«Խոսրովի անտառ» արգելոցը՝ ցավալի հրդեհից հետո. բնությունն ինքնավերականգնվում է (ֆոտոշարք)

Հունիսի 5-ը նշվում է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր (Բնապահպանի օր): Այս առթիվ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհից հետո վերականգնվող տարածքներ են այցելել Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Հակոբյանը, ինչպես նաև մի խումբ լրագրողներ և այլ հյուրեր: Այցելուներն ականատես եղան «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բնության հրաշք ինքնավերականգման համակարգի արդյունքներին: Հյուրերն այցելեցին նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի թանգարան, ինչպես նաև մասնակցեցին Բնապահպանի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Լրագրողների խումբը եղավ հրդեհից տուժած տարածքներում, որտեղ այս տարի արդեն ամբողջությամբ կանաչ էր, միայն մի քանի մոխրոտ գիհիներն էին հիշեցնում նախորդ տարվա խոշոր հրդեհի մասին: «Ամբողջը այրված է եղել, սևացած, հող ու փոշի: Ինչը որ հիմա ձեր աչքով տեսնում եք, վառված է եղել: Եվ այսօր տեսեք պատկերը, թե բնությունն ինչպես է վերականգնվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Հակոբյանը:

Կային նաև ծառեր, որոնց կեսն այրված էր, իսկ մյուս կեսը՝ կանաչ: «Միայն ցավ եմ ապրում գիհիների հետ կապված, որոնց վերկանգնվելու համար տասնամյակներ են հարկավոր: Շատերը պնդում էին, որ չի վերականգնվի, սակայն բարեբախտաբար հրդեհը ոչ մի արմատային վնաս չտվեց բուսականությանը»,- շարունակում է տնօրենը:
Հրաչյա Հակոբյանը նշում է, որ չնայած բնությունն ինքնավերականգնվում է, ամեն դեպքում, կարվեն նաև գիտական ուսումնասիրություններ և եթե կարիք լինի նաև գիտական միջամտություն, որպեսզի վերականգնման գործընթացը շարունակվի:
«Շատերը խոսում էին նաև կենդանական աշխարհին հասցված վնասի մասին, որ մի մասը վերացել է, այրվել է , փախել մտել է գյուղերը և այլն: Ասեմ, որ այդպիսի բան չկա, մենք անգամ այրված տարածքներում կենդանիների հետքեր ենք հայտնաբերել, կենդանիներ էլ ենք տեսել, մասնավորապես՝ արջեր»,- ասաց նա՝ շարունակելով,- «Տարածքը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է. մոտ 10 տոկոս կազմում են գիհիները, որոնք դեռ չեն վերականգնվել և երևի մոտ 2 տոկոս էլ ամբողջությամբ այրված ծառերն են: Վստահ, իմ հաշվարկներով, կարող եմ ասել, որ 80 տոկոսը վերականգնվել է»:

Նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում խոսեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի բացառիկ վայր լինելու մասին: «Խոսրովի անտառ արգելոցն աշխարհի բացառիկ վայրերից մեկն է: Իսկապես, սա աշխարհի կենսաբազմազանության առումով կարևորագույն վայրերից մեկն է: Աշխարհում կան մոտ 25 կենդաբազմազանական «hotspot»-ներ, որոնք կենսաբազմազանության բարձր խտություն ունեցող և միևնույն ժամանակ վտանգված տարածքներ են: Օրինակ՝ նման տարածք է նաև Մադագասկարը, իսկ Եվրոպայում կա երկու այդպիսի վայր, որից մեկը Կովկասն է, որի ամբողջ կենսաբազանության ավելի քան 50 տոկոսը կենտրոնացած է այստեղ: Այսինքն, մոտ 23 հազար հա տարածքի վրա կենտրոնացված է ամբողջ Կովկասի կենսաբազմազանության 50 տոկոսը: Սա բացառիկ վայր է և նշեմ, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը մենք չենք դիտարկում որպես ծանր, մասսայական էկոտուրիզմի վայր, այլ ավելի գիտական ճյուղին ուղղված, հետազոտական զբոսաշրջության վայր»,- մանրամասնեց նա:

Նախարարը նշեց, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ճանաչելիությունը պետք է բարձրացվի ամբողջ աշխարհում, ոչ միայն վերոնշյալ պատճառով, այլև տարածքը պաշտոնապես աշխարհի առաջին պահպանվող տարածքն է՝ ստեղծված դեռևս Խոսրով Կոտակի ժամանակներից. «Սա բացառիկ վայր է, և մենք այդ բացառիկությունը պետք է ընդգծենք ու պետք է փորձենք ներկայացնել աշխարհին առանց բացասական ազդեցություններ ունենալու էկոհամակարգի վրա»:

Էրիկ Գրիգորյանը նաև անդրադարձավ արգելոցում առկա առաջնային խնդիրներին, որոնք արագ լուծում են պահանջում. «Արգելոցում խնդիր կա քարտեզագրման և կադաստրային սեփականության իրավունք ստանալու հետ կապված: Այս պահի դրությամբ կադաստրի պետական կոմիտեի հետ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի միջոցով կդիտվի մեր տարածքները հստակ որոնք են: Նախատեսում ենք նաև քարտեզագրման աշխատանքներ իրականացնել, ստանալ կադաստրային սեփականության վկայականները ոչ միայն Խոսրովի մասով, այլև բոլոր պահպանվող տարածքների և անտառային ֆոնդի: Չեմ բացառում, որ միգուցե նաև կարիք լինի դատական գործընթացներ սկսելու, որովհետև մեր պահպանվող տարածքներում կան հողատարածքներ, որոնք սեփականության վկայական են ստացել:

Ե՛վ պահպանվող տարածքների, և՛ անտառային տարածքների համար սա առաջնային խնդիր է: Սահմանազատել, հստակեցնել, որպեսզի որևէ ոտնձգություններ այդ տարածքում չլինեն:

Սեփականության վկայականների ձևակերպումն առաջնային է ոչ միայն երրորդ անձի հետ կապված հարցեր, հավակնություններ չառաջանակու համար, այլև կան տարածքներ, որոնք կարող են հատվել հանքարդյունաբերական տարածքների հետ»:
Նախարարը նաև կոչ արեց քաղաքացիների ավելի հաճախ այցելել Հայաստանի գեղատեսիլ պահպանվող տարածքներ, ծանոթանալ Հայաստանի բնությանը և հասկանալ՝ ինչ հրաշալի երկրում են ապրում:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում