Աբովյանում գայլին կապել են ծառին և տանջամահ արել (տեսանյութ)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:

Հայաստանում շարունակվում է դաժան վերաբերմունք դրսևորվել կենդանիների նկատմամբ: Այս անգամ ահազանգում է «Civil Voice» ՀԿ փորձագետ Սիլվա Ադամյանը՝ հրապարակելով տեսանյութ իր ֆեյսբուքյան էջում: Տեսանյութում, մասնավորապես, երևում է մահացած գայլի մարմինը: Սիլվա Ադամյանը տեսանյութում ցուցադրում է, որ կենդանուն հավանաբար կապել են ծառին, այնուհետև վնասվածքներ հասցրել, ինչի հետևանքով էլ գայլը մահացել է: Ինչպես մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց տիկին Ադամյանը, տեսանյութն արվել է մոտ մեկ շաբաթ առաջ Աբովյան քաղաքի աղբավայրի հարակից տարածքում, որտեղ նաև ծառահատումներ են իրականացվել: 

Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը մշտապես անդրադառնում է կենդանիների նկատմամբ դրսևորված դաժանության դեպքերին: Կրկին անգամ նշենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածում ասվում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: 

Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք սահմանող օրենքի անհրաժեշտության մասին բարձրաձայնում են թե՛ կենդանապաշտպանները, թե՛ համապատասխան մասնագետները, թե՛ ԶԼՄ-ները, սակայն որևէ քայլ այս ուղղությամբ դեռ չի արվում ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր մարմինների կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում