Բաց նամակ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին

«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին: Նամակում ասվում է.

«Հարգարժան պարոն նախարար,

Վերջին քսան տարիների ընթացքում Հրազդանի անտառտնտեսության հաշվեկշռում գտնվող հարյուրավոր հեկտար անտառներ՝ Ծաղկաձորում, Հանքավանում (Մարմարիկ գետի ողջ երկանքով) և Արզական-Աղվերան հատվածում, առանց լուրջ հիմնավորումների ու հասարակական լսումների, ստանալով այլ նշանակության հողատեսքի կարգավիճակ, օտարվել են անհատ քաղաքացիների:

Նման իրավիճակն աղճատել է անտառների ամբողջականությունը՝ բացասաբար անդրադառնալով անտառների պահպանության, խնամքի և զարգացման գործընթացների վրա:

Լուծված չէ անտառների տեր դարձած անհատների կողմից տվյալ անտառների պահպանության ու խնամքի գործում պատասխանատվության հարցը:

Շատ դեպքերում սակավանտառ Հայաստանի բնական անտառներն արդեն վերածվել են քաղաքաշինության ծավալման հարթակների:

Նշված տարածաշրջանը հանդիսանում է զբոսաշրջության ու հանգստի կազմակերպման կայացած միջավայր՝ ապահովելով հազարավոր աշխատատեղեր՝ բացառապես անտառապատ տարածքների շնորհիվ:

Ոչնչացնելով անտառները՝ մենք ոչ միայն լուրջ վնաս ենք հասցնում Հայաստանի բնությանն, այլև արգելակում ենք տարածաշրջանում արդեն կայացած զբոսաշրջային համակարգի զարգացմանը:

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ առաջարկում ենք մշակել գործուն մեխանիզմ՝ խնդիրն ուսումնասիրելու և հանիրավի օտարված անտառներն անտառային տնտեսության պետական համակարգ վերադարձնելու ուղղությամբ:

Չենք կասկածում, որ գործի կարևորության ընկալումը, երկրի ապագային միտված ողջամիտ կեցվածքն ու բարի կամքի առկայությունն, առաջին հայացքից բարդ թվացող սույն խնդրի լուծումը կդարձնեն միանգամայն հաղթահարելի :

Հետագա ոտնձգություններից անտառները պաշտպանելու ակնկալիքով՝ կարևոր է նաև նշված բոլոր անտառները ներառել ճշգրտման փուլում գտնվող Արզական - Մեղրաձոր -Մրգահովիտ պետական արգելավայրի տարածքի մեջ:

 

Մովսես Մանուկյան
«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում