ունենում հանքավայրի տարածքում կենսաբազմազանության մասով իրականացված աշխատանքների մասին քննարկում, որպես ընկերության «ներկայացուցիչ» մասնակցում էր նաև Գեորգի Ֆայվուշը: Նշված անձը հանդիսանում է նաև «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության կողմից իրականացվող Մատնունի ծիրանավոր բուսատեսակի գիտահետազոտական ծրագրի մասնակից:

Բնապահպանության նախարարությանը ներկայացված եզրակացության մեջ մասնավորապես ասվում է.

Մարինա Հովհաննիսյանի և Գեորգի Ֆայվուշի գրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հղումով:

Ընդգծենք, որ անգամ այլ հավասար պայմաններում, Բնապահպանության նախարարության կողմից պատշաճ կերպով չի իրականացվել օրենքով սահմանված՝ գործավարությունը հայերենով կատարելու պահանջը:

ՀՀ Սահմանադրության Հոդված 20-ը ամրագրում է՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են.

ա) գործավարությունը կատարել գրական հայերենով՝ ապահովելով հայոց լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները.

(…):

Սահմանվում է նաև գործավարություն հասկացությունը՝

գործավարություն՝ փաստաթղթերի ստեղծման, ձևավորման, շրջանառության ապահովման և պահպանման գործընթաց, որը ներառում է կազմակերպակարգադրական (կառավարման և վարչական աշխատանքի կազմակերպումն ապահովող), անհատական, նորմատիվ, տեխնիկական, գիտատեխնիկական, նախագծահաշվային, ուսումնամեթոդական, ֆինանսահաշվապահական, գործարքային, հաշվետու-վիճակագրական, առևտրային, տեղեկատվական, բացատրական, հրահանգային, տեխնոլոգիական, նամակագրական-թղթակցային փաստաթղթերի ստեղծումը և (կամ) ձևավորումը, շրջանառության ապահովումն ու պահպանումը:

Այսպիսով խախտվել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության դրույթները:

Կարմիրգրքյան բույսի մասին ճշգրտումներ ստանալու նպատակով ԲԸՏՄ ղեկավար Արթուր Գրիգորյանը բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կազմում ներգրավված Անուշ Ներսեսյանից խնդրել է տրամադրել նշված այցելության ընթացքում հավաքված բույսի առանձնյակը և բույսի տեսակի վերաբերյալ կարծիք տալու համար այն տրամադրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի՝ բարձրակարգ բույսերի կարգաբան, Կոմարովի անվան մրցանակի դափնեկիր, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանին և բարձրակարգ բույսերի կարգաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու Իզաբելլա Արևշատյանին: Երկու գիտնականներն էլ հայտնել են, որ ներկայացված նմուշը պատկանում է ոզնաթուփ մեխակի (Acantholimon caryophylaeceum Bois) տեսակին:

Գրություններում մասնավորապես ասվում է.

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյան

Կենսաբանական գիտությունների թեկնածու Իզաբելլա Արևշատյան

Էլեոնորա Գաբրիելյանի գրությանն ամբողջությամբ ծանոթացեք հղումով:

Իզաբելլա Արևշատյանի գրությանն ամբողջությամբ ծանոթացեք հղումով:

Հիշեցնենք, որ 2012թ.-ին ծրագրի տարածքի Արշակ տեղամասում հայտնաբերվել է հազվագյուտ մատնունի ծիրանավոր բուսատեսակը (Potentilla porphyrantha): 2013թ.-ին հանքի շահագործման տարածքը ճանաչվել է որպես մատնունի ծիրանավոր բուսատեսակի կրիտիկական աճելավայր/հաբիթաթ (Critical habitat): Հետագայում, «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, բուսատեսակի «պահպանման» միջոցառումների շրջանակներում դրա մի մասը տեղափոխվել է Սևանի բուսաբանական այգու տարածք:

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյան

Հատկանշական է, որ տարիներ առաջ վերոնշյալ հազվագյուտ մատնունի ծիրանավոր բուսատեսակը ևս հայտնաբերվել է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու, Անուշ Ներսեսյանի կողմից: Այն ժամանակ ևս կասկածի տակ է դրվել բույսի կարգաբանական որոշման հավաստիությունը, սակայն կասկածները ցրվել են ԽՍՀՄ և ՀՀ հեղինակավոր գիտնական Էլեոնորա Գաբրիելյանի կողմից:

Ապոլոն (Parnassius apollo)

Նշենք, որ մեզ հետ զրույցում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը հայտնել է՝ կարմիրգրքյան Ապոլոն (Parnassius apollo) տեսակի թիթեռի նշված վայրում հայտնաբերման և որպես ապրելավայր հանդիսանալու մասին ամբողջական ու լիարժեք տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է իրականացնել լայն ուսումնասիրություններ, ինչը հնարավոր կլինի համապատասխան նպատակահարմար սեզոնին՝ հունիս-հուլիս ամիսներին:

 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում