Ընձուղտը վտանգված է. տեսակն առաջին անգամ հայտնվել է IUCN Կարմիր ցուցակում
Տարիներ շարունակ կենդանիների բնակավայրի ոչնչացման ու անկառավարելի որսագողության հետևանքով ընձուղտների քանակը կրճատվել է 30 տոկոսով: Նման կրճատման հետևանքով այս կենդանատեսակն առաջին անգամ դասվել է վտանգվածների շարքին:
Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN), որն աշխարհի մակարդակով կառավարում է վտանգված կենդանիների միջազգային ցուցակը (Կարմիր ցուցակ), օրերս հայտարարեց, որ փոխել է ընձուղտների դասիչը՝ «Քիչ մտահոգող տեսակից» դարձնելով «Վտանգված տեսակ»: Սա նշանակում է, որ կենդանատեսակի վայրի բնությունից վերանալու հնարավորությունը մեծանում է մոտակա ժամանակահատվածում, եթե չիրականացվեն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ: Այս դասիչին արդեն հաջորդում են գրեթե անհետացած կամ անհետացած կենդանատեսակները:
Փղերի և ռնգեղջյուրների տեսակներին սպառնացող վտանգները, դրանց թանկարժեք եղջյուրների անօրինական առևտուրը երկրորդ պլան է մղել ընձուղերի խնդիրը: Ինչպես տեղեկանում ենք «The Guardian»-ից, 31 տարվա ընթացքում ընձուղերի թիվը խոշոր անկում է ունեցել. 1985թ.-ի 157 000 առանձնյակից հասնելով 97 500-ի, վերջին հաշվարկների համաձայն:
Այս կենդանատեսակին հաճախ կարելի է հանդիպել սաֆարիներում, մեդիայում տարբեր հրապարակումներում և կենդանաբանական այգիներում, մինչդեռ ընձուղտների պոպուլյացիան լուռ ոչնչացման է ենթարկվում:
Կարելի է նշել ընձուղտերի վտանգման երկու հիմնական պատճառ. որսագողությունն ու մարդկանց կողմից նրանց բնակավայր ներխուժումը: Որսագողության խնդիրն ավելի ու ավելի բարդ է դառնում: Մարդիկ, հաճախ որսում են այս կենդանիներին միսը թանկ գնով վաճառելու նպատակով: Սակայն, որոշ փորձագետների պնդմամբ, ընձուղտները հիմնականում դառնում են որոշ ցեղերի ավանդույթների զոհ: Ընձուղտի պոչը ավանդական նշանակություն ունի որոշ ցեղերի համար՝ մասնավորապես այն կարողության խորհրդանիշ է և օգտագործվում է աղջկա հորից նրա ձեռքը խնդրելու ժամանակ:
Այս պարագայում ուշադրության և խնդրի երկրորդայնացման պակասը կարող է մեծ վտանգ հանդիսանալ տեսակի պահպանման դեպքում: Ոչ բավարար ուշադրության դեպքում մարդկությունը ևս մեկ անգամ կկանգնի կենդանատեսակի ոչնչացման փաստի առջև:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: