Կրկին բացթողումներ Ամուլսարի հանքի շահագործման ծրագրում. աշխատանքային խմբի եզրակացություն /Շահեն Խաչատրյան/
Ինչպես հայտնել ենք, օրերս ավարտվել են Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի ուսումնասիրությունները: Աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնել է խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները վարչապետի աշխատակազմ ներկայացնելու մասին: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս մասնակից է եղել աշխատանքային խմբի գործունեությանը:
Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները խմբագրությունը կհրապարակի անհատական:
Ներկայացնում ենք ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար հանածոների հանքավայրերի ամբիոնի վարիչ, երկրաբ.գիտ.թեկն., դոց. Շահեն Խաչատրյանի եզրակացությունը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի հանքավայրի տարածքում ՇՄԱԳ-ի և ԲՍԱԳ-ի շրջանակներում իրականացված հետազոտությունների վերաբերյալ:
Շահեն Խաչատրյանի մասնագիտական եզրակացությունն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:
Առաձնացնենք մի քանի հատված Շահեն Խաչատրյանի եզրակացությունից. «ՇՄԱԳ-ի և ԲՍԱԳ-ի շրջանակներում «Լիդիան Արմենիա» ընկերությունը իրականացրել է Ջերմուկի գեոթերմալ և Ամուլսարի քաղցրահամ ջրերի քիմիական կազմի և իզոտոպային հետազոտություններ, որոնց արդյունքում եզրակացություն է արվել, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը Ջերմուկի հանքային ջրերի վրա որևէ ֆիզիկական ազդեցություն չի կարող ունենալ: Այս հանգամանքը հիմնավորվում է նրանով, որ Ջերմուկի գեոթերմալ աղբյուրներն իրենց քիմիական կազմով ու ծագումով տարբերվում են Ամուլսարի տարածքի ստորգետնյա ջրերից ու աղբյուրներից, քանի որ սնվում են ավելի խոր ստորգետնյա ջրային համակարգերից:
Մյուս փաստարկն այն է, որ Ամուլսարից դեպի հյուսիս հոսող ստորերկրյա և մակերևութային ջրերը Կեչուտի ջրամբարի մոտ կամ դրանից ներքևւ թափվում են Արփա գետը և դեպի Ջերմուկ չեն հոսում:
Լիդիանի կողմից բերված վերոնշյալ փաստերը բավարար չեն Ամուլսարի հանքավայրի շահագործման ազդեցությունը Արփայի ավազանի քաղցրահամ և հանքային ջրային ռեսուրսների վրա բացառելու համար»:
Վերջինս գրում է նաև. «Լիդիանի կողմից արված իզոտոպային հետազոտությունները ըստ էության ոչինչ չեն տվել: Բացի նրանից, որ հաստատում են Ջերմուկի գեոթերմալ ջրերի ավազան մթնոլորտային ջրերի առատ ներհոսքի մասին, իսկ սա նշանակում է, որ գեոթերմալ ջրերի կազմը մթնոլորտային տեղումների քանակից կարող է փոփոխություններ կրել»:
Շահեն Խաչատրյանն անդրադարձել է նաև տարածքում առկա սողանքային ռիսկերին. «Լիդիան ընկերությունը չի գնահատել սողանքների վրա ազդող բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ հանքավայրի շահագործման ընթացքում:
Այսպիսով՝ Լիդիան ընկերության կողմից պատշաճ գնահատված չեն Ամուլսարի հանքավայրի շահագործման ընթացքում տարածաշրջանի քաղցրահամ և հանքային ջրերի ավազանների ինչպես նաև Ուղեձորի սողանքային դաշտի սողանքների վրա հնարավոր ազդեցությունները»:
Շահեն Խաչատրյանի մասնագիտական եզրակացությունն ամբողջությամբ կարդացեք այս հղումով: