Էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ ենթակայության ներքո. Նիկոլ Փաշինյան

Հունիսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան նիստի օրակարգին անցնելը՝ ՀՀ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ «Ռենկո» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածությանը: «10 օր առաջ հանդիպում էի ունեցել «Ռենկո» ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր մտադիր էին Հայաստանում ջերմաէլեկտրակայան կառուցելու գործընթաց սկսել: Պայմանավորվածության համաձայն՝ արդարադատության նախարարությունը պետք է զբաղվեր այդ հարցով: Հիմա մենք մտահոգություն ունենք, որ կառավարությունն այս հարցում կոնկրետություն չի մտցնում, և մենք մեր պարտավորություններն ինչ-որ առումով չենք կատարում՝ չենք հստակեցնում մեր դիրքորոշումը»,-ասել է վարչապետը՝ դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

Նախարարը տեղեկացրել է, որ մի քանի պաշտոնական հանդիպում է ունեցել «Ռենկո» ընկերության ներկայացուցիչների հետ: «Պայմանագիրը հայերեն թարգմանված է և դրված է շրջանառության մեջ, մի քանի անգամ խորհրդակցություն է անցկացվել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ: Հանդիպումներ ենք ունեցել տարբեր հանձնաժողովների փորձագետների հետ և սպասում ենք նախարարության փորձագիտական եզրակացությանն այդ պայմանագրի կապակցությամբ»,-նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ եզրակացությունը կտրամադրվի երկուշաբթի օրը:

Վարչապետի խոսքով՝ քանի որ ներդրումային միջավայրը բարելավելու խնդիր կա, պետք է արագ գործել, որպեսզի մեր դիրքորոշումները հստակեցվեն և պոտենցիալ ներդրողներն իրենց անելիքն իմանան: «Հակառակ դեպքում ձգձգումը կարող է հակառակ տպավորությունը թողնել: Խնդրում եմ շատ արագ այդ խնդիրը լուծել և անձամբ ինձ զեկուցել դիրքորոշման և եզրակացության մասին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի խնդրին և երկու նկատառում հայտնել: «Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ կարծում ենք, որ էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ ենթակայության ներքո: Պետք է առաջիկայում շատ արագ որոշում կայացնենք էլցանցերի հետագա կառավարման մեթոդի մասին: Այս փուլում, կարծում եմ՝ պետք է վերջնական հայտարարություններ չանենք ընկերության կարգավիճակի մասին: Պետք է որոշենք՝ դա պետական կառավարման է մնում, թե, այնուամենայնիվ, որևէ մասնավոր կառավարման է հանձնվում: Իսկ այսօր կարող ենք շատ հստակ հայտարարել՝ բացառենք, որ այդ մասնավորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչություն ունեցող որևէ անհատ կամ ընկերություն, բացառենք, որ որևէ օՖշորային ընկերություն կարող է ներգրավված լինել այդտեղ, բաց, թափանցիկ, հրապարակային մրցույթում պետք է այդ ամենն արվի: Կա երկու նախապայման՝ օֆշոր չի լինելու և իշխանության հետ կապ ունեցող որևէ մարդ և ընկերություն չի լինելու դրա կառավարողը»,-նշել է կառավարության ղեկավարը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում