Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը սկսվել է Արագածոտնի մարզից
![](https://econews.am/disk/14-08-18/63794fe44fb62da8ce7701281457da1f.jpg)
Հուլիսի 10-ին բնապահպանության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանում աստիճանաբար կնվազի, այնուհետև կարգելվի մեկ անգամյա օգտագործման պլաստիկի գործածությունը՝ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու և աղբի կառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով։
Մեկ անգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման ռազմավարությունը բաղկացած է 2 փուլից։ Առաջին փուլում համայնքի բնակչության մոտ նախատեսվում է ձևավորել «կանաչ մտածելակերպ» և գնահատել վարքագծի փոփոխությունը։ Արդյունավետության հիման վրա էլ գործընթացը կներառի մեկ մարզ և հետագայում կամփոփվի ամբողջ Հանրապետության տարածքում՝ մեկ անգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելմամբ։
Ռազմավարության երկրորդ փուլն իր մեջ ներառում է մեկ անգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և վերջնական արգելման համապատասխան իրավական ակտերի մշակումը։ Ռազմավարությունն իրականացվելու է պետական մակարդակով, որտեղ պետք է ցուցաբերվի համապարփակ մոտեցում, շարունակական աշխատանքներ և բանակցություններ մասնավոր և հանրային հատվածների հետ՝ առաջարկելով պլաստիկի համար այլընտրանք և մշակելով համապատասխան քաղաքականություն՝ ֆինանսական և տնտեսական իրագործելիությունը և կայունությունն ապահովելու համար։ Ռազմավարության երկրորդ փուլն ավելի հեռանկարային է և ընդգրկուն։
Ծրագրի շրջանակներում բնապահպանության նախարարությունը Թալինի քաղաքապետարան հետ համատեղ օգոստոսի 10-ին իրականացրեց առաջին հանրային լսումները, որոնց ներկա էին Թալին համայքի ավագանու անդամները, քաղաքացիները, ուսուցիչները, քաղաքապետարանի աշխատակիցները, մասնավոր հատվածի ներկայացուցիչները և այլն։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը` ով ներկայացրել է «Թալինի կանաչ քաղաքականության» ձևավորման ծրագրերը: Թալինն ունի բոլոր նախադրյալները կանաչ քաղաք դառնալու, միաժամանակ լուծելով իր համայնքում առկա սոցիալական խնդիրները»,- նշել է նախարարի առաջին տեղակալը։
Ուրախալի էր տեսնել Թալինի բնակչության ոգևորվածությունը և քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը այս կարևոր գործընթացն իրականացնելու հարցում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվելիք բնապահպանական ծրագրերը՝ առաջարկելով բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել համայնքային խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներին։
«Ուրբան» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Թուխիկյանը ներկայացրել է երկտեղ աղբարկղերի տեղադրման, պլաստիկ շշերի վերամշակման, ինչպես նաև Թալինի աղբավայրի ցանկապատման, վերանորոգման աշխատանքների փուլերը։
Շուրջ մեկ ժամ տևած հարց ու պատասխանով ամփոփվել է հանդիպումը՝ առաջիկայում գործնական քննարկման պայմանավորվածությամբ։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-11-22/64766c894269cb73bda90c5538df520a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/5f6e5889be760a439890126be6e8d0cf.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/27-09-22/dab2c98e135e8cf6c4b4578d5fd717cc.jpg&w=300&h=200)