«Սևան» ազգային պարկի տնօրենի «անձնական» բիոզուգարանները. ինչ բացահայտումներ է արել Վերահսկիչ պալատը

Ինչպես տեղեկացրել ենք, վերջերս ՀՀ Վերաքննիչ պալատի կողմից հրապարակված ՀՀ ԲՆ «Սևանի ազգային պարկ» և «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր, ինչի հիման վրա էլ ՀՀ Դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Վերահսկիչ պալատի հաշվետվության մանրամասները ներկայացնենք հատվածներով: Նշենք, որ «Սևան» ազգային պարկի տնօրենը Վահե Գուլանյանն է, ում անունը մի քանի մասով շրջանառվում է ՎՊ հրապարակած հաշվետվությունում:

Մրցույթների վերաբերյալ

Ինչպես նշված է հաշվետվության մեջ. «2016 և 2017թթ. իրականացվել է 43.700 հազ. դրամի գիտական և անտառտնկման աշխատանքներ, որից 16.700 հազ. դրամը՝ «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ», 9.000 հազ. դրամը՝ «Բիոպրոեկտ», 15.000 հազ. դրամը՝ «Նաիրի-Նունե» ՍՊ Ընկերություների և 3.000 հազ. դրամը՝ «Կարեն Աղաբաբյան Էրնեստի» ԱՁ կողմից: Բոլոր դեպքերում մրցույթներն իրականացվել են պարզեցված ընթացակարգով, մասնակցել են միայն վերը նշված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերը, բոլոր մրցույթներին մասնակցել է մեկական կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն էլ հանդիսացել է մրցույթի հաղթող»:

Ստուգումների արդյունքում բացահատվել է, որ Ազգային պարկին ծառայություն մատուցող մի շարք ընկերություններ այս կամ այն կերպ կապված են տնօրեն Վահե Գուլանյանի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ: Այս պարագայում պարզ է, որ գործարքներն իրականացվել են շահերի ակնհայտ բախման առկայությամբ:

Հայտնաբերված բազմաթիվ չարաշահումների հետ մեկտեղ պարզվել է նաև, որ տնօրեն Վահե Գուլանյանը հետաքրքրված է «բիոզուգարանների» բիզնեսով:

Բիոզուգարանների վերաբերյալ

«Ազգային պարկի հաշվապահական հաշվեկշռի համաձայն, որպես հիմնական միջոց հաշվառված են 18 կառուցված և 12 բիոզուգարաններ: Զուգարանների փաստացի առկայության ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ 18 հատ կառուցված զուգարանները գտնվում են թիվ 1, 2 և 3 հանրային լողափերում, իսկ 12 հատ բիոզուգարաններն Ազգային պարկի պահեստում, սակայն պահեստում առկա էին ոչ ամբողջական զուգարաններ, այլ միայն զուգարանակոնքեր՝ առանց հիմնակմախքի: Հատկանշական է, որ Ազգային պարկի գլխամասի տարածքում առկա էին 12 հատ ամբողջական բիոզուգարաններ, որոնք ըստ Ազգային պարկի կողմից ներկայացված տեղեկության հանդիսանում են Ազգային պարկի տնօրենի անձնական գույքը: Հատկանշական է այն հանգամանքը, որ Ազգային պարկի տնօրենին անմիջականորեն փոխկապակցված անձին պատկանող ընկերությունն իրականացնում է նաև բիոզուգրանների վարձակալությամբ տրամադրման գործունեություն»,- ասված է ՎՊ հաշվետվության մեջ:

Թեև հաշվետվության մեջ նշված չէ բիոզուգարանների արժեքը, սակայն հասարակությունը չի մոռացել տարիներ առաջ Հայաստանում զբոսազրշության զարգացման համար պետական բյուջեի հաշվին գնված 170 հազ. դոլար արժողությամբ բիոզուգարանների մասին:

Հայտնաբերված չարաշահումների մանրամասները, ինչպես նաև գործին առընչվող այլ տեղեկություններ կներկայացնենք առաջիկայում:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում