Մի թիթեռի պատմություն. գտե՛ք «նրանց» 20 րոպեում

«Իմ հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի մեջ ներգրավվել են և՛ ԳԱԱ, և՛ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ, և՛ ԲԸՏՄ Վայոց ձորի տեղամասի ղեկավարը, որը և հանդիսացել է ստուգումների գործընթացի ղեկավարը, ինչպես նաև ընդգրկվել են Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) աշխատակիցները հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի գլխավորությամբ, ենթադրյալ ոզնաթուփ մեխակի բույսը (Acantholimon caryophyllaceum Boiss) հայտնաբերած Անուշ Ներսեսյանը և Ապոլոն (Parnassius apollo) թիթեռը հայտնաբերած Վասիլ Անանյանը, ներգրավվել է նաև Մոսկվայի պետական համալսարանից փորձագետ Ալեքսանդր Դանչենկոն, որը Հայաստանի Բույսերի կարմիր գրքի թիթեռների բաժնի հեղինակն է և ունի 40 տարվա փորձ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նախարարն անդրադարձավ օրերս ԲԸՏՄ ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությանը. «Ներգրավել ենք կենսաբազմազանության ոլորտի տարբեր մասնագետների, ովքեր իրենց ուսումնասիրության արդյունքում բացահայտել են մեկ կարմիրգրքյան բուսատեսակ՝ ոզնաթուփ մեխակի և մեկ կենդանական աշխարհի ներկայացուցիչ՝ Ապոլոն տեսակի թիթեռ: Դա հայտնաբերվել է այն վայրում, որը պետք է ենթարկվի ընդերքօգտագործման, այսինքն՝ բուն բացահանքի տարածքում»:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան

Նշենք, որ ԲԸՏՄ տեսչական մարմնի ստուգումներում ներգրավվել են նաև Բնության համաշխարհային հիմնադրամի փորձագետներ՝ բուսաբան-կարգաբան Անուշ Ներսեսյանը, կենդանաբան Ալիկ Մալխասյանը և այլոք:

Նախարարը՝ խոսելով թիթեռի մասին, ասաց. «Խումբն ամսի 4-ին եղել է այդ վայրում, ուսումնասիրությունները կատարել են, բերել են արձանագրություն, որ այդ հատվածում չկա այն բույսը, որի վրա ձվադրում է այդ թիթեռը և չի կարող հանդիսանալ տվյալ վայրը թիթեռի բնադրավայր, բացի դրանից տրվել են այլ եզրակացություններ, որ խոնավությունը ևս բավարար չէ թիթեռի ապրելու համար: ԱԻՆ-ից վերցրել ենք գագաթում վերջին 5 տարիների ջերմային ֆոնի տվյալները և տվել ենք, որպեսզի ուսումնասիրեն՝ արդյո՞ք այդ ջերմաստիճանի պայմաններում թիթեռի ձվադրման համար բավարար կոմուլյատիվ ջերմաստիճանը կա և նույնպես բացասական եզրակացություն ենք ստացել: Այս բոլոր գիտնականների եզրակացությունները մեզ ներկայացվել է հաշվետվությունով, սա նախնական տեղեկատվություն է, որը մենք կփոխանցենք ԲԸՏՄ-ին: Ենթադրյալ ոզնաթուփ մեխակի բույսի մասով նույնպես ֆիքսվել է, որ բույսը նշված տեսակը չէ, սակայն այդ ընտանիքի պատկանող այլ բույսեր կան այդ տարածքում լայն տարածված, որը և ֆիքսվել է: Այդ բույսը կարմիրգրքյան բույս չէ:

Ոզնաթուփ մեխակի (Acantholimon caryophyllaceum Boiss)

Ըստ էության թիթեռ ոչ էլ հնարավոր էր այս սեզոնին գտնել, դա պետք է ֆիքսենք: Բայց պետք է լինի բույս, որից թիթեռներն օգտվում են, և եթե նույնսիկ բույսը կա, տերևները պետք է լինեն կերված, որպեսզի համարվի բույս, որի վրա թիթեռը ձևավորվելու է: Այս տեղեկավությունը, որը մենք ունենք այն է, որ բացառվել է բույսի առկայությունը»:

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ Կարմիր գրքում գրանցված կենդանու որևիցէ տարածքում լինելը «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածի հետ առնչություն, որպես այդպիսին, չունի: «Միայն եթե դա բնակատեղի է, ապա կարող է հանդիսանալ էկոլոգիական նոր ի հայտ եկած գործոն, քանի որ ըստ 26-րդ հոդվածի հայցվող տեղամասում արգելվում է թույլտվության տրամադրումը, եթե առկա է կարմիրգրքյան կենդանու ապրելավայր»:

«Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրք, հոդված 26. Ընդերքօգտագործման արգելումը

1. Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության, պատմամշակութային արժեքների կամ բնության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`

...

3) Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:

Նախարարը և մեկ անգամ է պնդում՝ չի հայտնաբերվել ոզնաթուփ մեխակի: Ըստ ԿԳ տվյալների՝ ոզնաթուփ մեխակի բույսը հայտնաբերվել է մինչև 40-ական թթ. Գնդեվազի տարածքներում, սակայն վերջին 70-80 տարիների ընթացքում երբևիցէ ոզնաթուփ մեխակի բույսը չի հայտնաբերվել:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց նաև WWF-Հայաստան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի հետ, ով նշեց, որ կատարված ուսումնասիրությունները ոչ բավարար են եղել: «Ընդամենը 20-25 րոպե ենք աշխատել այդ տարածքում ու հիմնականում այն մարդիկ էին, ովքեր ֆինանսավորվել են «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից: Սկզբում ասացին այլ տեսակ է՝ Ոզնաթուփ փշաբարձը (Թախտաջյանի), որը լայնորեն տարածված է, հետո նաև այլ տարբերակներ են եղել: Մարինա Հովհաննիսյանը (ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ) կասկածել է նաև, որ մեկ ուրիշ տեսակ է, որի մասին շատ քիչ տվյալներ են հավաքագրված: Տվյալ տեսակի մասին ԲՊՄՄ (IUCN) էլ նշում է, որ տվյալները շատ քիչ են (Data deficient), իսկ դա նշանակում է, որ եթե այդ տեսակն է, ուրեմն պետք է անպայման ԲՊՄՄ ստանդարտներով այդ տեսակն էլ պահպանվի մինչև բույսի պահպանման կարգավիճակը ճիշտ որոշվի: Այս ամենը նախնական է: Նույն Մարինան էլ առաջարկեց գալ մյուս տարի մայիս-հունիս ամիսներին, երբ ավելի հեշտ կլինի տեսակը որոշել, քանի որ արդեն այս սեզոնին այդքան լավ վիճակում չէ բույսը: Ու մենք դա ամրագրեցինք արձանագրության մեջ, որ այս ամենը լրացուցիչ ուսումնասիրություն է պահանջվում՝ մյուս տարի հունիս ամսին

Իսկ Լիդիանի ժողովուրդն ասաց, որ սա այդպես, թե այնպես իրենց թիրախային տարածքից դուրս է, այսինքն՝ իրենք այդտեղ ենթակառուցվածներ չունեն»,- մանրամասնեց նա:

WWF-Հայաստան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյան

Կարեն Մանվելյանի խոսքերով՝ Բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ Մարինա Հովհաննիսյանը նույնպես չի բացառել, որ տարածքում կարող է ոզնաթուփ մեխակի տեսակը հանդիպել և պետք է ուսումնասիրել տարածքը, սակայն դրա համար առավել նպատակահարմար և արդյունավետ ժամանակահատվածը հունիս ամիսն է: Եթե անհրաժեշտություն լինի Բնության համաշխարհային հիմնադրամը նմուշը կուղարկի նաև Գերմանիա ուսումնասիրման:

«Ինչը վերաբերում է թիթեռին. դե պարզ է, որ էլի ընկերության կողմից վճարված մարդիկ են բուսաբանության և կենդանաբանության ինստիտուտից՝ Մարկը Քալաշյան (ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտ, միջատաբան), Գեորգի Ֆայվուշը (ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ), Մարինա Հովհաննիսյանը, Անուշ Ներսեսյանն էր, ես ու ռուս գիտնականը՝ Ալեքսանդր Դաչենկոն: Դե վերջինս նրանց ընկերն է ու դեռ ներքևից էլ ասում էր՝ դա շատ բարձր է, իր տեղը չի: Համենայնդեպս, բարձրացանք վերև, ման եկանք մի քիչ, Դանչենկոն էլ կարծես ձևի համար նայեց, ման եկավ, ասեց՝ չէ իր տեղը չի: Առաջին բուսատեսակը, որից թրթուռներն օգտվում են, չկար, բայց երկրորդ տեսակը (երեքնուկ)՝ կար: Դա մենք տեսանք, ցույց տվեցինք, նկարեցինք:

Ապոլոն (Parnassius apollo)

Դանչենկոն ասում է՝ դե դա կարող է ուտեն, կարող է՝ չէ, իսկ թրթուռը երեքնուկից չի օգտվում, հետևաբար դա բնադրավայր չէ: Ասացի լավ, բայց ֆիքսենք մի բան՝ խումբը եկել է և այդ թիթեռն այստեղ հայտնաբերել են, ինչի հետ համաձայնվեցին: Հարցրեցի՝ բա ինչո՞ւ է եկել, ասացին՝ դե կարող է մեկ-մեկ գալ, օգտվել, գնալ: Ես հարցրեցի՝ այդ դեպքում սա ի՞նչ է՝ ապրելավայր է, թե՞ չէ, ասացին՝ սա չի համարվում ապրելավայր. իր ապրելավայրն այնտեղ է, որտեղ թիթեռը ձու է դնում, թրթուռն է մեծանում, իսկ այս տարածքից կարող է ուղղակի օգտվում է: Բայց մենք կարծում ենք, եթե կենդանին օգտվում է այդ տարածքից, ուրեմն դա էլ է ապրելավայր: Ընդամենը տերմինների խնդիր է: Մենք ֆիքսեցինք, որ այդ 2-րդ բույսը հայտնաբերել ենք, գումարած, երբ տեսչական ստուգումների ժամանակ մեր աշխատակիցները եղել են, իրենք թիթեռին նկարել են հենց երեքնուկի ծաղիկի վրա: Ապոլոն թիթեռն ուտում է երեքնուկ և գրականության մեջ էլ կա, որ կենդանին սնվում է երեքնուկի ծաղիկներով և ընդհանրապես մեղրատու ծաղիկներից օգտվում է: Այնպես որ, մենք համարում ենք, որ դա իր ապրելավայրն է: Դանչենկոն և Մարկը համարում են, որ չէ՝ բարձր է և այլն: Ալիկ Մալխասյանը թիթեռը նույնիսկ հայտնաբերել է 3000-3200 մետր բարձրության վրա: Դաչենկոն էլ առաջարկեց ավելի խորն ուսումնասիրություններ կատարել՝ և՛ ներքևի հատվածներն ուսումնասիրել, և՛ վերևի, բայց դա արդեն մյուս տարի»,- հայտնեց Կարեն Մանվելյանը:

Հատկանշական է, որ այսօր նախարար Էրիկ Գրիգորյանն իր խոսքում նշեց. «Հայաստանը լինելով կենսաբազմազանության առումով խիստ հարուստ ու կարևոր վայր աշխարհում, չի բացառվում, որ ամեն տարի որոշակի նոր տարածքներ կարող են հայտնաբերվել, որոշակի փոփոխություններ կարող են լինել: Այսինքն, սա ստատիկ վիճակ չէ, հնարավոր է նաև կլիմայական փոփոխությունների հետևանքով, ջերմային ֆոնի փոփոխության հետևանքով փոխվեն որոշակի կենդանիների կամ բույսերի արեալներ»:

Կարեն Մանվելյանն ընդգծեց, որ ուսումնասիրության համար անհրաժեշտ ժամանակ, տարածք և պայմաններ չեն տրամադրվել: «20 րոպեն շատ քիչ է և ընկերության աշխատակիցներն էլ ագրեսիվ էին տրամադրված: Արմեն Ստեփանյանի հետ մի քանի անգամ վիճեցինք: Մեզ տարել, կանգնացրել են հենց այդ տարածքի վրա ընդամենը 20 րոպեով, մի 15 րոպե էլ թիթեռի տեղն ենք կանգնել: Ասում էին՝ շուտ արեք, գնանք, ժամանակ չկա: Ես պնդեցի, որ գոնե այս 200 քմ պետք է նայենք, պատասխանեցին՝ ոչ, կորդինատները տվել եք, ասել եք այստեղ կա, տեսեք՝ չկա: Նույն Մարինա Հովհաննիսյանն էլ ասաց, որ մի քանի բույս նայելով չի լինի, միգուցե փնտրենք ու գտնենք: Դրա համար որոշեցինք, երբ բույսերն արտաքինից որոշելու համար ավելի լավ վիճակում կլինեն, կգանք լավ կուսումնասիրենք հաջորդ տարի հունիս ամսին, իսկ թիթեռի համար՝ հունիսից սկսած ցածր հատվածները, իսկ հուլիսին՝ վերևի»,- եզրափակեց Կ. Մանվելյանը:

 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում