Այլևս վայրի կենդանիներին անազատության մեջ պահելը հեշտ գործ չի լինելու. փոխնախարար

«Դեռևս 2015թ.-ին, երբ մենք ունեցանք Գյումրու կենդանաբանական այգու հայտնի դեպքերը, հանրային մեծ ալիք բարձրացավ և մենք սկսեցինք առանձնակի ուշադրությամբ զբաղվել այս խնդրով: Հենց այս ժամանակ հանրության լայն շերտերի, հիմնադրամի գործուն աջակցությամբ սկսվեց «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխությունների գործընթացը, որտեղ մենք մի շարք կարևորագույն կետեր ենք գրել, որ այլևս վայրի կենդանիներին պահելը հեշտ գործ չի լինելու: Լինելու է հատուկ թույլտվությամբ, լինելու են հատուկ պայմաններ, բոլոր դեպքերն առանձին հանձնաժողովով քննվելու են, ստեղծվելու է հատուկ դրամագլուխ, հատուկ ֆոնդ, որը չեզոքացնելու է ռիսկերը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը: 

Տեղի ունեցած քննարկման ժամանակ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրենը ներկայացրեց նաև Կովկասում միակ վայրի կենդանիների փրկարար կենտրոնը, որտեղ պահվում են այս տարվա ընթացքում մասնավոր տարածքներից տեղափոխված արջերի մի մասը, իսկ մյուս մասն էլ Երևանի կենդանաբանական այգում են: Վերջինս անդրադարձավ նաև կենդանիների վայրի բնություն վերադարձի հնարավորության մասին՝ առանձանցնելով Զանգակին ու Բամբակին: «Լոռու մարզի Բնապահպանական տեսչությունից հաղորդագրություն ստացանք, որ գտնվել են երկու արջի քոթոթներ առանց մոր հսկողության և երկար ժամեր սպասելոց հետո՝ համոզվելով, որ մայրն ուղղակի չկա, արջերին վերցրել են և հանձնել մեր պահպանմանը: Մեր՝ Կովկասում միակ վայրի կենդանիների փրկարար կենտրոնում, կարողացանք կազմակերպել այնպիսի պահպանություն, որ նրանք հեռու մնան մարդու աչքից, շփումից և կարողանան մեծանալ այնքան, որ վայրի բնության մեջ սնունդ հայթայթեն, որպեսզի ինքնուրույն վայրի բնության մեջ որպես կենսաբազմազանության միավորներ բաց թողնվեն և շարունակեն ապրել»,- մանրամասնեց Ռուբեն Խաչատրյանը: 

Զանգակ ու Բամբակ արջերը

Հանդիպմանը ներկա էր նաև Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպության գործադիր տնօրեն Ալան Նայթը, ով կարևորեց պետության հետ համագործակցությունը:

Խաչիկ Հակոբյանը նշեց, որ տարեցտարի այս համագործակցությունը պրոգրեսիվ աճ է արձանագրել: «Ուզում եմ փաստել, որ նախարարությույնը բոլոր մակարդակներում ներգրավված է այս գործընթացներում: Այլևս վայրի կենդանիներին պահելը հեշտ գործ չի լինելու: Լինելու է հատուկ թույլտվությամբ, լինելու են հատուկ պայմաններ, բոլոր դեպքերն առանձին հանձնաժողովով քննվելու են, ստեղծվելու է հատուկ դրամագլուխ, հատուկ ֆոնդ, որը չեզոքացնելու է ռիսկերը: Այն դեպքերում, երբ որոշ կենդանատեսակների համար կտրվի կիսազատ կամ անազատ պայմաններում պահելու թույլտվություն, ապա տիրոպետողները հատուկ վճարներ են իրականացնելու ֆոնդին, որը որևիցէ խնդրի առկայության դեպքում հոգ է տանելու այդ կենդանիների հետագա ճակատագրի մասին: Մենք այդ խնդիրը նաև Գյումրիում ունեցանք, սեփականատերը սնանկացել էր, պետությունը չուներ համապատասխան հատկացումներ և մենք ստիպված եղանք ապավինել հանրային աջակցությանը»,- մանրամասնեց նա:

Գյումրու կենդանաբանական այգու արջ

Ինչպես նշեց փոխնախարարը, նախորդ տարի Ալանը ուներ որոշակի թերահավատություն և արտահայտել է այն՝ ասելով, թե արդյո՞ք պետությունը լինելու է պրոյեկտի կողքին, արդյո՞ք մուտքագրված 80 արջերի մասով կարողանալու է հետևողական աշխատանք տանել: «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, նախարարության համար առաջնային է լինել հիմնադրամի կողքին և բոլոր այն տեղերը, որտեղ առաջանում են խնդիրներ աջակցել հիմնադրամին, համապատասխան աշխատանքներ տանել տարբեր սեփականատերերի, տիրապետողների հետ, որպեսզի նրանք կամովի հանձնեն անհամապատասխան պայմաններում պահվող արջերին: Այսօր 15 արջի մասով իրականացված է մեծ աշխատանք: Ես կարող եմ ասել, որ իրականացված այս կարևորագույն ծրագիրը նաև փոխել է մարդկանց մտածողությունը: Առաջին դեպքերում հակադրությունները լինում էին շատ ավելի մեծ, շատ ավելի բարդ, բայց կարծես թե տիրապետողները գնալով ավելի պատրաստակամ են դառնում կամովին հանձնելու այդ կենդանիներին»,- ասաց նա:

Խոսելով կենդանիների անազատ կամ կիսազատ պայմաններում պահելու երևույթի մասին, Ռուբեն Խաչատրյանը նշեց. «Մեր պաշտոնական կարծիքն այն է, որ բացի կենդանաբանական այգու ֆորմատից որևիցէ ուրիշ ձևաչափով կենդանիներին անազատության մեջ պահելու մենք կողմ չենք: Եվ ամեն ինչ անելու ենք, որպեսզի նման երևույթները Հայաստանում ուղղակի արմատախիլ արվի և անազատության մեջ գտնվող կենդանիները, որոնք հանդիսանում են դեսպաններ այն կենդանիների, որոնք ազատության մեջ են, միայն ծառայեն կրթության, որոշ դեպքերում նաև վերարտադրողական ու գիտական նպատակի»:

Ռուբեն Խաչատրյան, FPWC հիմնադրամի տնօրեն

Խոսելով «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների մասին, Խաչիկ Հակոբյանը նշեց. «Ըստ էության, օրենքը ներկայացված է Կառավարություն, օրենքը լրամշակված է, օրենքում մենք մի քանի հեղափոխական կետեր ենք մտցրել, որոնք բազմաշերտ քննարկումների պատճառ հանդիսացան: Ես վստահ եմ, որ առաջիկայում ԱԺ կփոխանցվի կառավարության կողմից օրենքը և ամենաուշն աշնան սկզբին օրենքը կյանքի կկոչվի»:

Վերջինս նաև նշեց, որ օրենքով նախատեսված են շատ խիստ տույժեր և տուգանքներ համապատասխան նորմերը խախտելու դեպքում:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում