Այն ամենը, ինչ մնաց Հրազդանի կենդանաբանական այգու արջից... (ֆոտո)

Թե որտե՞ղ են նախկին Հրազդանի կենդանաբանական այգում պահվող արջն ու մյուս կենդանիները EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից դեռ հունվար ամսին բարձրացված հարցը կարծես պատասխան է ստանում:

Գաղտնիք չէ, որ առցանց վաճառքի որոշ կայքերում բացահայտ վաճառվում են ողջ կենդանիներ, կենդանիների որոշ մասեր, ոսկորներ, մորթիներ և այլն ու այս գործընթացը դեռևս բացարձակ չի կարգավորվում ՀՀ օրենսդրությամբ: Մեր հետաքննության ընթացքում հայտնաբերեցինք արջի յուղ վաճառող օգտատիրոջ: Հետագա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վաճառողը Հրազդանի նախկին կենդանաբանական այգու տնօրեն Արմեն Ավետիսյանն է:

Հիշեցնենք, որ հունվար ամսին, երբ այցելեցինք արդեն փակված Հրազդանի կենդանաբանական այգի, տնօրենը մեզ հետ զրույցում հայտնեց, որ արջն ու մյուս բոլոր կենդանիները սատկել են: Ըստ Արմեն Ավետիսյանի՝ արջը սատկել է 2016թ.-ին, սակայն Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) նկարահանել է արջին 2017թ.-ի մայիս ամսին:

Առցանց վաճառքի նշված կայքի հայտարարության համաձայն, արջի փորի յուղն արժե 3000 դրամ, իսկ թաթինը՝ 5000 դրամ: Տեղեկությունը ճշտելու նպատակով, որպես պոտենցիալ «հաճախորդ» զանգահարեցինք նշված համարով, որն ի դեպ, հենց Արմեն Ավետիսյանի հեռախոսահամարն է: Մեր զանգին անձամբ պատասխանելով, վերջինս հավաստիացրեց՝ 100 տոկոս արջի յուղ է:

«Ես արջի յուղ ունեմ, բայց բժիշկ չեմ: Իմ փորձից ասեմ՝ ես խմել եմ արջի յուղ, բռոնխներին, թոքերին շատ լավ է: Ցավող տեղին քսում ես 7 անգամ, անցնում է ցավը: Ես ունեմ արջի փորի յուղ և ունեմ թաթի յուղ: Փորի յուղը շատ քիչ է մնացել: Ամենաուժեղ, բուժիչ, ամենաորակյալ յուղը թաթինն է»,- ասաց վաճառողը:

Արջի ծագման մասին մեր հարցին վերջինս պատասխանեց՝ իմ արջի յուղն է: Ըստ նրա, յուղն արդեն մոտ 2 տարի է, ինչ սառցարանում է: «Ինչքան ուզում ես, կարող ես պահել: Դնում ես մառազիլկա, մնում է: Երբ պետք է, հանում ես, հետ է գալիս, օգտագործում ես: Մոտավորապես երկրորդ տարին է մառազիլկայում դրված է»,- մանրամասնեց նա՝ պոտենցիալ «հաճախորդի» հետ զրույցում:

Փաստացի, կենդանու մարմինը շարունակվում է շահագործվել անգամ նրա մահվանից հետո: Չի կարելի հերքել նաև, որ այս բժշկություն կամ բիզնես կոչվածը կարող է դառնալ կենդանիների ոչ բնական մահվան պատճառ: Ի վերջո, այս արջի օրինակով կարող ենք ենթադրել նաև, թե իրականում ինչ է սպասվում մասնավոր տարածքներում պահվող արջերին և այլ կենդանիներին:

Խնդիրը ցավալի է նաև այլ տեսանկյունից. մարդկանց էկոգիտակցության բարձրացմանն ուղղված, կենդանիներին անազատ պայմաններում պահելու քաղաքականության դեմ տարվող հսկայական աշխատանքի հետ մեկտեղ, որոշ մարդիկ փորձում են համոզել, որ արջի յուղը «հրաշքներ է գործում»:

Նշենք, որ 21-րդ դարում «ավանդական» բժշության, հնուց եկած սովորույթների և հավատամքների հետևանքով ամբողջ աշխարհում բազմաթիվ կենդանիներ են սպանվում: Որոշ կենդանատեսակներ անգամ կանգնած են ոչնչացման վտանգի առջև: Ասիայում և զարգացվածության ավելի ցածր մակարդակ ունեցող երկրներում մինչ այսօր շարունակում են տանջել հսկայական քանակությամբ արջերի՝ նրանցից անհրաժեշտ կենսական նյութերը ստանալու համար:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում