Հավանական է՝ քոթոթի մորը սպանել են. Գյումրիում «ապօրինաբար» պահվող արջի քոթոթը տեղափոխվեց (ֆոտո)

Այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրու տներից մեկում ապօրինաբար պահվող արջի քոթոթը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որից հետո էլ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի:

Ինչպես մեզ հետ զրույցում /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը, այսօր արջին ինքնակամ բերել և հանձնել են տեսչական մարմնի համապատասխան բաժին: Կենդանուն հանձնող անձն իր ցուցմունքներում նշել է, թե գտել է արջին:

Ինչպես տեղեկացրել ենք, տեսչական մարմինն այժմ ապօրինի որսի հատկանիշներով նյութեր է նախապատրաստում դիմելու իրավապահ մարմիններին: «Ապօրինի որսի հատկանիշներով բնությանը հասցվել է խոշոր չափի վնաս»,- մանրամասնեց Վրույր Պեպանյանը:

Գործի հետագա ընթացքն իրականացվելու է համապատասխան իրավապահ մարմինների կողմից, ում տրամադրվելու է դեպքի մասին համապարփակ և ամբողջական տեղեկատվություն: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կհետևի գործի մանրամասներին և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ընթացքին:

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների, արջը վերցվել է վայրի բնությունից: Մասնավորապես՝ տրված բացատրության համաձայն, խոսքը գնում է Դիլիջան-Իջևան մայրուղու մասին: Սակայն, կասկածներ կան, որ այս դեպքը կապված է Հրազդանում տեղի ունեցած մայր արջի սպանության գործի հետ: 

Երևանի կենդանաբանական այգում քոթոթը կպահվի կարանտինային պայմաններում: Մեզ հետ զրույցում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանը նշեց, որ արջուկին այժմ հատուկ խնամք է հարկավոր: Քոթոթի վիճակի մասին դեռ վաղ է խոսելը: Կենդանին կպահվի կարանտինային պայմաններում մինչև մեծանալը: Ըստ Մանուկ Մանուկյանի, մյուս՝ հասուն արջերի հետ նույն վանդակում հայտնվելու դեպքում հնարավոր է քոթոթը վնասվի, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է սպասել մինչ մեծանալը:

Հիշեցնենք, որ Մանուկ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասել էր. «Պետք է նաև հասկանալ, թե կենդանին որտեղի՞ց է եկել: Եթե բնությունից է եկել և հիմա վերցնենք նրան, ապա հնարավոր է վերադարձնել: Հնարավոր է կենդանուն հետ տանել դեպի այն, որ մարդուց սկսի հեռու մնալ: Բայց դա էլ 100 տոկոսանոց չէ, դա ընթացքը ցույց կտա, նրա պահելաձևը: Ոչ մի վայրի կենդանու համար էլ լավ չէ մարդու հետ շփումը: Ոչ մի տարբերակով հնարավոր չէ ապացուցել, որ լավ է, ճիշտ է»:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում