Զանգակին ու Բամբակին կշարունակեն հետևել օնլայն ռեժիմով. քոթոթները վերադարձվեցին բնություն (տեսանյութ)
Երեկ՝ մայիսի 18-ին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) խնամակալության տակ գտնվող Զանգակ և Բամբակ արջերը վերադարձվեցին վայրի բնություն:
Մոտ մեկ տարի առաջ հիմնադարմի խնամակալությանը հանձնվեցին Լոռիում հայտնաբերված արջի քոթոթներ, որոնք մնացել են առանց մոր: Այժմ, մոտ 1.5 տարեկան արջերը վերադարձվել են վայրի բնություն: Հիմնադարմի ջանքերով Զանգակի ու Բամբակի հետ տարվեցին հատուկ աշխատանքներ, որոնց շնորհիվ կենդանիներն այսօր հանդիսանում են Հայաստանի կենսաբազմազանության լիարժեք միավորներ և կարող են ինքնուրույն հոգալ սեփական կարիքները:
Զանգակն ու Բամբակը՝ ուղիղ մեկ տարի առաջ
Այնուամենայնիվ, կենդանիները չիպավորված են և նրանց նկատմամբ իրականացվում է օնլայն վերահսկողություն: «Քոթոթների անվտանգությամբ պայմանավորված՝ չեմ կարող ասել, թե որտեղ են նրանք բաց թողնվել, բայց վստահեցնում եմ՝ բոլոր նորմերը պահպանվել են: Վզներին կան հատուկ վզնոցներ, որոնց շնորհիվ մենք կտեղեկանանք արջերի տեղաշարժի և որպիսության մասին՝ մինչև նրանք վերջնականապես կադապտացվեն իրենց կենսամիջավայրին»,- հայտնում է FPWC հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Վահագն Թևոսյանը: