Աբովյանում նախկին ոստիկանի «հրահանգով» քարով խփել, սատկացրել են շանն ու նրա ձագերին
Հայաստանում թափառող կենդանիների անողոքաբար ոչնչացման պրակտիկան շարունակվում է արդիական մնալ: Եթե Երևան քաղաքում թափառող կենդանիների խնդիրը քիչ թե շատ վերահսկելի է, ապա մայրաքաղաքից դուրս՝ մարզերում, կենդանիների վրա շարունակում են կրակել օրը ցերեկով հասարակական վայրում զենքի կիրառմամբ:
Նման անմարդկային դաժանության ևս մեկ դրսևորման մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագրություն ահազանգել են Աբովյան քաղաքի մի քանի մտահոգ բնակիչներ: Պատմության կիզակետում օրենքի նախկին ներկայացուցիչ է՝ նախկին ոստիկան:
Լուսանկարը՝ Աբովյանում տեղի ունեցած այլ դեպքից:
«Մեր բակում մի փոքր շունիկ էր ապրում, բնակիչներն էլ կերակրում էին: Վերջերս ձագեր ունեցավ: Բակում նաև նախկին ոստիկան է ապրում ու իր աղջիկը իբր վախեցել է այդ փոքր շնիկից: Հայրը կանչել է քաղաքապետարանից մեկին, եկել են քարով խփել են շանը, սատկացրել են, գցել են պարկը և նույնը ձագերի հետ են արել: Իմացա, որ ձագերից մեկին հարևանները փրկել են, բայց նա խոստացել է նաև այդ ձագին սատկացնել»,- մեզ հետ զրույցում ասում է բնակիչներից մեկը:
Ըստ նրա, որոշ մարդկանց, որոնք փորձել են միջամտել, լռեցրել են ու սպառնացել: Մտահոգ բնակիչները նաև փորձել են քաղաքապետի հետ զրուցել, սակայն ժամեր շարունակ սպասելով նրան կարողացել են խոսել միայն օգնականի հետ:
Լուսանկարը՝ Աբովյանում տեղի ունեցած այլ դեպքից:
«Բնականաբար, իրենց վրա չեն վերցնում: Լսեցի նաև, որ հաջորդ օրը նույնատիպ միջադեպ տեղի է ունեցել նաև Աբովյանի այլ թաղամասում: Մեզ հայտնի դարձավ, որ դա անողը կոմունալ բաժնի աշխատակից է և արծաթագույն «Վոլցվագեն» է վարում»,- մանրամասնում է նա:
Մեր զրուցակիցը պնդում է, որ Աբովյան քաղաքում այսպիսի դեպքեր շատ են արձանագրվում: Անգամ վերացնում են ստերջացված շներին և դա նորմալ երևույթ է դիտարկվում այնտեղ:
Նշենք, որ Աբովյան համայնքի ղեկավարը Վահագն Գևորգյանն է, ով համարվում է Գագիկ Ծառուկյանի վստահելի անձանցից մեկը: Վերջինս քաղաքապետ է ընտրվել 2015թ.-ին:
«Pro Paws» (Փրո Փոուզ) միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության կրթական ծրագրի ղեկավար Կարինե Փանոսյանը մեզ հետ զրույցում մանրամասնում է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ երեխաների վրա նման տեսարանների ականատես լինելը:
«Պատկերացրեք, որ քաղաքում սպանվում է կենդանի, իսկ երեխան առավոտյան պետք է գնա դպրոց: Դուրս է գալիս տանից ու տեսնում է՝ դռան առջև սպանված շուն: Այդ երեխան ի՞նչ ապրումներ կունենա: Նրան մոտ կարող են հոգեբանականից հոգեկան խնդիրներ առաջ գալ: Երկրորդ՝ այդ երեխայի մոտ ձևավորվում է ագրեսիվ վերաբերմունք: Եթե նա տեսնում է արյունը և նա դա ծանր չի տանում և դա նույնիսկ դուր է գալիս երեխային, բնականաբար նրա մոտ էլ է ինչ-որ ագրեսիվ վերաբերմունք առաջանում: Այսինքն, դաստիարակչական տեսանկյունից և բարոյական տեսանկյունից սա լրջագույն խնդիր է: Մենք պետք է հասկանանք՝ ինչ եղանակով պետք է կազմակերպենք այդ գործընթացը. կենդանիներին որսալը, նրանց վնասազերծելը: Եթե նույնիսկ կենդանին վտանգավոր է և նրան հասարակության մեջ թողնել չի կարելի, ապա նրան պետք է քնեցնել: Այս ամենը պետք է կազմակերպել այնպես, որ երեխաները չտուժեն: Ի վերջո վաղը այդ երեխան քաղաքացի է դառնալու և ինչ հոգեբանությամբ երեխան պետք է մեծանա, եթե նա գիշերը լսում է կրակոց, շան վնգստոց, ցավագին ոռնոցներ և առավոտյան տեսնում է սպանված կենդանուն արյունախառն ընկած դռան առջև»,- ասում է նա:
Այսպիսի ահազանգեր պարբերաբար հնչում են Հայաստանի տարբեր բնակավայրերից, բայց կենդանասեր հասարակությունը շարունակում է պայքարել հանուն կենդանիների բարեկեցիկ ապագայի: