Ամուլսարի ծրագրում լուրջ բացթողումներ են հայտնաբերվել. աշխատանքային խմբի եզրակացություն /Կարեն Մանվելյան/

Ինչպես հայտնել ենք, օրերս ավարտվել են Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի ուսումնասիրությունները: Աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնել է խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները վարչապետի աշխատակազմ ներկայացնելու մասին: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս մասնակից է եղել աշխատանքային խմբի գործունեությանը: 

Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները խմբագրությունը կհրապարակի անհատական:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար (WWF) Կարեն Մանվելյանն առանձնացրել է կենսաբազանության մասով կատարված աշխատանքներում առկա մի շարք բացթողումներ: 

Կարեն Մանվելյանի մասնագիտական եզրակացությունն ամբողջությամբ կարդացեք այս հղումով: 

 

Առաձնացնենք մի քանի հատված Կարեն Մանվելյանի եզրակացությունից. «Նույն ՇՄԱԳ-ի 220 էջում նշվում է, որ «ՀՀ Բույսերի Կարմիր գրքի և ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հերբարիումի (ERE) տվյալներով՝ Գնդեվազ գյուղի շրջակայքում պետք է հանդիպեին Acantholimon caryophyllaceum և Cicer anatolicum բուսատեսակները, որոնց հավաքները իրականացվել են շատ վաղուց և, բնականաբար, հստակ կոորդինատները բացակայում են, սակայն հատուկ դաշտային դիտարկումներով այս տեսակները չեն գտնվել»: Այս երկու բույսերի տեսակների մասին նշվում է նաև ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության՝ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ կարծիքում, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. «արժանահավատ չէ այն փաստը, որ ուսումնասիրությունների ժամանակ Գնդեվազ համայնքի տարածքում և նրա շրջակայքում չեն հայտնաբերվել ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված՝ Cicer anatolicum Alef. և Acantholimon caryophyllaceum Boiss. տեսակները: Ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ՝ վերոնշյալ տեսակները հայտանբերելու ուղղությամբ»: Այս ամենը նշվում է այն իսկ պատճառով, որ վերջերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի այցի ժամանակ բուսաբան Անուշ Ներսեսյանի կողմից հայտնաբերվեց ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված ամենայն հավանակությամբ Ոզնաթուփ մեխակի (VU) /Acantholimon caryophyllaceum/, իսկ կենդանաբաններ Վասիլ Անանյանի և Ալեքսանդր Մալխասյանի կողմից հայտնաբերվեց ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված Ապոլոն թիթեռը (Parnassius apollo kashtshenkoi Sheljuzhko, VU): Ինչպես և 2014 թ-ին, այս անգամ էլ Լիդիանի որոշ աշխատակիցների կողմից սկսվեցին ժխտումներ այդ տեսակների առկայության վերաբերյալ և դրա հետ մեկտեղ, հնչեցին վիրավորանքներ այցը կատարած մասնագետների հասցեին:

Այս ամենը խոսում է այն մասին, որ ընկերությունը չի ընդունում այլ մասնագիտական կարծիք, որը պատիվ չի բերում միջազգային ստանդարտներով աշխատող կազմակերպությանը, որի ինստիտուցիոնալ բաժնետերերի շարքում են IFC-ն և ՎԶԵԲ-ը:

Ոզնաթուփի տեսակի վերջնական ճշգրտման համար անհրաժեշտ է լրացուցիչ այցելություն Ամուլսարի տարածք և եթե ընկերությունը չի արարկի, կարելի է կազմակերպել բուսաբանների և ընկերության մասնագետների հետ համատեղ արշավ, տեսակը վերջնական որոշելու նպատակով»:

Վերջինս անդրադառնում է նաև սնկերի ուսումնասիրության բացակայությանը՝ գրելով. ««ՇՄԱԳ-ի 220 էջում նշվում է նաև, որ «... դիտարկված տարածքներում ՀՀ Կարմիր գրքում (2010 թ.) գրանցված գլխարկավոր սնկերի տեսակները բացակայում են:»

Հիմք ընդունելով փաստաթղթերում սնկերի մասին կատարած ուսումնասիրությունների բացակայությունը՝ կարելի է եզրահանգել, որ այդ ուսումնասիրությունները չեն կատարվել, ինչը վկայում է ՇՄԱԳ-ի թերի կատարման մասին»:

Ինչպես նաև կենդանական աշխարհը. « հարկ է նշել, որ կենսաբազմազանության ուսումնասիրություններում ուշադրության չեն արժանացել ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի շարք տեսակներ: Երկկենցաղներից՝ սխտորագորտը (Pelobates syriacus VU), սողուններից` Անդրկովկասյան սահնօձը (Zamenis hohenackeri) և անողնաշար կենդնաիներից ապոլոն թիթեռը (Parnassius apollo kashtshenkoi): Անբավարար են ուսումնասիրվել Արփա գետի ձախ ափին գտնվող բեզոարյան այծի (Capra aegagrus, VU) ապրելավայրերը, և հանքի շահագործման հնարավոր ազդեցությունները այդ տեսակի ապրելավայրերի և թվաքանակի վրա: Ինչ վերաբերվում է Հայկական մուֆլոնին, ապա այդ տեսակը այնքան զգայուն է, որ բնական է նրա բացակայությունը այդ տարածքում մարդկանց և բազմաթիվ տեխնիկայի առկայության ժամանակ: Սակայն մեր կողմից իրականացված մուֆլոնի ապրելավայրերի մոդելավորումը ցույց է տալիս, որ Ամուլսարը և հարակից տարածքները կարող են լինել այդ տեսակի ապրելավայր ինչպես նաև միգրացիոն ուղի Զանգեզուրի լեռնաշղթայից դեպի Ղարաբաղի լեռնաշղթա (հավելված 2), որը հաստատվում է մի շարք դաշտային ուսումնասիրություններով»:

Մանրամասն ներկայացնելով ընկերության կողմից կատարված ուսումնասիրությունների մասին վկայող փաստաթղթերում առկա բացերը, պարոն Մանվելյանը կազմել է եզրակացություն. 

«Եզրակացություն

1. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի կենսաբազմազանությանը ուսումնասիրությունները կատարված են բավականին լավ, սակայն կան որոշ բացթողումներ, հանձինս չեն ուսումնասիրվել տարածքում հանդիպող սնկերը, լրացուցիչ ուսումնասիրություններ են պահանջվում ՀՀ բույսերի և կենդնանիների կարմիր գրքերում գրանցված որոշ տեսակների վերաբերյալ /Ոզնատուփ մեխակի (VU), սխտորագորտ (VU), Անդրկովկասյան սահնօձ (VU), բեզոարյան այծ (VU) և անողնաշար կենդնանիներից ապոլոն թիթեռ (VU)/:

2. Գնահատվել են առանձին տեսակները, նրանց իրավիճակը, տարածվածությունը, ապրելավայրերը, սակայն չի գնահատվել հանքավայրի ազդեցությունը ընդհանուր կենսացենոզի վրա, ինչպես նաև ցիանիդի և ծանր մետաղներով հագեցած փոշու ազդեցությունը կենդանական և բուսական աշխարհի վրա:

3. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի կենսաբազմազանության պահպանման ծրագիրը հիմնականում վերաբերվում է բույսի մեկ տեսակի՝ Մատնունի ծիրանավոր և կենդանու մեկ տեսակի՝ Գորշ արջ: Մնացած ՀՀ կարմիր գրքերում գրանցված տեսակների համար պահպանության միջոցառումները հիմնականում սահմանափակվում են Ջերմուկ ազգային պարկի ստեղծումով:

4. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի կենսաբազմազանության փոխհատուցման ռազմավարությունը հիմնականում սահմանափակվում է Ջերմուկ ազգային պարկի ստեղծումով:

5. ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը, մասնավորապես «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածին, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17 և 18-րդ հոդվածներին, Բուսական աշխարհի մասին ՀՀ օրենքի 16 և 17-րդ հոդվածներին, քանզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ տեսակներ՝ գրանցված ՀՀ բույսերի և կենդանիների կարմիր գրքերում»:

Կարեն Մանվելյանի մասնագիտական եզրակացությունն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում